Որոնել

понедельник, 3 декабря 2018 г.

Սառա Մըքոնզա․ «Հատակի Կին» շարքից․ արգելված պոեզիա

Սառա Մըքոնզա (1957 Սվազիլենդ, Հարավային Աֆրիկա)

















2003թ գրող, լրագրող, մարդու իրավունքների պաշտպան, դասախոս Սառա Մըքոնզան ստիպված էր լքել իր երկիրը Մսվատի III-րդ  թագավորի ճնշման ներքո՝ մեղադրվելով ավանդույթները ծաղրելու և հայրենադավության մեջ, մինչ ինքը՝ Սառան, մերկացնելով ճշմարտությունը՝ պատմել է, որ իրական պատճառը եղել է հենց իր գրարվեստը, որտեղ համարձակորեն ներկայացված են իր երկրում ապրող կանանց հանդեպ տիրող բռնություններն ու անարդարությունները։

*
Դու քանի՞ լեզվով ես անարգվել, Կին,
ու քանի՞ լեզու չի հերիքել՝
խոստովանելու գերաստվածությունդ․․․

*
Տղամարդիկ
քարտեզագրում են
իրենց պարտությունները
մաշկին կանանց,
որ հող են,
կանայք չեն ներում
պաշարումը հայրենիքի
տղամարդկանց,
ում համար սերը
լոկ աշխարհագրություն է․․․

*
Իմ քաղաքում միոտանի կանայք
վախենում են կարեկցել
անթև կանանց,
որովհետև 
հավասարությունը 
սկսվում է խղճից։

*
Սևամորթ կանանց բերանը
ձկներով լի լիճ է,
ուր անտարբերության թույնից
ինքնասպան են լինում
նույնիսկ ջրիմուռները․․․

*
Զարմանալի է․
երկրագունդն ի զորու է 
իր բոլոր պտույտներում
տեղավորել 
միլիարդավոր 
տղամարդկանց
նվնվոցները,
բամբասանքը, 
դաժանությունը,
վախկոտությունը,
բայց ծանրանում է
նույնիսկ ամենաքար կնոջ
անզգույշ արցունքից․
ես ծնվել եմ, 
որ դու
քորելով
պարապությունդ՝
հավերժ հավատաս 
այն ահնեթեթ լեգենդին,
թե արարվել եմ կողիցդ,
որովհետև 
այդպես
ավելի հեշտ է
խաբել Աստծուն,
որովհետև
այդպես
ավելի դյուրին է
հաշտվել
մարմնիդ,
որ չունի արգանդ․․․

*
Ոչ մի թագավոր 
չի ներում 
կնոջը,
ով 
համարձակվում է
սիրել
զինվորին,
որ նա չէ։

*
Տխրությունս
կկարդան
իբրև հրովարտակ․
այստեղ՝ այս երկրում,
նույնիսկ գարունը
չի գալիս, մինչև
չեն հրամայում
մերկացնել կանանց
ու բաժանել սիրտը՝
իբրև ողորմություն․․․


Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий