Որոնել

суббота, 8 декабря 2018 г.

Սերգեյ Ժադան․ բանաստեղծություններ

Սերգեյ Ժադան (1974 Ուկրաինա)














Եվ ամենափոքրիկ աղջիկ Չայնաթաունը,
և Մանհեթենի սառը վանքերի հին բապտիստները
նույնիսկ չեն կարող պատկերացնել, թե ինչ աստղեր են ընկնում մեր ծխնելույզների մեջ,
ինչպիսի զմրուխտե տերևներով է ծաղկում սխտորը՝
ֆուտբոլի դաշտերում մեր։

Սա անափ ու անվերջ օվկիանոս է,
որ ողողում է չինական ճաշարանների ափերը,
և հազարավոր որկրամոլներ թաքնվում են տիղմի ու ավազի մեջ՝
մեկընդմիշտ բաժանելով ինձ երկրից,
որ սիրում էի։

Սրանք պաղ ձյան մեջ սև ծառերն են
որ նման են աֆրիկուհիների՝ ճերմակ սավաններին,
ամեն ծառին նստած են թռչուններ՝ 
ճչացող թռչուններ արտագաղթի,
արտաքսման երգող թռչուններ։

Իսկ սա ես եմ,
ով ամեն գիշեր 
երազում
բեռնում է իր առագաստը աստղերով և ցորենով,
լցնում տորմիղները ռոմով ու խնդակոթով,
տաքացնում նրա հին շարժիչները,
ինչպես սալիկային վառարան։

Շուտով արդեն Տերը կկանչի մեզ բոլորիս,
կշրջի օվկիանոսների հոսանքը և կքշի մեզ խավար։
Ողբա՛ ինձ այդժամ,
Ամերիկայի ծովային ընդհատակյա կաղա՛մբ,
ինչպես կարող ես միայն դու,
ինչպես կարող ես միայն դու։

*
Երբ նա վերադարձավ, ոչ այնքան ուշ մինչ ձմռան գալը՝
տոմսի փոխարեն իր բոլոր ամառային շորերը տալով,
նրա տաք գրպաններում թաքնված էր նավահանգստի ծուխը,
իսկ վարդի չոր տերևների արյունը
ստացել էր գույն։

Եվ ես թերթում էի նրա գրքերը, որ ամբողջովին 
պղպեղի, դարչինի, գինու մեջ էին,
երկար կանաչ խոտերի՝ տարածվող խավարում,
խորքում հասունացող՝
որպես սև քարեր ածխի։

Իսկ արևը սեփական կշռի ներքո գլորվում էր արևմուտք
ու առկայծող փայլը թեթև հպվում էր ոսկրոտ այտերին։
Նա անընդհատ սպասում էր, որ կձյունի,
բայց ձյունն, ի տարբերություն իրեն՝
այդպես էլ չծիկրակեց։

*
Ի՞նչ էր նա հետո անում, ու՞ր գնաց՝
գլխաշորը թևքում, մատանին ճկույթին։
Մշուշը քայքայեց նրա մութ պատուհանները,
ինչպես նետված ռումբերը
քայքայում է ժանգը։

Ծխում էր բելգիական թունդ ծխախոտ։ Տաքարյուն
վիճելը ոստիկանների հետ հոբբին էր նրա։
Սիրում էր չոր գինի,ֆասթֆուդով խմում թեյ՝
հնդկական, ինչպես օվկիանոս,
սև, ինպես իր ներքնազգեստը։

Խմում էր՝ անձայն հեռանալու կենացը,
որ խաղաղությամբ էր կարված 
հոգու ոսկե մատերիան։
Պառկած էր տաք ննջարանում՝ մերկացած՝ իբրև բաց լարեր,
լուռ, ինչպես ջուր, կիսաքուն՝ որպես քներակ։

Ի՞նչ մնաց նրանից հետո։ Մնացին պարտքեր։
Վճարում էի ես։ Մնացին մազակալների պղինձը,
պատահական ընկերները, թշնամիները նրա,
որոնց ես չգիտեի,
բայց ․․․ Չէ՞ որ պիտի։

Դարակում նրա մնացին իրերը՝ թախծելով ինչ-որ բանի մասին,
անձնական օրացույցը, որ ես չկարողանայի սխալվել,
մնաց ածելին, որ հետո վերցրեցի ես ինձ
և ամեն անգամ կտրեցի դեմքս՝
փորձելով սափրվել։

*

Ծանոթագրություն

1․Բապտիստ- մկրտական եկեղեցու աղանդին հարող
Բապտիստ բառը` հունարեն է, նշանակում է ընկղմվել, ջրով մկրտվել:
Բապտիզմը բողոքականության տարատեսակներից է, առաջացել է XVII դարում: Նրանք չեն ընդունում մկրտությունն ու հաղորդությունը` համարելով սոսկ եկեղեցական կարգ, որը խորհրդավորություն չունի: Կնքվում են միայն մեծահասակները:
Աղանդավորները` որպես առանձին կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր են ոչ միայն ավանդական եկեղեցու, այլև հաճախ` պետությանն ու պետական կառույցներին: Աղանդների հետևորդները խուսափում են ազգային, հասարակական, բարոյական պարտավորություններից: Այս առումներով աչքի է ընկնում նաև Բատտիստ «եկեղեցին»:
Բապտիստները դեմ են ավանդական Առաքելական եկեղեցիների բոլոր ծեսերին, ավանդույթներին, խորհուրդներին և  առհասարակ բոլոր տարրերին: 
Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական դիրքորոշմամաբ` ինչպես բապտիստները, այդպես  նաև մի շարք այլ բողոքականներ` աղանդներ են համարվում, քանի որ դեմ են դուրս գալիս Հայ առաքելական եկեղեցու Սրբազան Ավանդությանը` կատարելով Աաքելական եկեղեցու անդամների վերամկրտություն, ինչը անընդունելի է:

* 2․խնդակոթ (ցիկուտա) -ջրային մոլեխինդ՝ հովանոցավորների ընտանիքներին պատկանող թունավոր բույս, խնդամոլի։
















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий