Որոնել

суббота, 15 декабря 2018 г.

Ուիլյամ Սթենլի Մերվին․ Այբուբեններից հետո

Ուիլյամ Սթենլի Մերվին (1927 Նյու-Յորք, ԱՄՆ)





















Այբուբեններից հետո

Ես փորձում եմ գաղտնազերծել միջատների լեզուն
նրանք ապագայի մակբայներն են
նրանց բառարանները բնութագրում են շենքերն իբրև սնունդ
նրանք ընդունակ են տալու մութ ջրերի և ծառերի մկանների մեկնությունը
նրանք կարող են փոխանցել այն ինչ անհայտ է իրենց
և այն ինչ հայտնի է հեռավորության վրա
և այն ինչի մասին չգիտի ոչ ոք
նրանք ունեն երաժշտությունը թաթերով ստեղծելու պատկերացումներ
նրանք կարող են հայտնել փոփոխությունների մասին երազում ինչպես մահերը
նրանք կարող են երգել թևերով
այս պատմիչները հենց սեփական նշանակությունն են
անսահման քերականության մեջ
նրանք ամբողջովին առանձնացող անդամներ են
նրանք երբեք կարևոր ու գլխավոր չեն
նրանք ամենն են

*

Միևնույն ժամանակ

Երբ մենք զրուցում ենք
հազար ձայն լսում է
ոչինչ չասելով

Երբ մենք փակում ենք դուռը
թռչունների երամները ճախրում են
անվերջանալի լույսի ձմեռների միջով

Երբ մակագրում ենք մեր անունները
մեր մասնիկներից ամենամեծը
ազատագրվում է

և երբեք չի արձագանքում

*

Մթնշաղները պաղ են
հիվանդացած են աստղերի
իրար հանդեպ չունեցած հավատով

*
Մարդը և տերևը՝ հոկտեմբերյան երեկոյում

Տերևները սևանում են
հազիվ թռչել սովորած
օրը նույնպես
բայց նախաիրիկնային քամին
անծանոթ ծառից
բերում է անսպասելի ուրախություն
մի՞թե ես քեզ արժանացել եմ

*
Դու չկաս
և դա ցնցել է իմ հոգին
խոցել
հատել
ինչպես թելն ասեղը
ինչ էլ ես անեմ
ասեղնագործված է 
գույնով հրաժեշտի


















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий