Որոնել

понедельник, 17 декабря 2018 г.

Ագապի Եգանյան․ Երազանք․ հուշապատում

Ագապի Եգանյան (1986)





















Վարպետ Խաչիկն այդ օրը իրեն շատ վատ էր զգում(առհասարակ 1988-ից ի վեր նա չէր հիշում, որ իրեն լավ զգացած լինի), բայց այս անգամ այլ էր.հիմա անհամեմատ վատ էր: Արդեն մի շաբաթ է, ինչ ոչինչ չէր կարողանում բերանը դնել, սիրտը խառնում էր, ստամոքսը` ցավում: Ցավը նորություն չէր Խաչիկի համար.արդեն տարիներ ի վեր նա ցավեր ուներ, բայց երբեք դրանք այսպիսի սուր բնույթ չէին ունեցել.ներսն ամբողջովին այրվում էր, չէր կարողանում գլուխը բարձից կտրել: Դրությունը հատկապես ծանրացնում էր այն փաստը, որ վարպետը իր տանը`  սահմանամերձ փոքրիկ գյուղի իր հարազատ կացարանում չէր, այլ հեռավոր Սիբիրի աշխատանքային տնակներից մեկում, ուր եկել էր ընտանիքի ապահով կյանքի համար նյութական միջոցներ ստեղծելու հույսով: Փոքրիկ տնակի անկյունից, ուր գիշերում էին ինքն ու ընկերները աշխատանքն ավարտելուց հետո, նրան էր հասնում տներից մեկից եկող երաժշտության ձայնը: Երգում էր երիտասարդության տարիների սիրելի երգչուհիներից մեկը` Վալենտինա Տալկունովան` «Ես այլ կերպ չեմ կարող»«Դու կհիվանդանաս և ես կգամ, ցավը կդարմանեմ իմ ձեռքով»,- ականջին էին հասնում բառերը:
Տարիներ շարունակ բուժքույր կինն էր խնամել ու հոգ տարել իրեն, երբ բացահայտվեց, որ լյարդի վրա որդ կա` թարախային պարկով:«Այնքան էլ վտանգավոր չէ,-ասել էր բժիշկը,-որ քեզ լավ նայես, չի անհանգստացնի առանձնապես: Վիրահատելու կարիք առայժմ չկա»:
 Խաչիկն ու կինը  լավ ամուսիններ էին. նա մեկ անգամ չէր մտերիմ ընկերներ մոտ արտահայտվել, թե կնոջ հարցում իր բախտը շատ է բերել: Կինը խնամում էր նրան` կաշվից դուրս գալով անգամ: Վարպետը հիշում էր, թե ինչպես էր սփրթնել կինը, երբ վերջին անգամ Սիբիր գալուց առաջ ինքը շատ ուժեղ վատացավ: Նատալյան, այդպես էր կնոջ անունը, նրան հիվանդանոց տարավ: «Նրա լյարդի թարախային պարկը մեծացել է,-որդը սկսում է քայքայել լյարդը, լավ կլինի շուտ վիրահատել»,-ասել էր բժիշկը: Կինը ցանկանում էր, որ Խաչիկն անհապաղ վիրահատվեր, էլ չգնար խոպան, բայց վարպետը դեմ եղավ: Կինը այնքան չէր վաստակում, որ դրանով ապրել լիներ.փոքրիկ գյուղի համայնքապետարանին կից միակ բուժկետում բուժքույր էր `հաստիքային նվազագույն աշխատավարձով, դուստրը ուսանող էր, վարձով էր սովորում, իսկ միակ որդին արդեն պարզվել էր, որ մտավոր թերհասություն ունի. ևս մի ցավ Խաչիկի համար: Եթե վիրահատվեր, շինարարական աշխատանքներն արգելվում էին. ինչպե՞ս էին ապրելու կնոջ ստացած հիսունհինգ հազար դրամով։
- Էս մի սեզոնն էլ գնամ ու վերջ,- խոստացավ նա կնոջը,-Հայաստանում մի փոքրիկ գործ, խանութ -բան կդնեմ, որ հետո կարողանանք մեզ յոլա տանել:
Կինը, ահը սրտում, գլուխն օրորեց: Գիտեր ամուսնուն. եթե Խաչիկը մտքին մի բան էր դնում, էլ ոչ ոք նրան հակառակը համոզել չէր կարող:
Պատշար վարպետ Խաչիկը հիսուն տարեկան էր: Նատալյայի հետ վաղ էր ամուսնացել` բանակում ծառայելուց անմիջապես հետո` քսան տարեկանում: Տաս տարի երեխաներ չէին ունեցել:
- Երևի լավն էլ դա էր,- մտածում էր նա,- էն պայմաններում երեխաների հետ ոնց էինք անելու:
Խաչիկը մորը վաղ էր կորցրել` ինը տարեկանում: 1988-ին , բանակից վերադառնալով, հորն էլ քաղցկեղով անբուժելի հիվանդ գտավ: Շրջանային հիվանդանոցում, ուր պառկեցրել էր հիվանդին, քանի որ տանը կին չլինելու պատճառով հնարավոր չէր պատշաճ օգնություն կազմակերպել նրա համար, սիրահարվեց երիտասարդ բուժքրոջը, որ խնամում էր հորը: Ամունության առաջարկ արեց, և մերժում չստացավ: Ամուսնությունից ութ ամիս անց հայրը մահացավ: Մինչ այս, մինչ այն, երկրում եկան ոսկե օրեր` ազգային միասնության և զարթոնքի: Խաչիկը այդ ամենին հետևում էր հեռվից` հույսերով ու երազանքներով լեցուն սպասելով, որ ահա շուտով երկրի համար բաղձալի անկախությանը հասնելուց հետո իր սերունդը կառուցելու է բացառիկ արդար և բարեկեցիկ երկիր: Բայց…
Շատերի նման վարպետն էլ հետո ստիպված եղավ հոգու մի անկյունում անթեղել հիասթափության անտանելի ցավը: Երազանքներն ու հույսերը փշրվեցին իրենց իսկ գլխին:
Պատերազմ, աղքատություն, սով, խավարի ու ցրտի մեջ անցկացրած օրեր: Բայց սա չէր վատագույնը: Այն մարդիկ , որոնց նախկինում ոչ ոք բանի տեղ չէր դրել իրենց անբարո նկարագրի, խաբեբա ու քսու լինելու համար, որպես համատարած աղքատության երեսին նետված դաժան ծաղր` սկսեցին ռուսական փողերի կապոցները ցուցադրաբար ձեռքերին բռնած, խեղճ, անհագուստ գյուղացիների հնամաշ շորերի ֆոնին` արտասահմանյան հագուստով զուգված ու պճնված, բոլորին վերից նայելով ման գալ: Խանութները դատարկվեցին ու ամայացան` մարդկանց հոգիների նման:Դաստիարակությունն ու արժեքները նետվեցին մի կողմ, ազնվությունն ու ինտելեկտը ոտնակոխ արվեցին:
Պատերազմի օրերին Խաչիկի ընտանիքի նյութական վիճակը շատ ծանր էր, բայց հույսը մեջը դեռ անմար էր: Ահա պատերազմը կավարտվի, հո էդպես չի մնա, ու ամեն բան էլի առաջվանը կլինի: Սահմանին գտնվող այդ գյուղում օրը մի տան վրա արկ էր ընկնում: Վարպետը կնոջ և եղբոր` տասնվեցամյա անչափահաս տղայի հետ տեղափոխվել էր խոնավ ու մութ նկուղ` արկերից պաշտպանվելու համար: Վառելիքի հարցն էլ նա էր լուծում: Առավոտյան դեռ լույսը չբացված դուրս էր գալիս տնից, որպեսզի դիմացից չնկատեն և կրակ բացեն, գնում էր անտառ, գերան կտրում, անտառը կիլոմետրերով հեռու էր, հետո կամաց գալիս` աշխատելով հասնել մութն ընկած, որպեսզի էլի տեսնող չլիներ: Դրանով տաքանում էին: Իսկ գիշերները գյուղի մյուս տղամարդկանց նման զենք էր ստացել և պահակում էր գյուղի սահմանների մոտ: Վարպետը հիշում էր այն չարաբաստիկ օրը, երբ իր լյարդի ցավի հիմքը դրվեց: Անտառում էր, ծառ կտրելիս խշշոց լսեց: Աղվեսն էր փախչում: Խաչիկն ուրախացավ:
Նա արդեն չէր հիշում, թե որ օրվանից միս չէին կերել: Առավոտյան մակարոն, կեսօրին մակարոն, երեկոյան նույնը: Ոչ ոք մեղք չուներ, գյուղի միակ խանութում դա էր:Աղվեսին կացնով սպանելը րոպեներ տևեց:Այնուհետև մաշկեց: Տանը կասի` պախրա է, մեկ է ,դրանից առաջ տանը ոչ ոք որսի միս չէր կերել, չէին հասկանա սուտը: Երեկոյան գերանի հետ տուն բերեց և միսը: Կինը եփեց, ախորժակով էլ կերան:
Պատերազմն ավարտվեց, մարդկանց հոգիները պարուրող խավարը` ոչ…Դեռ հինգ տարի վարպետն ու կինը ստիպված եղան ապրել կիսաշեն տան մեջ` մի օր սոված, մի օր կուշտ:
Եկան 2000-ականները, երկրում շինարարական ալիք սկսվեց, դրան զուգահեռ` Խաչիկի երեխաները ծնվեցին:Վարպետը նորից իր գործին անցավ: Լավ վաստակում էր: Տունը հիմնովին վերանորոգեց, նոր կահույք , մեքենա ձեռք բերեց:  Գյուղում նորից գազ քաշեցին: Թվաց, թե ամեն վատ բան մնաց հեռվում…Բայց…միայն թվաց…
Շուտով սկսեց անհասկանալի կերպով ջերմել: Բժշկի գնաց:
-Լյարդի վրա որդ կա` թարախային պարկով: Կատվի կամ որևէ այլ կենդանու մազից է առաջացել,-ասացին նրան:
Խորհուրդ տվին տաք պահել, լավ սնվել: Քանի դեռ սեփական երկրում էր աշխատում, կինը էդ ամենը կազմակերպում էր: Բայց շուտով երկրում շինարարության ալիքը մարեց, նյութական դրությունը նորից ծանրացավ: Խաչիկը ստիպված եղավ հույսը խոպանի վրա դնել: Ընտանիքի կերակրողը ի վերջո ինքն էր: Մեկ-երկու սեզոն ամեն բան հարթ անցավ: Գարնանը ընկերների հետ գնում էր, ուշ աշնանը վերադառնում ընտանիքի գիրկը: Սակայն անցյալ տարի գարնանը չկարողացավ գնալ, որովհետև հանկարծակի շատ վատ զգաց: Կինը տարավ հիվանդանոց: Հիվանդանոցում անցկացրած օրերը դժոխք թվացին Խաչիկին, օր առաջ ուզում էր էնտեղից դուրս պրծած լիներ: Եկել էր Երևան: Հիվանդանոց`լի ծանր հիվանդներով` քաղցկեղ, ինսուլտ, ինֆարկտ: Ու բոլորը իր տարիքին էին կամ թերևս էլ ավելի երիտասարդ: «Էսքան շատ հիվանդ,- մտածում էր Խաչիկը,-և բոլորը իմ տարիքի…Իմ սերունդը առողջություն չունի կրած սթրեսների ու ժամանակին ուտելիքի պակասի հետևանքով կասկածելի ծագման ամեն տեսակ ուտելիք ուտելու հետևանքով»:
Ժամանակը մի կերպ ձգելու համար սկսեց հեռուստացույց դիտել: Գարուն էր: Բոլոր ալիքներով ընտրությունների քարոզարշավ էր: Ինչ-որ կուսակցական թեկնածու կոկորդ էր պատռում միկրոֆոնի մոտ.«Մենք պետք է երջանիկ երկիր կառուցենք, ազատ, արդար և օրինավոր երկիր կառուցենք, որտեղ մեր երեխաները երջանիկ կլինեն»:
-Երջանիկ երկիր,-հեգնանքով մտածում էր Խաչիկը…Շատ երջանիկ կլինի, երբ բնակչության միջին և ինչու միայն միջին խավը արդեն առողջություն չունի…Երջանիկ երկիր` էս տեսակ միայն կոկորդ պատռողներով…
Էլ ուժ ու վստահություն չուներ որևէ մեկին հավատալու: Տարիների ընթացքում շատ էր լսել այդպիսի տարատեսակ խոստումներ: «Մեջը փուչ` օխտը հատիկ»,-հիշում էր կնոջ սիրած արտահայտությունը:
Հիվանդանոցից դուրս գրվեց և առանց հավատալու որևէ խոստումների` դարձյալ մեկնեց Սիբիր: Երկու ամիս ոչ մի ցավ չուներ, հանգիստ իր գործին էր:Բայց ահա մի շաբաթ առաջ հանկարծակի սկսեց դող զգալ մարմնում, սիրտը սկսեց խառնել, ինքնազգացողությունը վատացավ: Կանցնի` մտածում էր, բայց օրերն անցնում էին, ու էդպես էլ չէր անցնում: Աշխատանքից գալիս էր ու անմիջապես պառկում` առանց բան ուտելու:
- Խաչի՛կ, արի մի բան կեր,- ձայնում էին ընկերները:
- Չեմ ուզում, դուք կերեք,- լինում էր պատասխանը:
Այդ օրն էլ սովորականի նման ձայնեցին վարպետին, բայց պատասխան չստացան: Ընկերներն իրարով անցան, շտապօգնություն կանչեցին և տարան հիվանդանոց:
- Լյարդի թարախային խոցը պայթած է,- ասաց բժիշկը,- եթե արյան մեջ անցած լինի, ոչինչ հնարավոր չէ անել: Վերջին հույսը մնաց արյունը փոխելը:
- Բժիշկ, խնդրում ենք, մի բան արեք, ինչ պատասխան ենք տալու կնոջը և երեխաներին,- խնդրում էին հուսահատ ընկերները:
- Հիմա միայն հրաշքը նրան կփրկի,- եղավ պատասխանը:
Բայց հրաշքը հիվանդանոցի կողքով անցավ` առանց այնտեղ մտնելու: Միայն մի պահ Խաչիկը ուշքի եկավ, աչքերով փնտրեց կնոջը, բայց նա դեռ տեղ չէր հասել:
«Բայց իմ գնացքը արդեն մեկնել է, ես ուշացել եմ նրանից, ով որ իմ սիրտը գողացել է, արդեն հեռու է ինձանից»,- չգիտես ինչու հիշեց Հախվերդյանի երգի բառերը: Հետո թվաց, որ իրոք գնացքում է` չիկ-չիկ-չիկ…ու ամեն բան մարեց:
Կինը ընկերների օգնությամբ Հայաստան փոխադրեց վարպետի մարմինը, հուղարկավորեց , գերեզման կառուցեց և տապանաքար դրեց, որի տակ հանգչում էր ոչ միայն վարպետի հյուծված մարմինը, այլև իր երկրում ապրելու, աշխատելու և շենացնելու, երկրում և երկրի համար բանելու երազանքը:


Комментариев нет:

Отправить комментарий