Որոնել

вторник, 18 декабря 2018 г.

Աննե Մարի. բանաստեղծություններ


Աննե Մարի. բանաստեղծություններ






















Սեր

Անձրևում է․․․
խաղաղ ու անվրդով՝
մաղելով վերից
թախիծ արծաթե․․․
Շղարշվում է նազուն,
անուրջներով լուսե։
Հետո․․․
որպես ամպի ծվեն՝
նա նստում է հոգուս
ու․․․
կաթկթում,
ազդարարում իր մի մասի
լինելիությունը
ու սրբելով ցավն անգո՝
համբույր դառնում կրքոտ։
Հետո․․․
որպես առհավատչյա՝
ինձ առնում է իր թևի տակ։
Հետո․․․
Հետո
թողնում կարոտաբաղձ՝
կրկին այցելելու
Մտադրությամբ․․․

*

Լռություն

Երբ խոր ցավից
ես արցունքում եմ,
խոհո՜ւն լռում ես։

Հոգու խորքերում
կշտամբում եմ ինձ,
բայց, ավաղ,
լուռ ես․․․
Անարդար կյանքի
«արդարության» մեջ,
կորցնում եմ ինձ
դու դարձյալ, լուռ ես,
մե՛րթ հանդգնում եմ,
այսպես չլինեմ,
մե՛րթ համբերում եմ,
դու էլի լուռ ես,
գոյիս հակառակ
ըմբոստանում եմ,
իսկ հետո ուժատ
տեղի եմ տալիս,
դու կրկին լուռ ես․․․
Մերթ մանուկ դարձած
թռչկոտում անհոգ,
ու մերթ ամպում եմ,
նորեն դու լուռ ես․․․
Ո՛չ ներս ես գալիս ,
և ո՛չ հեռանում․․․
Միգուցե այսպես
դու ինձ կոփո՞ւմ ես,
ուզում ես հասցնել,
հենց քո ուզածի՞ն,
քո երազածի՞ն․․․
Ի՞նչ է, ես մարդ չե՞մ․․․

*


Այսօր

աղջկական բոլոր նազանքներս,
հուզումներս արևավոր
քոնն են, Երկի՛ր,
քրոջական նվիրումս,
գորովներս,
կնոջական կարոտներս
քոնն են, Երկի՛ր․․․
Մայր չդարձա, թեպետ,
բայց անթեղված այս մայրագութը՝
որպես սիրո առհավատչյա,
քոնն է, Երկի՛ր․․․
Թող քեզ գիրկս առնեմ,
դու լա՛ մի քիչ,
սիրտդ մի՛ քիչ թող հովանա․․․

 *

Միօրինակ այս մեր կյանքին
մի քիչ հույզ եմ ավելացնում
ու
համեմում
սիրո հմայքներով,
մի քիչ արցունք, անձրև
և բնության հմայքն
առինքնող,
որ արբեցրել ու
խենթացրել է ինձ։
Ի՛մն էր երեկը,
այսօրն՝
առավել,
ես պիտի ասեմ
ինձնից մինչև հույզ
բերնեբերան սեր է
և դու՝
նրա տերը։
Մեր միջի  միջնորմը․․․
Վաղը կրկին քոնն եմ
միտքն անսահման է,
իսկ երազն՝ անուշ․․․
Մնայուն հույզը
բնույթն է իմ երկնել՝
հմայք տվել ու ձև,
տե՛ս, այնքան էլ
չեմ շառագունել․․

*

Ես քեզ կսպասեմ ադամամութի այն ակնթարթին,
երբ որ լույսին է հրաժեշտ տալիս մութը պարտված,
առանց տեսության ակնկալիքի,
ճամփան զիջելով նորելուկ օրվան։

Կսպասեմ  քեզ զվարթ գարունքին,
ճի՛շտ և ճիշտ նրա, այն երանությամբ,
որ ծնունդներ է գրանցում միայն,
ուր մահն ինքն իրեն հերքում է իսպառ։

Ես քեզ կսպասեմ անձրևից հետո առատահորդ,
երբ ծիածանը հաշտության կամար կապի երկնքում,
և իր գույներով զարմանահրաշ
վրձնի աշխարհը սիրով անարատ։

Ու կսպասեմ քեզ խաղաղկուն ծովի խոր հանդարտությամբ,
այնպիսի պահի, երբ որ ինքն իր հետ հաշտ է ու խաղաղ,
ու չկա անգամ խռովքի նշույլ․․.

Երկնի կապույտի մի անդորրությամբ,
անխռով արևի ծով համբերությամբ,
մերկ լռությամբ այս համատարած,
որ չի դժգոհում․․․

Ես քեզ կսպասեմ, անգամ թե չգաս․․․

*

Այրել եմ ետդարձի ճամփաները բոլոր,
որ չգաս,
որ է՛լ չգաս․․․
Հուշերը թաղել եմ այն անդարձ անցյալում,
հիմնովին,
է՛լ չկան․․․
Էլ չկա՛ սիրո հանգրվան,
ու տաք արբեցում,
ներել եմ քեզ վաղուց,
անայլայլ․․․
Անչար եմ, անխռով,
հավատա, այլևս  անհամ է
ամեն բան․․․

 *

Անկարելիի ու կարելիի սահմանագծում,
պարանից կառչած
ես՝ քեզ, դու ինձ էիր ձգում,
հետո պոկվելով ուժատ ու անհույս,
ես՝ ինձ, դու քեզ էիր գլորում,
ասես խաղ լիներ այդ ամենն անանց,
դու՝ ինձ, ես քեզ չէի զիջում,
մի բանում վստահ եմ հաստատ.
իրարու աjսպես էինք սիրում։

*

Գարնան շունչն է իմ ափերում,
Այն կարոտի բույր ունի,
Մեղմիկ զեփյուռն է ինձ շոյում,
Անուշ սիրո  գույն ունի,
Այնքա՜ն հույզեր են արթնանում,
Ասես սիրո ծով լինի,
Քո գրկում եմ գարունանում,
Էլի քոնն եմ, սիրելի։

*

Դու անվերջ կրկնում ես՝
ե՛ս եմ,
քեզ սիրողն ու պաշտողը
ե՛ս եմ,
հավատն է սուտ քո հանդեպ՝
դու չես.
լեզուն չէ.
աչքերն են ասում՝
ե՛ս եմ…

*

Ես զրույցի եմ կարոտ,
ու դու
չես անում...
Ես խորհրդի եմ կարոտ,
ու դու
չես տալիս:
Ես ապրելու եմ կարոտ,
ու դու
չես ուզում:
Իսկ ի՞նչ խղճով ես,
ասա՛,
տուն գալիս,
երբ այսքան խորն եմ
ես ցավը
Լալիս…

*

Սիրո թևերի տակ եմ
ծվարել
վաղուց, շատ վաղուց,
ու քանի դեռ ինձ տրված է
ապրել,
չեմ ուզում դուրս գալ
տաքուկ անկյունից,
չեմ ուզում զգալ
ո՛չ ցավ,
ո՛չ կսկիծ:
Եվ, եթե անգամ ինձ
համարեք գիժ,
փախչել եմ ուզում
ես
ձեր աշխարհից….

*

Ինձ է հարկավոր
լինելությունն իմ
ու անսահմանության մեջ
անէանալը,
բարի լույսի մեջ երեկոն
իսպառ տարրալուծելը,
սիրո ծավի մեջ
լուսարձակվելը,
քեզ, իմ գոյությամբ,
բեռ չդառնալը,
ընկերանալը,
մի քանի օրվա անցնող
այս ճամփան,
դու, մի՛ զարմացիր,
մե՛զ է հարկավոր․․․

*

Հոգուս երկինքը փլվել,
Մաղմաղ անձրև է մաղում,
Թախիծը մեղմորեն իջել,
Հոգուս հետ խաղ է անում,
Այնպիսի սիրով է գերել,
Հմայքին էլ չեմ դիմանում․․․

*

Սպասման աղմուկն  է լռել իմ ունկերում,
իմ ուսերին մենակություն է թառել՝
անսփոփ։

Կարոտի դողն է համրացել իմ պապակ սրտում,
իմ հոգու հուշերն են համբարձվում
անաղմուկ։

Հեռացման թախիծն է մորեմերկ քարացել,
հախուռն անցյալն ինձ ոչինչ
չի հուշում։

Մի տեսակ անորոշ է ներկան պատկերվում,
թեպետ  պահն այս այնքա՜ն
տաք է թվում․․.

*

Ես արդեն վաղուց
էլ ես չեմ,
ծովի փրփուր եմ,
էլ ալիք չեմ
առվակի ջուր եմ,
էլ հորդան չեմ,
աշնան քամի եմ,
էլ ամպրոպ չեմ
աննշմար ժայռ եմ,
էլ հրաբուխ չեմ...
Իզուր,
ա՜խ, իզուր,
որ ես
էլ ես չեմ:

 






Комментариев нет:

Отправить комментарий