Որոնել

суббота, 15 декабря 2018 г.

Գագիկ Գևորգյան․ Նամակներ Նատալիին

Գագիկ Գևորգյան (1997)























Օրն այնքան խոնավ էր
Որ դեմ առ դեմ կանգնած
Աչքերս ափերիս
Քո լռությունն եմ փորձում վերծանել
Հեռացումիդ անդարձ վայրկյանից․․․

Մենք բաժանվեցինք խռով իրարից։
Երբ սիրտը լուռ է
Ճանապարհներն են լոկ կիսատ մնում
Իսկ հայացքները սառչում պատերին։
Դու հեռացար այնպես տխուր
Որ չկարողացա ինքս ինձ ներել
Այնքան չասված բառերիդ համար։

Ես կպահեմ խռոված հոգիդ
Քեզանից գաղտնի
Եվ էլ թույլ չեմ տա
Գիշերային քամիներից
Վարագույրդ փոքր ինչ մրսի։
Ես կսպանվեմ կռիվներում
Ամեն եկող փամփուշտներից
Ու կպատմեմ տողերիս մեջ
Ինձ կյանք տվող հոգուդ մասին. . .
Ես կարթնանամ գինետներում
Անունդ քնած խոնավ շուրթերիս՝
Նատալի․․․

*
Երբ դու հեռացար անգամ չասելով
Հաշտ եղիր կյանքում
Ես ավելի քան անտեր մնացի...

Ես խեղդվեցի կիսատ թողաժ քո գրքերում
Հազարավոր գիշերներում
Անքնությամբ իմ արբեցող
Ես փորձեցի ստվերդ գտնել
Կիսախավար մայթերում
Այնտեղ, որտեղ անգամ
Իմ սեփական ստվերը չկար։

Քեզ փնտրեցի ամենուրեք։
Կանգառներում սպասելւս,
Փողոցներում թափառելիս...
Բայց ամենից և առավել
Ծանր էր այնպես հոգուս վրա
Երբ տունդարձի ճանապարհին
Փողոցներում քեզ չգտա ։

Հիմա արդեն, երբ գիշերն է վրա հասել
Երբ կարոտն է ծանր կախվել կիսատ մթում
Կիսաարբած , բայց և այնպես դառը նստել
Քո տվածով՝ հուշերո'վ եմ վիշտս սնում
Կիսատ թողած քո գրքերում...

*
Դու կգաս այնպես, այնպես մեղավոր
Այնպես վշտացած և անօգնական
Քո վշտի համար ինքս մեղսավոր
Ինքս՝ անճարս, կսկսեմ ոռնալ:

Դու կգաս այնպե՜ս, այնպե՛ս միայնակ,
Այնպե՜ս կործանված և խռով բախտից,
Քո հոգու համար ինքս անունակ,
Ինքս՝ անբախտս, կծնկեմ խելքից:

Եվ փրկությանդ անմեղ ժամերին,
Դու կհեռանա՜ս, կգնա՛ս այնպես,
Որ ամեն անգամ գալդ հիշելիս,
Լինելուս համար ոռնամ լալի պես․․․

*

Ջղաձգվել եմ այս տեսակ ցավից,
Թերևս պետք չէր այսքան կուլ գնալ,
Բայց որքան անգամ այդ չափ ոչնչից`
Այսքան չեղածով փորձել եմ մնալ․․․

Շատ եմ վշտացել ինքս իմ խելքից
Եվ շատ հաճախ եմ բախտիս հայհոյել,
Երբ որոնածս հեռու էր ինձնից,
Որքա՜ն անգամ եմ վշտից հառաչել․․․

Ջղաձգվել եմ այս տեսակ վշտից,
Թերևս պետք չէր այսքան կուլ գնալ,
Աղմկահարույց այս խուլ ցավերից՝
Լոկ ցանկանում էի հեռանա՜լ, գնա՜լ․․․

*
Ես կգամ ինչպես անծով նավապետ
Եվ իմ դարավոր մենության մասին
Լոկ քո գրկում
Իմ աչքերը կցամաքեն․․․
Ես կհերքեմ աշխարհի բոլոր կրոնները,
Եվ դու կլինես աղոթք ու աղոթքատեղի,
Քանզի և ոչ մի Աստված
Ինձ չփրկեց այնքան անջուր ծովերում՝
Փոքր ինչ թեթև լինելու համար․․․
Ես կգամ իբրև
Թեթևություն հոգուդ...
Այդքան ծանր չլինելու համար․․․

*
Առաջին ու վերջին անգամ

Մենք կթավալվենք ցեխաջրերում....

Մենք լաց կլինենք մեր հորինած խաղերում պարտվելու համար...

Մենք չենք հասկանա սիրո կշիռը, բայց կխոսենք նրա մասին, երբ կթաքնվենք ամենից խիտ թփերի տակ՝ մեր հորինած խաղերում հաղթելու համար...

Մենք փոքր ինչ կշեղվենք տան ճանապարհից, և տագնապահար կվերադառնանք՝ մեր բացական ծածկելու համար...
Ինքնաբերաբար, առաջին անգամ, իբրև "հանճարը", կխոսենք հասանելիք կյանքի մասին՝ ավելի խելոք երևալու համար, և առաջին անգամ կկորցնենք միամիտ լինելու կարողությունը...

Տարիներ հետո, գուցե նաև կես դար անց, երբ մեր թոքերում ծանր կնստի մահվան շունչը, լոկ ա՜յդ ժամանակ գլխի կընկնենք, որ մեր կյանքը ոչ թե հասնում է կուլմինացիոն փուլին, այլ վաղո՜ւց ավարտվել է այնտեղ՝ որտեղ կորել է մեր միամտությունը...

Կհեռանանք մի վերջին անգամ, ասես երբեք էլ չենք եղել...

*

Նրան

Դու կլինես հավերժ․․․
Ու ես կանմահանամ քեզանով․․․

Գրում եմ քեզ։
Իմ կարծիքով դու խելագար ես
Եվ չափից շատ երկնային է
Հայտնությունը քո։
Քեզ չեն ձոնել և ո՛չ մի աղոթք,
Չեն զոհաբերել ի տուրք գոյիդ,
Որքան երկրային են
Այս շնչավոր անմահները։

Ժամանակներն այս՝ քոնը չեն։
Քոնը չեն անգամ
Այս բյուր թվով Աստվածները,
Քանզի ինքդ արարող ես։

Խելագա՜ր ես...

Գիշերն այս հիվանդ՝
Դժվարանում եմ անգամ երազել։
Ոչի՛նչ այլևս պետք չէ տանջվածիս,
Ոչի՛նչ չեմ ուզում
Քո հայտնության փրկությունից...
Միայն այս գիշեր,
Այս հիվանդ մթում՝
Քեզ աղոթել եմ ուզում շշուկով։
Փրկի՜ր ինձ․․․
Փրկի՜ր խելագա՜ր․․․

Այնքա՜ն վաղուց եմ քո ճամփան օրհնել․․․

*
Ես կարդացի քեզ ...
Ես լսեցի ձայնդ հեռվից...
Եվ մարդկային նենգության մեջ ,
Ես տեսա գեղեցիկը`
Չարությունից զատ ,
Բարություն տեսա նրանց աչքերում.
Մի տեսակ անհաս էր,
ՈՒժ չուներ
Բոցավառվելու...
Ես հաղթեցի ինքս ինձ
Եվ ի տուրք քեզ
Լուռ մնացի ,
Թեպետ ինձնով
Հպարտացան:
Ես երգեցի հավերժի մասին
Քո սիրով
Եվ աղոթք դարձավ
Մարդկանց սրտերում
Երգս չգրված...
Ես շունչ քաշեցի,
Երբ չկար օդ,
Եվ մշուշն անվերջ
Կարծես չքացավ,
Ես եղա խենթ
Եվ հոգիս ծարավ
Քեզնով հագեցավ...
Ես լսեցի քեզ ...
Ընդունեցի լույսը հոգուդ...
Եվ հիմա անպարտ եմ
Եվ հիմա իմն է ,
Ինձ է պատկանում
Հաղթողի հոգին:
ՈՒ ես ազատ եմ
Իմ իսկ
Գերության դեմ ...
Եվ ավելի քան
Սիրում եմ կյանքը...
Ես ընդունեցի քեզ .
Եվ հիմա արդեն
Փոխում եմ հավատքս
Պաշտամունքը իմ
Հեռվում խնկացող
Մարմինն է քո...
Լույսը կրծքիդ տակ...
Գալիք հույսը քո աչքերում...
Եվ հիմա արդեն
Սուրբ մատյաններն եմ
Կրակին տալիս...
Թե որ էջերում
Քո երգը չկա
Էլ սուրբս ո՞րն է...

*
․․․Ասես․․․

Ցուրտ է.
Միթ՞ե չես մրսում․․․

Ես կրկին անգամ
Մատներս եմ զոհաբերում
Իբր ինքս ինձ
Փորձում եմ շեղել
Անորոշության
Այս խոր թակարդից
Եվ արդյունքում
Զգում եմ լոկ այն
Որ դատարկությամբ
Միայն շնչում են
Խոնավությունը
Գունեղ պատերի․․․

Ցուրտ է.
Կարծես մրսում եմ․․․

Ներում եմ`
Անդառնալի,
Աններելի,
Շփոթմունքի
Եվ
Լռության
Անտանելի
Լացի համար․․․
Զղջում եմ`
Իմ այս հացի,
Չոր ու ցամաք
Կուլ տվածի,
Եվ վերջապես
Այս ջլատված,
Եվ վաղուց ծեր,
Երանելի
Հուշիս համար․․․

Այս մահաշունչ զղջման համար
Ներում եմ ինձ
Ես ավելին
Անկարող եմ․․․

*
Մենք կարող էինք մի վերջին անգամ՝
Մինչ հրաժեշտը,
Գթասիրտ լինել ու ներել իրար...
Մի վերջին անգամ փխրուն այտերդ
Ափիս մեջ առնեի,
Ու կրկին անգամ գտնեինք իրար...
Մենք ի զորու էինք իրար չասելու.
Բախտիդ հետ հաշտ մնաս.
Եվ լռությամբ այն անհրաժեշտ
Մի նոր սիրով փրկեինք իրար...
Մենք կարող էինք ամեն բան թողնել,
Հպարտությունն այս անգամ ձանձրալի,
Միայն թե նորից, մի կրկին անգամ
Իրար ներելու կամք ունենայինք...
Մենք կարող էինք չհպարտանալ
Մեր կործանված բախտի համար....
Մենք կարող էինք գթասիրտ լինել՝

Միայն թե այսքան չտանջեինք իրար...



Комментариев нет:

Отправить комментарий