Որոնել

воскресенье, 9 декабря 2018 г.

Լեհական պոեզիայի ծաղկաքաղ

Թադեուշ Սլիվյակ (1928-1994)





















Փորձելով փրկվել ռմբակոծումից
ես վազեցի առաջին պատահած նկուղ

ամբոխում
մթության մեջ քեզ հպված
չտեսնելով դեմքդ
չհամարձակվելով հարցնել անունդ

երբ հնչեցին պայթյունները
մենք սկսեցինք մոլեգին համբուրել իրար
շուրթեր վարսեր աչքեր ափեր

ռմբակոծումից հետո
ամբոխն իր միջով դուրս հանեց մեզ
և բաժանեց

անունդ ի՞նչ էր
քո ականջօղը 
քերծեց ինձ մինչև արյուն

*

Թադեուշ Ռուժևիչ (1921-2014)





















Իմացիր

Ոչինչ չեն բացատրի
երբեք

ժամանակը չի բուժի ոչինչ
չեն սպիանա վերքերը
բառը չի փոխարինի բառը

գերեզմանները կծածկվեն խոտով
հարություն չեն առնի մեռյալները

աշխարհի վերջ չի լինի

պոեզիան կշարժվի առաջ
դրախտի ուղղությամբ
կամ հակառակ կողմ

*
Յան Տվարդովսկի (1915-2006)















Նույնը

Երիտասարդները որ վազում են ամբոխով
մեծահասակները որ քայլում են զույգերով
ծերերը կենսավարտից առաջ առանձին-առանձին
բոլորն ունեն նույն սիրտը
որ մեղվի պես ջանասիրաբար աշխատում է
մթության մեջ անգամ
սիրո մեջ սեր է փնտրում
մահի առաջ՝ մեծ ու մաքուր

*
Ռաֆալ Վոյաչեկ (1945-1971)






















Պտուկները կոպտացել են։ Նրանց վրա չորացել է աղը։
Շնչառությամբ հեռավոր, հանկարծակի արթնացած երաժշտության
գործողությունն ասպարեզ է բերում
Աստված

Մահը հանկարծ զարկեց սպիտակ հատակի մոտ
արյան։ Եվ ավելի կենդանի է զարկերակվում
ու գոլորշանում՝ կոպերի արանքով,
իբրև կարմիր երազ։
Մահապատիժ։

Սերմում երազի՝ խավարի մեջ
անտեսանելին անընդհատ շշնջում է ականջիս
անունս։ Այն դու ես։

*
Աննա Կամենսկայա (1920-1986)
















Խնդրանք

Տե՛ր, վերադարձրու ամենին կորուսյալ փայլը,
հագցրու ծովերը նախկին սքանչանքով,
անտառները՝ պայծառ գույներով,
թափ տուր աչքերից մոխիրը,
շուրթերից՝ օշինդրը,
թող թարմ անձրևը միախառնվի արցունքներին,
թող հանգուցյալները ննջեն կանաչ տերևներում,
թող ողբից չկանգնի ժամանակը,
իսկ ողջերի սրտում բողբոջի սերը։


Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий