Որոնել

суббота, 15 декабря 2018 г.

Վերոնիկա Դինտինյանա․ Մահվան մերձեցում

Վերոնիկա Դինտինյանա (1977 Սլովենիա)

















Ճնճղուկը՝ հիվանդասենյակի պատուհանի մեջ

Ես տեսել եմ մահը։
Այն նստեց Նրա մահճակալին
և հանեց հողաթափերը։
Նրա ճնշումն ընկավ,
երբ այն թիկնեց՝
նա գունատվեց։
Նա այնքան վախեցած հայացք ուներ։
Ես դուրս նետեցի ինձ։ Նրա կյանքում ես ոչ ոք էի,
և ինձ թվաց, որ ճիշտ կլինի
չմասնակցել նրա մահվանը։
Կես ժամից ես վերադարձա՝
հավաքելու հացի փշուրները,
որ մնացել էին նախճաշից։

*
Ինչ ժամանակներ են

Թուլությունը նահանջել է՝ 
տեղավորվելով հիվանդանոցներում,ննջարաններում, քավարաններում։

Նրան անհրաժեշտ է մահվան մերձեցումը,
անօգնական լինելը, կամ, թերևս,
արժանապատվության կորուստ՝ կարճ ժամանակով։

Նրան անհրաժեշտ է պարտադրված մերձեցման
անհարմար լռություն,
հարբածություն՝ ալկոհոլի կամ խոտի,-

որպեսզի պատռել բառերը,
որոնք հերձում են առօրեականության որովայնը,
ինչպես դանակը՝ թուղթը,

և փրկել այն քիչը,
որ դարձնում է կյանքը
իրական։

*
Քո անկողինը վերածվել է շախմատի տախտակի։

Կուչ եկած եզրին՝ դու սպասում ես, որ կընկնես սևերից
ու վերջապես կկարողանաս գնալ։

Դու կզիջեիր, եթե դա կախված լիներ քեզնից։
Դու ինձ սովորեցնում էիր՝ թույլ տուր նորեկին ավարտել խաղը։
Սա քո առաջին պարտությունն է, ամեն բան բարդ է ու դանդաղ։

Դեմենցիան խժռում է քո խոսքի խաղաքարերը,
հիպոկամպը դառնում է մարտի դաշտ՝ պատերազմից հետո,
դու մնացել ես մենակ, ոչ մի տեղից չկա համալրում,

շատանում են դատարկ շարքերը։
Քո աչքերում կայծեր են, երբ դու ճանաչում ես ինձ։
Իբրև հեռվից նայելով՝ կորցնում ես քեզ, կորչում ես։

Ես ձայնում եմ քեզ քո անունով, շոշափում եմ քեզ այնպես,
ինչպես չափում եմ ժամանակը, որ նախատեսված է դեռ այնքան,
որքան մնացել է մեզ պարտվելու համար այս դաշտում, ցածրության մեջ այս։


Ծանոթագրություն

* Դեմենցիա- ձեռքբերովի թուլամտություն


* Հիպոկամպ - ծովաձիու գալար, լիմբիական համակարգի հիմնական գոյացություններից է: Այն մասնակցում է կողմնորոշման, ուշադրության, ուսուցման ռեակցիաներին: Հիպոկամպի նեյրոնները պատասխանում են լուսային, ձայնային և այլ գրգիռներին: Այն մասնակցում է հիշողության ձևավորմանը, քանի որ նրանում կան բազմաթիվ փոքր ցանցեր, որոնցում ուսուցման գործընթացում շրջանառում է տեղեկատվությունը:














Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий