Որոնել

суббота, 8 декабря 2018 г.

Պաուլ Ցելան. բանաստեղծություններ

Պաուլ Ցելան (1920-1970)













Տարիները՝ քեզանից դեպի ինձ 

Քո վարսերն օրորվում են իմ արցունքներից։ Աչքերիդ լազուրով
դու բացում ես մեր սիրո սեղանը՝ անկողին ամռան և աշնան միջև։
Մենք խմում ենք բրագա, որը պատրաստել ենք ոչ ես, ոչ դու,
ոչ էլ ինչ-որ մի երրորդը․ խմում ենք մնացորդն ագահորեն։

Մենք տեսնում ենք իրար հայելում ծովի հատակի
և ավելի արագ ենք փոխում ուտեստները․
գիշերը՝ գիշեր է։ Այն սկսվում է առավոտյան՝
բարուրելով ինձ քո կողքին։

* բրագա- շոտլանդկան վիսկի

*
Ժամանակի լի ափ․ այդ դու ես գալիս ինձ մոտ և ես ասում եմ՝
Մազերդ շագանակագույն են։
Որքա՜ն թեթև ես դու տեղավորում դրանք վշտի նժարին, որ ինձնից ծանր են։

Նավերը վերադառնում են դրանց հետևից, բարձում են իրենց տորմիղներ և տանում են վաճառելու տենչանքի շուկաներում -
դու ժպտում ես ինձ խորքերից, ես արտասվում եմ քեզ կշեռքի նժարին, որ առաջվա պես թեթև է։
Արտասվում եմ, որ վարսերդ շագանակագույն չեն․ դու տվել ես գանգուրներդ՝ ծովաջրի փոխարեն։
Դու շշնջացիր՝ ինձանով լիացրին ամբողջ աշխարհը ու ես միշտ կլինեմ խոռոչ քո սրտում։
Դու ասում ես՝ դիր կողքիդ տարիների տերևաթափը՝ ժամանակը, որ գաս և համբուրես ինձ։
Ժամանակի տերևաթափը շագանակագույն է, քո վարսերը՝ ոչ։

*
Դեռ հնարավոր է տեսնել քեզ․
հրաժեշտի գերեզմանում
բառերի շոշափուկներով
հպվում եմ արձագանքին,

և քո դեմքը մի թեթև վախեցած է,
երբ ժայթքում է
իմ մեջ շղթայված՝
այնտեղ, ուր այնքան տանջալից
հնչում է այդ ԵՐԲԵՔ-ը։

*
 Այն կողմը

Գիշերը դու քո
այն կողմում էիր։
Բայց իմ բառերը նորից վերադարձրին քեզ։
Դու հիմա այստեղ ես։ Ամեն բան հիմա Ճշմարիտ է
և ամենը ճշմարիտի սպասում է։

Լոբու ցողունը ձգվում է վերև
մեր պատուհանի տակ։ Մտածիր այն մասին՝
ով է աճում մեր կողքին
և հետևում նրան։

Աստված, որի մասին կարդացել ենք՝
միայն մի մասնիկ է, գործակից, սերմ ցանող․
բոլոր հնձվածների
մահով
աճում է մյուս կողմում։ 

Հայացքը 
մեզ տանում է
այնտեղ․
այն կողմում
հաստատում ենք
ծանոթությունը։

*
Խեղդվիր
կորերում իմ դաստակի

մի ալեկոծման համար
զարկերակի

թաքնվիր այնտեղ՝
հոսանքում

*
Ամեն անգամ բացում ես դուռը
մի քիչ ուրիշ բանալիով։
Տունը լցվել է ձյունով չասվածի։
Այն բանից, թե հորդում է արդյո՞ք արյուն քո աչքից,
բերանից կամ ականջից՝ փոխվում է բանալին։

Փոխվում է բանալին՝ փոխվում է բառը։
Հիմա դրա վրա կարող են ձնագնդի սարքել։
Քամին քշում է քեզ՝
փոխակերպելով կույտի՝ բառը և ձյունը։


















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий