Որոնել

вторник, 18 декабря 2018 г.

Գոհար Եղիազարյան․ «Քանի ուշ չէ, ասեմ․․․» գրքից

Գոհար Եղիազարյան (1969)

Ի սկզբանե

Մարդը մենակ էր, թախծում էր մարդը
Եվ եդեմի մեջ ասես չէր տեսնում
Ծիածանաթև դեղձանիկների,
Լոր ու տատրակի թռչնահանդեսը,
Իսկ Երկնավորը մտորում էր լուռ.
«Ի՞նչ անեմ հիմա, որ մարդ արարածն այդպես չտրտմի»։
Խո՜րը քուն տվեց իր ստեղծածին,
Մինչ կհնարեր անհնարինը,
Տեսավ՝ ունեցած կավը վատնել է լոկ մարդու վրա,
Տեսավ՝ չունի նյութ էլ արարելու
Եվ թաքուն մի ող հանեց դեռ քնած մարդու կողերից...
Սակայն մի ողից ինչպե՞ս ստեղծել այնպիսի էակ,
Որ մարդը մնար արմանք ու զարմանք.
Փշրեց ոսկորը ու խառնեց քնքշանք,
Որ աղվամազից վերցրեց իսկույն,
Առավ նազանքը ճոճվող ուռենու,
Որ լինի ճկուն,
Ավելացրեց տոկունությունը մամռապատ լեռան,
Որը չէր դողում քամիների դեմ,
Ծովից վերցրեց ջուր, անբարբառ ցասում,
Թևող կարապից՝ հավատարմություն,
Արևից՝ շողիկ, ծաղկից՝ մի ցողիկ,
Լուսնից էլ առավ սադափափոշին,
Աստղերից՝ մթում վառվելու գաղտնիք,
Անապատների անսանձ սամումից
Խառնեց խենթություն,
Վայելչությունը վերցրեց եղնիկի,
Արծաթ գետերից՝ կարկաչը վայրի,
Մի բուռ բարություն քերեց իր սրտից
Ու եդեմական նռնենիներից քամեց քաղցրություն,
Օձի ատամից կաթեցրեց նրա թույնը սպանիչ,
Աղվեսից առավ խորամանկություն,
Մկներից՝ կասկած,
Գինուց՝ արբեցում,
Արմատից ծառի՝ լուռ իմաստություն,
Նժույգի աչքից առավ թախծություն,
Երկյուղածություն՝ ճնճղուկի թևից,
Խառնեց լույս ու մութ, գաղտնապահություն,
Ամպից մի քուլա, երկնից մի հյուլե,
Երկու պտղունց հող
Ու լուռ շաղախեց,
Եվ այդ վայրկյանին Նրա քրտինքից
Մի կաթիլ կաթեց,
Եվ այդ վայրկյանին
Մի արցունք պոկվեց ուրախությունից,
Ցնծում էր Տերը. գտել էր հնար,
Ու մարդը պիտի չտրտմեր երբեք,
Եվ արարչագործ նրա մատների
Անդուլ տքնանքից
Լուռ ժպտաց կինը...
Սկզբում թվաց՝ կատարյալ է նա,
Բայց շա՜տ էր փխրուն,
Շատ էր ամոթխած,
Վայելուչ էր նա եղնիկի նման,
Երբ Երկնավորը իր ձեռքերի մեջ
Արարման պահին ցավեցրեց նրան,
Տեսավ՝ արտասվել գիտի, ու զղջաց...
Աչքերում տեսավ ցասումը ծովի
Եվ օձի լեղին,
Ողջ գիշերն ի լույս խորհելուց հետո առավ ափի մեջ
Եվ հասակն ի վար մաղեց օրհնություն
Ու հրաշակերտ լինելու համար
Կին-կողեղենին բաշխեց
ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ...

*

Շշնջացիր՝ ծաղկած նռնենու ես նման,
Շնկան հովը հետդ թաքուն խաղ է անում,
Շշնջացիր՝ դու ես սրտիս միակ հման,
Դու՝ իմ նռան ծաղիկ, քնքուշ ու թրթռուն։

Ես հևիհև էի, շիկնել էի անբառ,
Անզոր էի տենչող, այրող հայացքիդ դեմ,
Առաջին համբույրի շիրան առար-տարար,
Արև կար քո հոգում, աչքերիդ մեջ՝ եդեմ։

Շշնջացիր՝ շուրթդ արնանման գինի,
Նռնահամ էր, հոգի՛, տա՜ք էր գինու նման,
Ես վախվորած, ես խենթ, ասի՝ անուշ լինի,
Ու տաք արցունք կաթեց, կապեց լուռ ծիածան...

Նռնենի եմ հիմա՝աշնան քամուց քշված,
Բայց սրտաճաք նռներ չկան իմ ճյուղերին,
Չկան պուրպուրազարմ ծաղիկներս բացված,
Վաղորդայնի շաղն է բոսոր տերևներիս։

Իսկ արմատս, որ դեռ երազ ունի կապույտ,
Սե՜ր իմ, սուրբ սարսուռն է այսօր մտաբերել,
Օրերից մեր մսխած, օրերից մեր անփույթ
Նռնաբույր համբույրի շիկնանքն է մնացել...

*

Քոնն է իմ արյան խռովքը անբառ՝
Քներակիս մեջ հոսող այն երգը,
Որի անունը կարոտ եմ դրել,
Բառերը որի վաղուց հորինել, չեմ գրել սակայն...
(Թե թղթին տայի, գուցե ինձ մի օր կոչեին պոետ,
Գիտե՞ս, դժվար է դիմանալ նման գայթակղության)։
Ես այն երգում եմ, երբ շատ եմ տխուր
Ու շատ եմ մենակ, երբ անեզրության
Բոլոր աստղերը մարած են թվում,
Մթար երկնքում անհնարին է գտնել
Հետքն անգամ նորացող լուսնի,
Երբ բոլորովին քունս չի տանում։
Թե աչքերիս մեջ նայես այդ պահին
Ճերմակ կարապի թևեր կտեսնես,
Ճեփ-ճերմակ կարապ՝ պարանոցով սև,
Թեև քեզ պիտի տեսնեիր, սե՜ր իմ...
Իմ բիբերի մեջ հիմա զգում եմ թևաբախումը
Չքնաղ թռչունի,
Զգում եմ նաև, որ քնած չես դու,
Թեև գիշերը կիսվել է վաղուց,
Գուցե դու է՞լ ես մի երգ հորինում,
Մանոն Լեսկոյի՝ այն հավատարիմ աղջկա մասին,
Կամ էլ ինձ նման
Հի՜ն հորինածն ես դնդնում թաքուն...
Այնպես կուզեի ճեղքել խավարը,
Ճեղքել այս մութը, որ անգթորեն բաժանում է մեզ,
Այնպես կուզեի ունկիդ շշնջալ երգը կարոտիս,
Որ աղոթքի պես դողում է ճաքած շուրթերիս վրա,
Որ քիչ է մնում դառնա հանճարեղ բանաստեղծություն,
Բայց քո՛նն է մնում...
Թե մի օր հանկած իմ թաց աչքերում
Քո տեղակ գտնես թևող կարապներ,
Համբուրի՜ր, խենթ իմ, գուրգուրիր նրանց,
Ու մի՛ հարցրու՝ այդ ինչի՞ց է, որ
Ճերմակ հավքերը հաճախ ծնվում են
Պարանոցով սև...
Ոչինչ մի հարցրու...

*

Բույր կար, անուշ բույր կար նազելաշուք ծառի,
Բացվել էին փոքրիկ բողբոջները նրա,
Չգլորված արցունք՝ իմ աչքերում ծավի,
Շաղ կար, ոսկե շող կար եղրևանու վրա։

-Քոնն է,-շշնջացիր հայացքով մեղրածոր
Ու համբույրիս շիրան առար, տարար,
Իսկ ես՝ շփոթահար, ես թևածում էի,
Իմն էր երկինքն ամպոտ, ի՜մն էր աշխարհն արար։

Եվ ի՜մն էր սիրտը քո բույրով յասամանի,
Եվ քոնն էր հոգին իմ լցված սիրով վարար...
Օրվա տխուր վերջում ես հեռանում էի
Եվ փշրված էի, ափսոսանք ու ցավ կար։

Հիմա, քեզնից հեռու ու մահու չափ տխուր
Աստղերին եմ պատմում իմ կարոտը բեհեզ,
Աչքերիս մեջ ծաղկած յասաման կա մախմուր,
Հիմա ի՞նչ ես անում, սե՜ր իմ, հիմա ու՞ր ես...

Այդպես էլ չիմացար, որ ես հեռանալիս
Փոքրիկ ծվեն էի եղրևանուց պոկել,
Ափիս մեջ է հիմա, ու կարոտ եմ լալիս,
Քանի՜ տաք համբույր եմ գանգուր թերթին թողել...

Ու երբ մի օր քամու թևին փարված քեզ գամ՝
Մեղրագույն աչքերդ կրկին համբուրելու,
Ու երբ ծոցիս միջից ծաղիկն հանեմ, քեզ տամ,
Կգրկես ինձ, հոգի՜... ու չթողնես լալու...

*

Ծովն ինչքան էլ կապույտ լինի, վերում պարտք է երկնքին,
Հորն ինչքան էլ երկրպագեմ, ո՞վ էր քավողը մեղքի...

Հոգին անեզր է, անտարած, սի՜րտն ակնաղբյուրն է երգի,
Արտասուքի կեսը աղ է, բայց սփոփանքն է վերքի։

Ծառը փթթել, հարս է ճերմակ, փա՜ռք արմատի տքնանքին,
Ցավից մարմինն է ծվատվում, մինչդեռ թրծվում է հոգին։

Սահանքն ամպի զմայլում է՝ հավքն է զարդը երկնքի,
Ոսկի վանդակ արծվին թե տաս, նա գերին է ճախրանքի։

Վշտից պոետը երգ հյուսեց, մի՜ նախանձիր այդ փառքին,
Կսկիծն ո՞վ է գինով բուժել, չտրվես սին խաբկանքին։

Ճգնավորի ինչի՞ն է պետք շքեղ բուրվառը վանքի,
Սերն ինչքա՜ն էլ բաղձալի է, մա՛հն է կշեռքը կյանքի...

Աշխարհակալ Հույնը ասաց,-- ձեռքերս դուրս թաղեք ինձ.
Ոչինչ տարա այս աշխարհից՝ հայտնի լինի ամենքին...

*

Գազել

Կոկոն վարդի խորհուրդը՝ մեծ, բայց ես բացվածն եմ ուզում,
Անանուն, ալ ծաղիկների հողին կպածն եմ ուզում։

Աչքն ի՜նչ գույնի էլ որ լինի, հոգին է զարդը նրա,
Համր ու խոսուն իր հայելու խոնավացածն եմ ուզում։

Թագվոր լինի, թե նկարիչ, ջրհոս կամ էլ այծեղջյուր,
Բոլոր ասուն հոգիներից ես մարդացա՛ծն եմ ուզում։

Գլուխս թեք կրծքիդ վրա՝ վերծանեմ զարկը սրտիդ,
Սե՛ր, քո պատմած հեքիաթներից դեռ չավարտվածն եմ ուզում։

Ընկերներիս սիրտը՝ գավաթ, բառս կաթի հանց գինի,
Հեռու-մոտիկ նրանց հոգու քիչ գինովցածն եմ ուզում։

Քրոջ հոգին գետ կարկաչուն, չարած մեղքը կլվա,
Ծովն շտապող գետերի մեջ ափը քերծածն եմ ուզում։

Աշնան ծառը բոց ու բեհեզ, զարմանալի ու զարմանք,
Ծիծաղախիտ ծառերի մեջ գարնան գժվածն եմ ուզում։

Երկնքի ծովն ալեկոծ է, ու՜ր եք չվում, կարապնե՛ր,
Գլխապտույտ ձեր ճախրանքի օդում զույգվածն եմ ուզում։

Ու թե պիտի երգը բխի ակնաղբյուրից խենթ հոգու,
Նրա բոլոր վիճակներից սիրուց հարվածն եմ ուզում։

Մի օր պիտի հանգչեմ անհետ, ու չի փոխվի ո՛չ մի բան,
Թե կանձրևես վրաս, երկի՛նք, ծիածանվա՜ծն եմ ուզում...

*

Երբ հիշողության խանձված մոխիրից հառնի անցյալը՝
Սուր դաշույնի պես խորը խազելով պատերը հոգուդ,
Ու մութ սենյակում անիմաստ դառնա քո թաքուն լալը,
Կհասկանաս, որ ինքնաձաղկումից էլ չկա օգուտ։

Քո միջից հանկարծ աղավնիների երամ կպոկվի,
Եվ կթվա, թե թևավորները լքեցին հոգիդ,
Դատարկությունը կծվատի քեզ ու չի դարմանվի,
Նրանց թռիչքից ճերմակ փետուրներ կթափվեն գոգիդ...

Կվարգեն ձիեր՝ բաշերը ծածան ու խելակորույս,
Կրակ նժույգներ՝ աչքերում արև, անսանձ ու վայրի,
Կելնեն քո միջից՝ թողնելով հոգուդ քարանձավն անհույս,
Ցավն՝ անքուն մի բու, գիշերվա կեսին անվերջ կվայի։

Եվ երբ կթվա, թե արդեն չկա ոչ մի փրկություն,
Հոգին պատռված էլ չի կարկատվի, չկա բալասան,
Նժույգները խենթ անվերջ սուրում են դեպ անդարձություն,
Սուլի՛ր, եր՜գ սուլիր, ցա՜վ սուլիր, հետո դառը քրքջա...

Մի՛ մոռացիր, որ քո մեջ թաքնված արալեզներ կան,
Որոնք կլիզեն գիշեր ու ցերեկ արյունած հոգիդ,
Երամն ու սուրող խենթ երամակը, հարկավ, ետ կգան,
Արթնացրու՛ միայն , արթնացրու՛ քնած արալեզներիդ...

*

Ծերու՜կ, պատուհանիս հեքիաթ ես նկարել,
Հալվող, լացկան հեքիաթ՝ բյուրեղներով սառցե,
Թռչնի փետուրներ են՝ վրան ադամանդներ,
Աստղեր, լուսե աստղեր, ծաղիկներ են սառցե։

Ծերու՜կ, թաքուն գալիս ու գնում ես թաքուն,
Իմ դռնով անցնում ես, երբեք չե՜ս մտնում ներս,
Սպասել եմ քեզ այնքա՜ն գիշերներում անքուն,
Որ գտնես ու բերես կորած երազներս։

Ծերու՜կ, Հարդագողի ճամփեքով ես գալիս,
Պեգասիդ խրխինջը լսում եմ երազում,
Ճերմակ աստղափշուր ու լույս ես շաղ տալիս,
Ճեփ-ճերմակ մորուքդ քեզ այնպե՜ս է սազում։

Ծերու՜կ, բաց է դուռս, գալիս ես՝ ներս արի,
Արի՝ ներսի՜ց վրձնիր հեքիաթներդ բյուրեղ,
Թե չէ այս էլ քանի՜ երկար ու ձիգ տարի
Ապակի կա իմ ու հեքիաթների միջև...

*















Տուր դալկանույշ ձեռքդ՝ դնեմ մորմոք սրտիս,
Մատներով լուռ շոյիր խենթ տրոփը նրա,
Տե՛ս, իրար են խառնվել սեր, կարոտ ու կսկիծ,
Շաղ է իջել փակված թարթիչներիս վրա։
Տես, բացված երակ կա, մատով սեղմիր, հոգի՜,
ՈՒ մի հարցրու ոչինչ, ոչինչ մի հարցրու...
Դու չէիր նախատում, երբ ես դեռ փոքր էի,
Երբ վազելիս ընկնում, ու կակաչի թերթ էր
Բացվում իմ ծնկներին...
Դու մատներով բարակ ցաված տեղս շոյում,
Հետո փչում էիր կարմիր թերթի վրա,
Շուրթերով հով անում՝ հանկարծ չմրմռա...
Տե՛ս, սարերը հիմա ի՜նչ զմրուխտ են հագել,
Կարմիր խաշխաշներն էլ նրա քամարն են խաս,
Պախրան երգող գետում իրենով զմայլվել,
Լորը երգ է ասում՝ կգա՞ս, կգա՞ս, կգա՞ս...
Հիմա չեն արյունում վերքերը ծնկներիս,
Հիմա կակաչներ կան մարմաջ սրտիս վրա,
Տուր դալկանույշ ձեռքդ, մատներդ ցավամոք,
Փչի՜ր դողդոջ շուրթով
Ու հով արա, ՄԱՅՐԻ՜Կ...

 *

Հայրիկիս

Ազնիվս, թա՜նկս, անտեղիտալիս,
Ես սիրում եմ քեզ ինչպես ոչ մեկին,
Ինչպես ո՛չ մեկը,
Ու բառն ամենա թվում է հիմա փոքրի՜կ և անզոր,
Երբ ուզում եմ քեզ շշնջալ թաքուն՝
Դու՝ իմ ամենա՜...
Ասում են՝ իբր տարիների հետ խամրում է սերը,
--Սու՛տ է,--ես կասեմ,
Տարիների հետ լո՛կ պատկառանքն է բազմապատկվում,
Ու դու նման ես ա՛յն ոգելիցին, որն իր տակառում
Համը չի փոխում , փոքր-ինչ թանձրանում,
Թանկանում է շա՜տ ու կում անելիս
Անբառ, անմեկին գլխապտույտը հանում է վերև՝
Հանց փետուր թեթև...
Գինովցած եմ ես , վաղու՜ց կարոտի գավաթն եմ ըմպել,
Ու լռությունը հիմա անձկության մի ճիչ է ճեղքում,
Եվ թվում է ինձ, թե դու լսում ես զա՛րկը իմ սրտի,
Եվ վերծանում ես բառերս չասված, խոստովանանքս,
Չ՞է որ մենք հաճախ առանց խոսքի ենք հասկանում իրար,
Ու հեռուն երբեք չի խոչընդոտել, որ սերդ զգամ,
Հոգնած գլուխս դնեմ քո՛ ուսին, անգամ երբ չկաս
Ու ինձ աշխարհի տիրակալ զգամ...
Լսու՞մ ես, ՀԱՅՐԻ՜Կ, իսկ ես լսում եմ
Խոնավ բիբերի թրթռոցը քո,
Եվ ինչպես երբե՛ք ուզում եմ ասել՝
Շնորհակալ եմ ես, որ ի՛մն ես այնպես
Ինչպես ոչ մեկին, ազնիվս, թա՜նկս,
ԱՆ-ՏԵՂԻՏԱԼԻՍ...

*

Որդուս

Ես Մարիամ չեմ, չէ՛, բայց դու ինձ համար
Հիսուս ես , ՈՐԴԻ՛Ս,
Քեզ հետ կքայլեմ ծովի վրայով ու չեմ վախենա,
Թե հորձանուտը ինձ իր մեջ առնի,
Ալիքին կասես՝ կանգ առ, ու ծովը խոսքդ կլսի,
Անապատի մեջ կգտնես զուլալ, քչքչան աղբյուր՝
Պապակ շուրթերս թրջելու համար,
Ու թե պետք լինի անցնել իր ափը քանդող խենթ գետը,
Որ անկամուրջ է,
Կասես՝ աչքերդ փակիր, խնդրում եմ,
Ու պղնձաջիլ բազուկներիդ մեջ առած կտանես՝
Պոկելով չքնաղ կոկոն լոտոսը,
Որ բույրն իմ ծոցում թողնելով բացվի,
Թե Հարդագողի ուղին երազեմ,
Դու ինձ կտանես ճամփեքով անհայտ՝
Աստղափշուրներ փռած ոտքիս տակ,
Ձեռքդ կդնես տրոփող սրտիս, թե հանկարծ ցավի,
Ու կշուլալես, ու կշուլալես ճաք տված հոգիս,
Որ չարնի՛, չարնի...
Բոլոր մեղքերս դու լվացել ես աչքերիդ ծովից
Առաջին անգամ կաթող արցունքով,
Ճիչով առաջին,
Թողություն տվել մի հատիկ բառով,
Որ չի հնանում՝ թանկն է ամենա,
(Որ ամեն անգամ ասես լսում եմ առաջին անգամ,
Երբ շուրթերից քո հնչում է՝ ՄԱ-ՄԱ)...
Ես կգամ քեզ հետ, ուր էլ որ տանես,
Ու մանկան նման կբռնեմ ձեռքդ,
Ինչպես դու էիր փոքրիկ թաթիկով մատներս բռնում,
Ես կգամ քեզ հետ ու չեմ հարցնի՝
Ու՞ր ես ինձ տանում...
Եվ այս ամենի համար քեզ ի՞նչ տամ,
Սիրտն ի՞նչ է, եթե ասեմ՝ քո՛նն է, ա՛ռ,
Կյանքն ի՜նչ է, չէ՞ որ լոկ մի՛ կյանք ունեմ,
Քեզ հարյուրն էլ տամ ու մատաղ անեմ,
Հազա՛րն էլ քիչ է...
Ես Մարիամ չեմ, չէ՛, բայց ամեն անգամ
Հիսուսի նման,
Փրկամակույկ ես նետում ինձ թաքուն,
Կամ փրկապարան,
Երբ ծովն իմ կյանքի շատ է փոթորկվում,
Ու ժպտու՜մ ես լուռ,
Հիսուսի նման...

 *

Ասել է, թե զորավոր է աղոթքը մոր,
Սուրբ օրհնանքը պաշտպանում է չար բաներից,
Իսկ սի՞րտը մոր...
Քեզ տամ, մա՜նչս, որ սիրում է քուն թե արթուն,
Գիշեր ու զօր,
Պարտք եմ քանզի...շնորհապարտ...
Եվ քեզ համար սիրտն ի՜նչ է մի...

Կուզես՝ պահպանիր հանց նշխարատուփ,
Որտեղից պիտի ամեն առավոտ ոտնահետքերիդ
Սաղմոսներ տեղա,
Կուզես՝ դեն նետիր,
Կուզես՝ մոռացի՜ր, մի գթա՝ կուզես,
Ու թե տրոփը քեզ զարթուցիչի մի տիկ-տակ թվա, թվա օտար է,
Ուրիշ անուն տուր, դիր ու կարկատիր մարմնի մեջ ուրի՜շ...
Չէ՞ որ կարող ես և շատ անգամ ես թելերով անտես
Ու մատներով վարժ սիրտս շուլալել։
Շփոթահա՜ր եմ ու չգիտեմ, թե ե՞ս եմ կյանք բաշխել,
Թե՞ դու ես արդեն ո՜րերորդ անգամ ինձ կյանք պարգևում...
Մի սիրտն ի՜նչ է որ, թող քոնը լինի,
Ի՜նչ կուզես, արա,
Կուզես, թող ձեռքում քո առաջնեկի խաղալիք լինի,
Չեմ նեղանա, չէ՛, թող գետին ընկնի,
Երեխաները սիրում են փշրել խաղալիքները,
Հետո լաց լինել ...
Դու կհավաքես փշրանքը սրտիս,
Ու թե մի բեկոր կմնա պակաս,
Ոչինչ չի փոխվի,
Կիսատ-պռատ էլ օրհնանք կտեղա քո հասակն ի վար,
Կիսատ սրտով էլ կմրմնջա, որ
Իմ երազները էլ չեն դեգերում
Գեղմերում ամպի, երկինքներում մառ,
Խորանից հոգուս մասունք առ մասունք
Պոկված մեղեդին քո մեջ է թաքուն
Հանգրվան գտնում,
Նշխարատու՜նս, երգեհոնային երգը երգերիս,
Որ չի մեկնվում, չի սրբագրվում
Իբրև հանճարեղ մի արարչություն...

*
 Шагане, ты моя Шагане!

Քո անունը հիմա դողում է շուրթերիս,
Ինչպես վաղորդայնի շաղը ծաղկի վրա,
Ինչպես եթերներում կաթիլն հորդ անձրևի
Զարնվելուց առաջ ցամաք գետնի վրա...
Քո անունը դաջված իմ սրտի պատերին,
Ինչպես հնում մարդիկ սիրո երդում տալիս՝
Աննկատ ու թաքուն խազում էին իրար,
Եվ իրենք գիտեին տեղերը խազերի,
Եվ չգիտեր ոչ-ոք...
Քո անունը, ՔՈՒ՜ՅՐ ԻՄ...
Թե պոետ լինեի Եսենինի նման
Կգրեի մի երգ, որ հավերժում մնար,
Հոգիս կդնեի այդ երգի մեջ,
Կպատմեի սիրով այն աղջկա մասին,
Ում տրոփը սրտի հարազա՜տ է այնքան,
Ում թևերով հաճախ Հարդագող եմ հասել,
Ում աչքերի ծովում կրակներ կան վառման,
Ու հայելին հոգու ինձ ինչե՜ր է ասել,
Ով բաշխում է սակայն չի՛ վերցնում ոչինչ,
Ում գրկի մեջ հաճախ հոգոցներս եմ թողել,
Թաքուն թողել սիրտս ու էլ ոչի՜նչ, ոչի՜նչ...
Ով մեծանում, մինչդեռ երբեք չի՛ ծերանում,
Լուսակաթ, լուսահեղ, լուսացնցուղ,
Իմաստնացել, սակայն դեռ մանու՜կ է մնում,
Մի խաղալիք սրտով լուռ ժպտացող...
Բայց պոետ չեմ, հոգի՜,
Պոետները հարյուր տարին մեկ են ծնվում,
Իսկ ես՝ քամուց քշված, քամու բերանն ընկած,
Սիրտ-կարոտի ժամին դարձած անգո, անէ,
Շուրթով ԲԱՆԱՍՏԵՂԾԻ քո անունն եմ շրշում՝
Շահանե՜, իմ անու՜շ Շահանե...

*

Քրոջս՝ ԳԱՅԱՆԵԻՆ

Թե հնար լիներ կտավի վրա պատկերել հոգիդ,
Կնկարեի մի ալպիական քնքուշ մանուշակ,
Վաղորդայնի շաղ՝ լուռ ծիածանված բացված թերթերին,
Կհմայվեին, բայց ինձ ոչ մեկը ճիշտ չէր հասկանա...

Կամ գուցե մի ծո՞վ վրձնեի խայտուն, անհուն ու կապույտ՝
Վերևում չքնաղ լիալուսինը՝ գանձերն հատակում,
Որտեղ աստղեր են կաթել գիշերով՝ հեքիաթներ պուտ-պուտ,
Ուր փերիները ջրերի վրա երգեր են երգում։

Գուցե մի տավի՞ղ նկարեի ես լարերով ոսկի,
Որին դիպչողը պիտի արբենար ձայնով դյութական,
Ու կռահեին, ու հասկանային ինձ առանց խոսքի,
Նայողի հոգում մի ձոներգ հնչեր, շքեղ շարական։

Ճերմակ կարապն էլ կապույտ երկնքում՝ թևերն ալեբախ,
Որ թևագիրը թողնում է ամպի գանգուր գեղմերում,
Հավատարմության, կյանքի դաս տալիս... ու հետո ավա՜ղ...
Չքնա՜չ է, այո՛, բայց հոգին այդպես ո՞վ է պատկերում։

Ի՜նչ էլ նկարեմ, ինչպե՜ս էլ վրձնեմ թվում է կիսատ,
Հարկն է երևի գնել մի կտավ՝ ճեփ-ճերմակ, մաքուր
Ու քեզ նկարել թափանցիկ քողով, որ սազում է շատ,
Դու ոտքից գլուխ հոգի ես, հոգի՜ս, ու խիղճ ես դու, ՔՈՒ՜ՅՐ...



Комментариев нет:

Отправить комментарий