Որոնել

суббота, 11 августа 2018 г.

Կանտա Իսի.«Տարօրինակ քամի» գրքից. արդի ճապոնական պոեզիա

Կանտա Իսի
























«Կարմիր ծաղիկ» շարքից

1
Ես ճանապարհում եմ լուսաբացը
դեպի ծովածոցը մերիդիաների:
Կյանքից անդին աշխարհը թունավոր ծաղիկ է՝
անզգույշ փաթաթված իմ երակներին:
Դու մի օր կգաս:
Կբացես քեզ վրա փլվող մեր տան դուռը
և կարտասվես խաբկանքն օրերի:
Լոտոսների մեջ կթաղեմ հիշողությունն արցունքներիդ,
արևին կպատմեմ ծամերիդ թողած
մատնահետքերիս գաղտնիքը:
Ես մի օր կհաղթեմ՝
այսքա՜ն անփութորեն լքված լինելուս բութ ցավը:

***



2
Ուղղակի սիրել քեզ,
համբուրել շուրթերիդ քնած թռչուններին
ու բաց թողնել բոլոր վանդակների դռները,
ու ծաղիկներ շաղ տալ կնճռոտ մայթերին՝
քո բույրը հիշող:

Ուղղակի, ուղղակի սիրել քեզ,
անտառներին պատմել 
քո մեջ փռված միլիոնավոր ծառերի աղոթքը,
երկինքներին գոռալ քո մեջ գտած
հազարավոր աստղերից ամենակախարդականի մասին,
ծովերին սփռել ճերմակությունն ուսերիդ,
խանդել՝ ոտքերիդ մետաքսը համբուրած ճանապարհները...

Սիրել քեզ, ուղղակի սիրել քեզ,
արթնանալ՝ շիկացած մայրամուտիդ հենված,
ննջել՝ ցնորքների գիշերներդ սրբացնելով.
ահա այսպես եմ ես մեռնում,
ահա այսպես է անմահանում իմ մեջ լինելիությունդ:

***

3
Տարիները սարդոստայնի պես արծաթեցին դեմքս:
Ես սպասեցի քեզ աղմուկներում քաղաքի, 
որ մշտարթուն էր,
ոչ մի լռություն չբերեց քեզ ինձ:
Տեղափոխվել եմ իմ փոքրիկ գյուղակ:
Աշխարհը բարի է իրիկնամուտին,
ուր երազկոտ նստում եմ ափին առվակի
ու տխուր ցավում դառը սոսափյունը
լացող ծառերի:
Ժայռերը խրոխտ հսկում են թախիծս,
ամպերի թաշկինակով  սրբում եմ 
արյունած հիշողությունը:
Կարմիր ծաղիկ է փլուզումը՝
տեղավորված սպիներում երեկվա երգի,
կարմիր ծաղիկ է ցավը՝
չտեղավորվող մոռացումների ծվեններում վհատ...





















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий