Որոնել

вторник, 7 августа 2018 г.

Սմբատ Բաղդասարով. Անվերնագիր աղջիկ

Սմբատ Բաղդասարով (1993)


Քեզ

Վաղը ես գնալու եմ քեզ ավելի մոտ լինելու մի տեղ։
Գրելու եմ բոլոր սիրուն խոսքերը հանուն քեզ,
ու ծաղկանոցի մեջ եմ մնալու,
և այդ բաները բերելու եմ՝ քեզ տամ։

Անթափանց շորեր հագիր,
ինչպես թաքնված մի նուռ՝տերևից այն կողմ.
քեզնից մի բան տուր,որ նման լինի պայթող բողբոջի։

Էլ չկան տողեր,որ սիրուց հեռու լինեն,
որովհետև քո մարմնի վրա գրել եմ՝ երբ եմ գրում քո մասին։

Բոլոր ցերեկներում մահանամ,որ շատ լսես իմ մասին։

Ձիթենու բույր ունես,
որից կազդուրվել են թոքերս
և ես շնորհակալ կլինեմ քո նկարին,եթե անգամ իմ ծոցագրպանում չունենամ։


Աշխարհի բոլոր բանաստեղծությունները թողել եմ քո լուսամուտի տակ։


***


Պատի վրա նկարել է հույս.
մի կողմից անցնում է ամբողջովին թաց աղջիկ՝
անհուն գծած իր վարսերով,
ու ունկնդրում է Աստված - որ առանց վերքի նկարի վարսերը։

Բարեպարգև մատներից իր համակցում է քամին,
որ այնպես անցնի իր ուսերից՝ ասես կակաչի թերթիկն ընկնում է զմրուխտից։
Հետո նա դեռ տուն պիտի գնա.
կհանի թաց շորերը -
և ջրի կաթիլներն արդեն անգին կթվան։
Մարմնից դեպի մատներն իջնելու համար կտառապի Աստված,
քանի դեռ չի դիպչել իրեն։
Կիզիչ - կիզիչ ու հրապույր շուրթերին հպվեցին վարսերն իր
ու երգի ձայն ընկավ լուսամուտից։
Անվերջ թվացող աղջկիկը երևի միայն բնություն չուներ հոգում,
որ Աստված տխուր անցավ լապտերի տակով։

***
Գալիս եմ հոգնած դաշտից -
իմ ժամերն են սկվում.
լուսնի վրա մի պանծալի ծառ կա կախված՝
երևի այտնեղի նռների հատիկների մեջ կուրծքդ է։
Ես քեզ մոտ չեմ.
ինչ իմանամ՝ Աստված գուցե վերմակդ է ծածկում։
Ճանապարհ կա անցնելու մարմնիդ մասուրների տակով -
չեմ տեսել տակից կախված վարդաթույր արևը.
մատներս կպնեն արևիդ՝ առանց ճոճելու երկիրը։
Ես ու դու եթե լինենք,չեմ մահանա։
Չորացած տերեփուկներ եմ կապում սպիտակած ճյուղերին
ու մատներս նուրբ անցնում են այնտեղով
և զգում եմ,նույնն է՝ ինչ իմ 10 մատները հանդիպեն ուսերիդ մոտ։
Հոգին իմ,միշտ ուզում է խնամել վարսերդ.
մորս մոտի Աստվածաշնչում գրել եմ,որ քեզ սիրում եմ։
Դու քաղաքից չես գա գյուղ.
անանձ կլինեմ ես,
կամ կուրծքդ կսիրեմ հեռվից,
որովհետև ալտայի վրայից է երևի բույրդ ընկել ծաղկաջրի մեջ։
Ընդամենը դուրս արի դուրս,երբ գիշերը գա.
քամին կտանի լուսնին,
եթե մերկ լինես։
Իսկ դաշտում միայն ծաղկի վրայից նկարդ եմ կապում։

***
Եվ գուցե ինձ պատրանք թվան՝ քո մատները ծաղիկ,
եթե իմ հոգին չհասնի այնտեղ։
Մոխրացած է երեկոն այն զվարթուն,
երբ չգիտեմ մանուշակագույն ես քնում։

Իմ հոգին անցնի քո այգով մի օր -
ծառից կախված միրգ է մարմինդ։
Կկամենամ մերկ լինես հիմա,
որ չմեռնեմ հիմա։
Խափանարար չլինեն քո շուրթերն իմ շուրթերին,
որ զգամ աշնան բույրը նռանդ տակ։
Կծկված լինեն իմ ձեռքերը,իսկ հետո մեռնեն,
եթե արև չքաղեն քեզնից։
Քեզ մի անվերջ կյանք տան իմ աչքերը.
ես մնամ քեզ համար օր։
Ցուրտդ ինձ տաս,ու լացդ, եթե տաս ինձ,
ես կտամ քեզ կյանքն իմ նաև։

***

















Ու թռչունները թռան արևի վրա.
ես տեսել եմ նաև իրենք մասուրներդ էին տանում՝ քեզնից թաքուն։
Ճշմարտապես - կլինեմ դրախտի աղավնիների այգում,
երբ արձակեմ կոճակներդ։
Քո հոգին ալեկոծվում է ու իր կաթիլները հասնում են ծաղիկներին -
ո՞վ կպատկերացնի՝ ծաղկի ու կաթիլի միջև թռչունների գողացած մասուրներն են։
Կանցնեմ քո ճանապարհով,
եթե այնտեղ շորդ գցես.
արևի գույնի հասկ կաճի,
կամ ես կխաղամ աճած ծաղիկների թերթիկներով։
Քեզ համար գուցե ճկվում է երկիրը,
երբ թափվում են արցունքներդ։
Քո մաշկն ինչու՞ է ծաղկում անհասկանալի - բանն այն է,որ այնտեղ արևի ու լուսնի տակ գտնվող երկու տարբեր ժամանակների ծաղիկներ են լինում։

Ես միշտ երազում եմ.կյանքս տամ մատներիդ.
միշտ չեմ ապրի ուրիշ տեղ՝ չմահանալու համար։
Քեզից հետո միայն սիրուն է ծաղկի վրայից ընկնող ցորենը։
Քո պատճառով բաներ կան, որ մեղք է բառերով ասել.
օրինակ՝ Աստված նորից կիջնի,որովհետև քեզ ուզում է սիրել։

***
Մայրս էլի կույս մնաց,Աստվա՛ծ,-
ես ծնվեցի միայն։
Արի իմ տնակ,երկիր.
ես գիտեմ՝ կանաչ ձորի վրայի աղջիկն ես,
որի վարսերը քամին հանում է վեր։
Մի խալ կա սրտիս վրա,
ներսում մի աղջիկ - նա դուռը բացի,ծաղիկը կընկնի կրծքից։
-Նման բաներ գրելու ժամանակներն են իմ։
Իմ ձեռքերը երգել էին.
լուսամուտների վրա երջանկություն դնեի,
միայն անտուն երեխաների համար երգ գրեի՝ տիեզերքի վրա։
Բարեկամս,մի մտածիր աղքատ եմ միայն։
իմ տողերի վրայով կարող են միայն անցնել հղի կանայք -
գիրքս կայրես,բարեկամս,եթե ձմեռը ցուրտ լինի Ձեր տանը։

***
Քո պարանոցի վրա հնարավոր է մոլորակը ջրել։
Հացը պետք է շոշափել արևի մակերեսին ,որ այսուհետ քո բուրմունքից լինի։
Մաշկիդ վրայով անցնում են ծաղիկներ.
շորերիդ տակի ճանապարը երևի սկսվում է արևի տակ քնած նռներից։
Ես կգամ նորից թաքուն քո մատներից տանեմ իմ մատները։
Կարմիր է շուրթերիդ վրա կախված ծառը։
Նախշուն ծաղիկ է աճել ոտքիդ վրա-
եթե դու կարող ես մի քաղիր.
Աղջիկ է գիշերդ.
որովայնդ նման է գետակի մեջ ընկնող ծաղիկների։
Մի մարգարիտ է աճում մարմնիդ վրա,
միայն մարմնիդ վրա է լսվում ջրի մեջ ընկնող վարդի թերթիկների կանչյունը։

***
Ափերիդ վրա իսկական աշուն է.
ասյտեղ թռչուններին ոչ մեկը չի սպանում,
թռչունները թռչում են ճյուղից ճյուղ։
Ոսկեկարմիր ծաղիկդ չեմ պոկի,քանի դեռ կամ.
անցած տարի ես անցա քո կողքով.
գարնանը տեսա,որ լացում էիր - կրծքիդ վրայից մանուշակներ էին աճում(արցունքներդ էին թափվել այնտեղ)։
Ես քեզ ծաղիկներ ասե՞մ։
Երազներս լսել են,որ մատներդ տիեզերքում մի օր դաշնամուրի վրայով են անցնելու։
Խորն է սիրտս քո հանդեպ.
եթե վաղորդյան սիմինդրների վրա քո բույրը տարածվի,
ուրեմն քնած էիր՝ ուսերդ բաց։

***
















Հրաժեշտ

Չգիտեմ որտեղից սկսեմ ապրել -
արդեն աչքերիցդ հեռու եմ.
չկա ինձ համար ինձնից մնացած և ոչ մի բան,և ոչ մի բան։
Կախովի այգիներդ չեմ տեսնելու,
ու ոտքերդ,որ ճոճվում էին լուսնի վրա,միայն թանկ կյանք կլինի։
Մինչև գիշեր արդեն մոխիր լինեմ,
քանի որ ես էլի կամ մահանալու եմ,կամ ապրելու եմ քեզ մոտ։
Քո գետակից չեմ վերցնելու մասուրները՝ ջրի վրայով հոսող,
չեմ տեսնելու,որ քամին ծառերիդ մեջ մտած,մրգեր է թափում։
Շափյուղադ դեռ չգտած - հիմա հեռվանում եմ.
ասես գնում եմ,
որովհետև երկիրը վերջանում է։

***
Դու

Ես տեսել եմ,որ լճակի միջի խատուկի վրայի մի կանաչ բույսը նման է քեզ։
Իմ կյանքը մնա ուսերիդ առէջում-
ես գարունդ այնտեղից տանեմ քո վարսերի մոտ։
Հիմա գիտեմ,որ դու աղջիկ ես,
ով նստում է աստղերի այգում։
Քո բույրը կույս աղջիկ է.
կտրած կարմիր խնձորի համ է գալիս,
երր բացում ես լուսամուտը։
Մարմնիդ ծաղկակապը պատկերացնում ես եթե բացեմ,
Աստված ինձ դրախտ կտանի։
Քեզնից կորած արևի ուլունքը դու չես գտնի,
որովհետև այն ինձ մոտ է։
Մեղրամանի մեջ բողբոջ եմ դնում
և ցորենը կապում եմ ծաղկից,
որ քո որովայնը հասկանամ ինչպիսինն է։
Իմ մեղքերի համար չեմ զղջա
ու չեմ նեղանա Հուդայից,
եթե Աստված քեզ տանի։
Եթե անգամ ինձ սպանես,
ես հետո դժոխք կգամ,
որ քեզ ծաղիկներ տամ։

***
Բջիջներիս մեջ քո շորերից թաքցնեմ,
երբ մեռնելու լինեմ։
Ես ծաղկած տիեզերք կտեսնեմ,
եթե տանես ինձ այնտեղ։
Քեզնից հետո ուրիշ եմ.
երջանկության վրա նավապետ եմ։
Քեզ սիրում եմ.
երբ հասած ճյուղերի վրա տեսնեմ սիրամարգ,
կասեմ. այդ ամենը դու ես։
Վարդի վրայից եթե մի ուրիշ ծաղիկ թռնի,նման կլինի քո դեմքին։
Մի մոխրագույն միրգ էի տեսել,երբ ծառից քաղեցիր դարձավ նուռ.
պատմելու եմ դա Աստծուն։
Քո մարմնի վրայից գտնեմ սեր,
գտնեմ կարմիր այգի,որովհետև այդտեղ արևը գիշերն էլ է մնում,
ու ինձ գտնեմ։
Երբ կարապների պես է մոլորակը,
ես իսկույն գիտեմ դու դրսում ես։
Էնպես լավ կլինի,որ ինձ սիրես արդեն-
մայրիկիցդ թաքուն՝ մի գիշերում գամ և հավաքեմ քո սպիտակ ծաղիկները։

***
Ես ինչու՞ չպիտի սիրեմ քեզ,
եթե տեսել եմ,որ Աստված կարող է իջնել քեզ համար երկիր-
բառերը պիտի թրջեմ ծաղիկներով,
որ քեզ ասեմ՝ դու կարմիր խատուտիկ ես։
Ինձ պետք է քո գիշերը-
քո լճակների նավապետը լինեմ,բայց ջութակով։
Պտույտ անեմ ամեն օր քո մարմի սաղարթախիտ այգում,
որ հանեմ հասած ծաղկաբույսերը։
Քո միջով անցնի կյանքս-
ես տուն տանեմ քո նռները շատ կարմիր։
Տափաստան դու չունես.
տեսել եմ,որ երջանկություն կա քո վրա։
Իմ միակ սիրտը ուզում եմ քեզ տալ,երբ դու մրսես։
Աստված սպասում է,որ մոռանամ քեզ.
Նա կգա երկիր քեզ համար։

***
Անվերնագիր աղջիկ

Քո մատները եթե տանեմ մի ուրիշ մոլորակ,գուցե նռներ աճեն։
Ուսերիդ փռեմ անտառից բերած տերևները,
որ քամին հետո քշի մրգերը քո ուսերից։

Գիշերը երբ գա,ես զարդատուփից կհանեմ մարգարիտները,որ քաղել եմ քո շուրթերից։
Մնա այս երկրի վրա,որ դաշտում երիցուկներն աճեն,
որովհետև մի օր երիցուկներով էի և հայելու մեջ տեսա իմ ձեռքերի մեջ ես։
Ես քեզ համար ուզում եմ ինձ բերել-
կյանքս տամ,որ մի բան ասես իրեն։
Արևի տակ մնա շատ քիչ,որ դեղնեն ծաղիկներդ այն,որ քոնն են։
Ես ծառի վրայից գտնելու եմ քեզ նման գարուն։
Երկնքից ուզում եմ կախել մատներիդ նմանվող բաները,
որովհետև հույս ունեմ՝ խնձորի նման բույր ունես։
Երբեք չեմ դադարում քեզ գտնել խատուտիկի վրա-
դաշտերում կարելի է գտնել քեզ շատ նման ծաղիկներ։

***
Երբ մենակ լինես,ինձ կանչիր,որ սիրտս բերեմ։
Քո մաշկի վրա թող տեսնեմ դեղին ծաղիկներ-
մի օր փոքրիկ դույլ պատրաստեմ իմ ձեռքերի համար,
որ գամ ու ջրեն իրենց։
Ես տեսել եմ արև՝ քո վրա նստած-
դու քամի ունես նաև շորերիդ տակ.
հավաքեմ ճամպրուկներս ու գամ, տնավորվեմ մարմնիդ մոտ
ու մինչև մեռնելս պատրաստեմ այդտեղ մի պաստառ՝ վրան մի նուռ նկարած։
Քո շուրթերի մոտ ե՞րբ եմ թողնելու իմ թոքերը.
երբ քամի դուրս գա,
ես ծաղիկներ եմ փռելու այնտեղ,
որ թերթիկները տարածվեն էլի քո վրա։
Քեզնից հետո ես հեռանալու եմ քո մարմնից
և գալու եմ երկիր՝ շատ տխուր-
ինձ ասա. երբ մահանաս,
ես կյանքս տամ քեզ։

***
Ագարակների մեջ քեզ գտնելը հեշտ չէ,երբ ամառ է։
Քեզնից ընկած բողբոջը միրգ էր անձրևից հետո-
քանի դեռ կամ՝ քո վրայից գտնեմ վարդագույն տերևներ։
Երբ ես ասեմ՝ դու լուսնին ասել ես դուրս չգաս,քանի որ այսօր ողնաշարիս մոտ ծաղիկներ պիտի աճեն,
քեզ կսիրահարվեն ձեր փողոցի տղաները-
դրա համար ես սրտիս մեջ կպահեմ քեզ։
Եկ ամենափոքր նավակով շրջենք՝ երբ գիշերը գա։
Մոլորակի վրայից պարտեզ է կախված-
այդպես եմ մտածելու,երբ տեսնեմ՝ կուրծքդ դուրս է ընկել խալաթից։
Մեր ձեռքերի հանդումը ե՞րբ է լինելու,
որ չմահանամ էլ։
Լուսնին ամենամոտ աստղի բակում դու նստում ես երևի ամեն գիշեր-
քո մարմինը փոշոտել է արդեն
ու հասնելու ես դու նավակի մեջ ու այգում նաև,
երբ արթնանաս նորից մենակ։
Արևի համ են տալիս աչքերդ-
երբ ծիծաղում ես,նման ես լինում այն դաշտին,որտեղ ծառի վրայի առաջին միրգը հասել է։

***
Քո շորերի տակ ամեն բան գիշեր է.
մինչև ծնկներդ բաց կարող ես այնպես լինել,ինչպես ծառերի վրայից չեն թափվում բողբոջները։
Շշուկները քո աչքերի եղյամների պես են սովորաբար.
անցիր իմ պատուհանի մոտով,որ քեզ տամ կյանքս,
որովհետև ոչ մի աղջիկ էլ չի կրկնվելու,որ նման լինի քեզ-
ուստի,երբ օրերս անցնեն քո մոտով՝ ինձ չվերադարձնես ինձ։
Քամին միշտ հարձակվում է մարմնիդ վրա,երբ արդեն ծառերի վրա մրգեր չեն լինում։
Քեզ քանի հոգի են սիրում.բոլորը երջանիկ են,
իսկ ես պատուհանիդ տակ ծառ եմ տնկելու,
որ երբ ճյուղերը հաստ լինեն ու քո պատուհանի մոտ հասնեն,բարձրանամ ճյուղերի վրա ու լինեմ ամենաերջանիկը։
Քանի դեռ սիրում եմ քեզ,ուզում եմ փողոցում քեզ հարցնել՝ ինչ կլիներ,եթե անմարդաբնակ կզզում երկուսով լինեինք ու ես քեզ էլի սիրեի։
Մրջյուններց մեկը լինեմ,որ այն ծառի շնորհիվ քո մարմնի վրա լինեմ։




Комментариев нет:

Отправить комментарий