Որոնել

пятница, 21 декабря 2018 г.

Արմենուհի Սիսյան․ բանաստեղծություններ


Արմենուհի Սիսյան 






















Ու թե հաջողվի փախչել
ինձ հետապնդող ժամանակի վազքից,
կգնամ բանաստեղծություն հավաքելու
այնտեղ, ուր ծառերը ծաղկել
ու ինձ են սպասում…
(այսքան շատ բանաստեղծությու՛ն…)

*


Այն բոլոր օրերի համար,
որոնց ես չեմ տեսնելու,
այսօր կսիրեմ քեզ, օ՛ր,
կփայփայեմ իմ ձեռքերում,
կհամբուրեմ վարից վերև,
կջերմացնեմ քեզ իմ գրկում,
որ շունչս տաք` խոսքեր հագած,
հասցնես նրանց
ու մինչ բարի ճամփա կընկնես,
արի սիրեմ քեզ, օ՛ր,
այն օրերի համար բոլոր,
որոնց ես չեմ տեսնելու…

*


Երբ սերը քանդեց բոլոր արգելքները
երեկվա ու վաղվա միջև,
մնաց ամենամեծ պատնեշը`
այսօրը.
դու չկաս այնտեղ…

*


Մատներիս միջև սառչում է հիշողությունը,
սառչում են աչքերս,
ու թռչունները ճարահատ
չվում են տաք տարածքներ:
Քամիների հաղթանակն է
և ոչ սրտի,
որ այտերս չեն շառագունի
ջերմության հուշից:
Բառերս հետևում են թռչուններին.
նրանք հանգրվանում են այնտեղ,
ուր բանաստեղծությունն է…

*


Ափսոսանքս շաղ տամ դաշտերին՝
ինձնից կծլեն այստեղ-այնտեղ,
որ մենությունից թոշնեն,
իսկ բուրմունքը երկինք հասնի…
ծաղկի ու երկնքի միջև
հավերժ սպասում կա՝
բուրմունքի ձևով…

*

Ես երբեք դատարկ ձեռքով
չեկա քեզ մոտ.
մի կտոր երկինք
միշտ եղել է հետս…

*

Ու ամեն անգամ
երազանքից արթնանալով՝
ես մահանում եմ…
հիմա գիտեմ՝
ինչու են աչքերը բաց մեռնում:

*

Երբ հավատս ծաղկի,
գարուն կգա
ու կճերմակեն ծառերը
հավատի գույնով
ու որքան շատ հավատ,
այնքան շատ ծաղիկ,
ու հավատից կյանքը կկանաչի
ծառերի վրա…
հոգուս մեջ կպահեմ գույնը հավատի,
որ ծառերն ապրեն…


*

Կարոտի տեսիլներ

Ձայն I

Իմ կարոտը մթի մեջ լույսի պատկերը տեսնելն է
Ու անտես եթերը շոյելը…
Իմ կարոտը ճերմակ ամպերի հետ ճախրելն է
Ու ամպերին ընկերակցելը...
Իմ կարոտը երազի երամին ուղեկցել է
Ու կապույտի անհունին ձուլվելը
Իմ կարոտը երկինքը ծաղկեցնել է
Ու սիրտս առանց քեզ ապրեցնելը

Ձայն II

Իմ կարոտը երկնավես սարերի աղոթքն է
Ու սառցալեռների հալոցքը
իմ կարոտը հոգուս ճախրանքն է,
Ու մտքիս ծփանքը
Իմ կարոտը ծովի խորքերին աչքերիս ծարավն է,
Խոսքիդ ջրվեժի բուռն վարարը
Լռության ճիչն ու քայլքիս թռիչքն է,
Ծովերի հառաչն ու իմ խա՜չն է իմ կարոտը...

Ձայն III

Իմ կարոտը հորդում Է ջրվեժներից
Ու խառնվում կրքի տարերքին,
Իմ կարոտը բխում Է ակունքներից
Ու զուլալվում վճիտ աղբյուրներում…

Իմ կարոտը հույզերիս շիկնանքն է,
Որ բոսորվում է մայրամուտի երեսին,
Իմ կարոտը քնքշանքիս ծփանքն է,
Որ գալարվում է բիլ ալիքներին...

Ձայն IV

Իմ կարոտը սոսափում է արձակ դաշտերում,
Ալիքների մեջ է շառաչում,
Շաչում, զարկվում է քարերին
Ու ճայերի թևին ճիչ դառնում...

Իմ կարոտը դողդոջ է ծովի երեսին
Բեկբեկվող հույսի ալիքով,
Բողբոջ է մատղաշ ծառերի,
Որոնք կարոտից շուտով կծաղկեն…

Իմ կարոտը հա՜շտ ճախրանքն է երամի,
Որ թևում է հոգուս կանչով,
Խոր հայացքն է հեռուների,
Որ չունի՜ տեղ հանգրվանող...

Ձայն V

Սրտիս դողն է, հուշիս հովն է,
խոսքիդ ծովն է իմ կարոտը,
Հույզերիս խռովքը, սլացքիս ցնորքը,
ծաղկունքի տրոփն է իմ կարոտը,
Լռության երգն է, փնտրումիս հետքն է,
սպասումիս հևքն է իմ կարոտը,
Ծաղկունքի հանդերձը, օվկիանի անվերջը,
անեղծ ապրումս է իմ կարոտը,
Անձրևի տարփանքն է, ալիքի ծփանքն է,
հեռվիդ թովչա՜նքն է իմ կարոտը...

Ձայն VI

Իմ կարոտից շառագունել է
մայրամուտը՝ ծովի երեսիս
Ու իր ցոլանքն է շոյում
շքեղ ալիքների այտերին...
Սակայն ինչո՞ւ շիկնեցի,
Երբ նայեցի մայրամուտին...

Ձայն VII

Իմ կարոտի շնչից ծովն է ալիքվում,
Սով երկինքն է շնչում բույրը կարոտի,
Իմ կարոտի շնչից երկի՜նքն է բացվում,
Նոր ծփանքներ ծնում ծովը կարոտի...

Ձայն VIII

Իմ կարոտի հևքից երկինքն է ծաղկում,
Բալենին է հագնում ճերմակ հանդերձներ…
Իմ կարոտի կանչից ծովերն են բացվում,
Ծնում կարոտի շքեղ ալիքներ...

*

«Շվեյցարական նոթատետր»-ից

Կամուրջները նրա համար են,
որ միավորեն մարդկանց:
Ես դանդաղ քայլում եմ Մոնբլան կամրջով
ու փորձում հիշել, թե այդ երբ ստեղծվեց
կամրջի անհրաժեշտությունը մեր միջև:
Լեմանն ի պատասխան իր ալիքներն է թոթվում
ու ակնարկում, որ սա աշխարհի
ամենախաղաղ երկիրն է,
ամենափոքրը մեծ քաղաքներից,
ու դիմացիս մեծ ժամացույցը
ծաղիկներով է ժամը հուշում,
թե հարցնեն՝ ժամը քանի՞սն է,
կասեմ՝ ծաղկանց ծաղիկ րոպե,
ու ժամանակը կբուրի ծաղիկներով…

Չեմ շտապում քայլել կամուրջի վրայով՝
հուսով, որ հետզհետե կծաղկեն ժամերս,
չեմ վախենում կորչել այս քաղաքում
ոչ թե, որ աշխարհի ամենաապահով քաղաքն է,
այլ որովհետև թողել եմ ինձ տողերիս,
էջերիս արանքներում,
ուր ապահովն է ամենա,
ու թե հավաքեմ ինձ տողերիս միջից,
գուցե շտապեմ քայլել առաջ…
Կամուրջները նրա՞ համար են,
որ միավորեն…

*

ժնև: Լեման: Նավահանգիստ:
Երկինք խաղաղ:
Ես բերել եմ հեռուները.
ծանր է բեռը:
Դու կարծում ես՝ ես հեռո՞ւ եմ.
բոլորովի՛ն.
ահա իմ բեռը, ահա և ես:
Բայց՝ ոչ. չեզոք երկիր է սա.
կթողնեմ այստեղ իմ բեռը՝
չեզոք երկրում չեզոքանա:
Նավահանգիստ: Լեման: Ժնև:
Խաղաղ երկինք:
Ահա և վերջ:

*

Առավոտյան, երբ մարդ չկար,
շուրջս նայեցի գաղտագողի,
խոնարհվեցի, համբուրեցի վարդին,
բայց բռնացրեցի վրաս
հողի հայացքը տերևների արանքից:
Ժպտաց բազմանշանակ ու խոր,
սարսռացի.
«Մարդու չեմ ասի,
ու ոչ էլ ուրիշ վարդի,
բայց իմացի՛ր, ամեն բան գին ունի.
վարդի համբույրն ու բույրը, որ առար նոր,
ես եմ տվել, դու ինձ ես պարտական,
այսօրվանից սպասում եմ քեզ՝
պիտի տրվես ինձ
ընդմիշտ, մի օր…»:
  
*

Նորից: Դարձյալ:
Ու այսպես ամեն անգամ:
Երբ հեռվում եմ,
առավոտյան աչքերս փնտրում են
Արարատի բարի լույսը:
Սի՛րտ, հանգստացի՛ր,
նա իր տեղում է,
դու քե՛զ նայիր, որ չկորչես:
Նա իր ճամփորդությունը
վաղուց ավարտել է
ու հաստատվել բիբլիականում:
Գուցե նաև նրա համար,
որ իր հեռվից
օրդ օրհնի,
որ չկորչես
քո օրերի հեռվում օտար:

*

Հիմա, երբ համարյա չունեմ ժամանակ,
քայլերս արագ-արագ
ժամանակի գծով տանում են այնտեղ,
ուր առավոտյան վարդն է.
այնտեղ ապրելու մաքուր հայացք կա
ու ժամանակի դող…
տեսնես վարդին
ինչքա՞ն ժամանակ է պետք
թերթիկները բացելու համար…

*

ժնև: Ամառն է երգում իր վերջաբանը:
Մոխրագույն փողոցներն ու շենքերը վկայում են,
 որ ամեն բան գալիս է հեռվից…
Օգոստոսն է հակվում էջերիս վրա,
փորձում մենության նոր էջ թերթել,
ես ամռանը մինչև վերջ կուղեկցեմ այստեղ,
քիչ արցունքոտ են աչքերը նրա.
թևանցուկ կանցնենք իր ճանապարհը,
ահա սահմանը. սառն է ամառը,
ճանապարհը տանում է հեռուներ,
հրաժեշտի անձրևն է սա.
այդ ե՞ս, թե՞ ամառն է երգում
իր վերջաբանը…

*

Ասք աղբանոցի

Երբ սիրտս տխրում է ցավերից
ու դավերից է դառնանում,
հանկարծ հիշում եմ այն ծաղիկը,
որ տեսա աղբանոցում…
Տեսի՞լք էր, աչքի՞ս էր երևում,
բայց դա չքնաղ մի ծաղիկ էր՝
բուսնած աղբանոցում…
Կեղտ, գարշահոտ, հանկարծ՝ ծաղիկ,
և սիրտս տրոփել սկսեց այնպես,
ասես մինչ այդ կյանքում երբեք
չէի տեսել ես գեղեցիկ…
Հաղթանակն էր նա մաքրության
ու վկայությունը գեղեցիկի,
ասես ձոն էր հերոսության
ու գովերգումը ազնիվի…
Երբ սիրտս տխրում է ցավերից
ու դավերից է դառնանում,
պիտի հիշեմ ես այն ծաղիկը,
որ աճել էր աղբանոցում…

*

Երկու օր չջրեցի ծաղիկս,
չորացավ:
Շրջում եմ մեղքի զգացումով.
Աստված, երևի, դրա համար էլ
ստեղծել էր ծաղիկը
որպես հիշեցում,
որ գեղեցկությունը պատրաստ է
մեռնել ամեն վայրկյան…

*

Բանաստեղծը

Բանաստեղծության տողերի միջև
նա գնում-գալիս է անհանգիստ,
բանաստեղծության տողերի միջև
չկա մուտք, չկա ելք:
Բանաստեղծության տողերի միջև

սիրտ է բաբախում ուժգին:
Նա ընտրում է ամենաբարձր տողը
ու այնտեղից ցած նետվում:
Նրան իր գիրկն է առնում ամենավերջին տողը,
ու չկա փրկություն,
(արդեն որերորդ անգամ)
բանաստեղծությունից նրան փրկում է
բանաստեղծությունը:

*
Ժպիտ
ու քամու սահք թեթև,
ժպիտ
ու ճերմակ ամպի քուլա,
ժպիտ
ու ծովի շուրթն է բացվում ալիքով,

ժպիտ
ու Մոնա Լիզա…
Աստված, երևի,
ժպիտով է արարել աշխարհը,
ու չգիտեմ՝ կյա՞նքն է
ավելի լայն ժպտում,

թե՞ մահը…


Комментариев нет:

Отправить комментарий