Որոնել

суббота, 1 декабря 2018 г.

Արմենուհի Դիլանյան․ բանաստեղծություններ

Արմենուհի Դիլանյան
















Տարիներ առաջ, երբ գրածներս տվեցի նրան,
- Դու ի՞նչ բանաստեղծ,- շշուկով ասաց,
- Բանաստեղծություն քո մասին պիտի, ախր, գրեին…
Այսօր հիշեցի բառերը նրա
Եվ ցավից, ցավից մի կուշտ լաց եղա…


*
Այդ խոստովանքը եղավ բաց դաշտում,
Երբ ուրցի բույրն էր խառնվել դաղձին,
Գժված տղային թողնելով շվար...
Հպարտ աղջիկը գնաց իր ճամփով...
Եվ լուսաբացին եղավ հեկեկոց, զսպված արցունք,
Ռունգերում բույր կար ուրցի ու դաղձի,
Իր քնքշանքն էլ, եթե խառնվեր տղայի սիրուն,
Անշուշտ, կբուրեր ուրցից ու դաղձից էլ ավելի սուր...
Այդ խոստովանքը եղավ բաց դաշտում,
Երբ ուրցի բույրն էր խառնվել դաղձին...


*

Մի շեկլիկ աղջիկ քեզ պարտք մնացի…
Երկար մազերով եղնաչ մի աղջիկ…
Մի՛ փակիր, բա'ց թող դուռը հնձանիդ,
Իրիկնաժամին, երբ գինովանաս,
Կաքավի նման ես թաքուն կգամ:
Մի քիչ կսիրեմ, մի քիչ կխանդեմ ու կխռովեմ…
Որ հաջորդ գիշեր էլի կարոտեմ ու կաքավանամ…
Իսկ որ մթի հետ հանկարծ չփախչեմ,
Կասես. <<Եսենին կարդա՞մ քեզ համար>>:


*
Այդպես հոգնած արի...
Լքված, մենակ արի.
Գինով, օրորվելով,
Հայհոյելով արի:
Արի՛, մի քար գտնենք
Նետենք բախտի դեմքին
Հետո՝ էլի խմենք...
Ու մոռանանք բախտին...


*
Իմ հեքիաթների ես յոթ խնձորի ակնկալիքով տուն-տեղ դրեցի,
Բայց ավանդական երեք խնձորն էլ բախտը զլացավ...
Կենա՛ցդ, ժլա՛տ...


*
Մի՛ նայիր ցավոտ մորմոքիս հիմա,
Ինձ զորեղ, զորեղ սիրով են սիրել…
Իմ սիրուց աշխարհն է խառնվել մի քիչ…
…Երբ հանկարծ փողոց եմ անցել,
Գիժ վարորդները երթևեկության կանոն են խախտել
Եվ լուսացույցի լույսի փոխարեն աչքերիս նայել…
Երակ են կտրել իմ սիրո համար…
Սրբություններ են ոտնատակ տվել…
Մեկի առաջին սերն եմ ես եղել, երբ հիսունն անց էր,
Մեկի վերջինը` մի մատ երեխա…
Մի՛ նայիր ցավոտ մորմոքիս հիմա,
Ինձ զորե՜ղ, զորե՜ղ սիրով են սիրել…


*
Մահվան շեմին կանգնած այս տերևի նման,
Հերթը ինձ էլ կգա…
Ես ափեափ լի սեր` հնազանդ ու հլու,
Այդ երբ հասցրեցի վայրի աղջիկ դառնալ,
Սիրի՛ր,շոյի՛ր դու ինձ և համբուրի՛ր զոռով…
Թո՛ղ սրիկա կոչեմ,թո՛ղ ապտակեմ ես քեզ,
Մահվան շեմին կանգնած այս տերևի նման,
Հերթը ինձ էլ կգա…


*

Հեռավոր գյուղում՝ ձորակի ափին,
Տատիս գոգնոցով սրբվող արցունքն էր Իմ մանկությունը...
Որն ամեն անգամ մտաբերելիս՝ աչքս եմ թացում...
Պապիս գերանդուց մազապուրծ եղած՝ այն թռչող լորն էր իմ մանկությունը,
Որի հետևից վազում էի ես՝ մի մատ երեխա հևիհև ընկած...
Բայց կորցնելով կապույտ երկնքում,
Լոկ ավեր բնին էի ծունկ իջնում...


*
Այս գիշերվա կեսին
Այգիդ կուզեմ, Դիլա՛ն,
Տե՛ս, աշուն է էլի...
Հին հուշերիդ չոր փայտերից
Բոց ես հանել երկինք...
Աչքդ հառել հեռու սարին,
Իսկ իմ աչքը` քո հնձանին...
Բաց ծնկներդ էլի,
Քաղցր խաղող ճմռիր...
Զառ մանդիլս կապեմ ես էլ,
Հուշիկ այգուդ դուռը բացեմ...
Կուզես, Դիլա՛ն, ինձ այսուհետ
Սոնա կանչիր...
Ու հնձանիդ դուռը փակիր...
Այգիդ կուզեմ, Դիլա՛ն...


*
Պատուհանիս տակ մի ամբողջ գիշեր
Անձրևն իր գործած մեղքերը լացեց ,
Մի ամբողջ գիշեր, ես ոտից գլուխ
մեղքի մեջ կորած,
Խոստովանաքույր եղա անձրևին…


*
Ադա'մ, նույնն ես դու մնացել...
Նույն դանդալոշն ես դու էլի...
Իսկ ես կրակ` անսանձ, վայրի,
Հրդեհս մեկ երկինք հասնում ...
Հետո իջնում ու շիջանում...
Ոչ ոք չկա, էլ ու՞մ վառել...
Ու փորձում եմ խոսել քեզ հետ...
Սուրճից, ցավից, հետո` գինուց ...
Ադամ նույնն ես, նույնն ես էլի ...
Քեզ ի՞նչ անշեջ բոցն հրդեհիս ...
Գնամ, տրվեմ Սատանային...


*
Ու թվում է` մի օր հարսնաշորը հագիս
Փախել եմ եկեղեցուց ինչ-որ հուսարի հետ.
Ի տրիտուր` մենությունն ինձ պատիժ…


*
Մեկը լիներ ինձ հորիներ այս գարշելի տաղտկությունից հեռու,
Առեղծվածի նման հետաքրքիր, կրքոտ, քնքուշ…
Ձիու նման թախծոտ, շան պես հավատարիմ…
Մեկը լիներ ինձ հորիներ իբրև կարմիր զատիկ…


*
Քո առավոտը, չէ՛,քեզ չի խաբել…
Իրոք,դավել եմ, դավել եմ ես քեզ…
Գինարբուք սարքել, քեֆի ենք նստել,
Խմել ու հարբել ենք մինչև լույս…
Խայամը, Եսենինն ու ես…
Իրոք, դավել եմ, դավել եմ ես քեզ…


*
Խելքս իմը չէ՝ վերնաշապիկդ հագնելու համար,
Երբ քնած ես դու , ոտնաթաթերիս ծայրերին գալիս
Ու քո ծխահոտ վերնաշապիկն եմ հագնում ամեն օր…
…եվ օրերն իմ խենթ նարինջ են բուրում ու կարմիր գինի...




Комментариев нет:

Отправить комментарий