Որոնել

суббота, 11 августа 2018 г.

Կիկի Դիմուլա. «Ծաղիկները ապակու տակ» գրքից

Կիկի Դիմուլա (1931 Հունաստան)


Արի պատմեմ քեզ, թե ինչպես են խեղդվում հրեշտակները՝
չծնված մանուկների հախճապակե արտասուքներում:
Մեզանից մեկը կարող էր ծնող դառնալ,
մեզանից ոչ մեկ չեղավ սեր:
Մեր ողնաշարին հիմա սերտաճում են
փարթամ կակտուսներ,
մենք իրար համար 
հիվանդ հիշողության արձանագրությունն ենք:
Պատահում է՝ ես օրերով բաց եմ թողնում 
տան դուռն ու սպասում վերադարձին
մեր չծնված որդու, մեր ոսկեվարս դստեր,
երջանկության, որն այլևս  ուրվական է:
Ես հիմա կարճ մազերով տխուր կին եմ,
դու՝ վկայումն այն բանի,
որ մի օր եղել եմ...

***

Հոտը հիշողություն է:
Ծերությունը վախեցնում է տխմարներին,
մնացածներին՝ հաճոյանում:
Տղամարդկանց համար կյանքն արկած է,
կանանց համար՝ ծես:
Բոլորը շտապում են ինչ-որ տեղ,
ամեն մարդ չի վերադառնում:
Այս բանաստեղծությունը
չարտասված ճիչ է այն մասին,
թե ինչպես են կնճռոտվում նվիրումները:

***

Ծովից բարձրացող փրփուրների մեջ
ես տեսա դեմքդ:
Իմ քաղաքում արգելված են թախիծները:
Ամռան մարդիկ սիրում են կյանքը
պահի մեջ զեխության,
ամռան մարդիկ ազատվում են իրարից
հաջորդող նավահանգիստներում:
Կինը, ում դու գրկել ես՝
միջին հաշվով ագռավ է,
վերջինով՝ չվացուցակ:
Ես դադարել եմ սպասել քեզ,
հատկապես, երբ մութ է,
իսկ օրը մութ է ամեն ժամանակ:
Մազերս արծաթվել են,
ասում են՝ դու ծերանում ես իմ մեջ:

***

Ոչինչ չի փոխվի.
դու կապրես ինձանից մի ոտնաչափ հավերժություն,
ես՝ ամեն երեկո կծխեմ պատշգամբում:
Իմ աչքերում փուլ եկած երկինքը
կգերի ամենաազատ թռչուններին,
որոնք կհյուսեն իրենց բույնը
բիբերիս խորքում:
Քնելուց առաջ ես էլի երկար կնայեմ
փշրվող հորիզոնին 
ու մի բաժակ ջրով կուլ կտամ թախիծը:
Ի՜նչ ափսոս, որ դու պիտի վերադառնաս,
երբ ծաղիկներս կլինեն ապակու տակ,
երբ ձեռքերիս կսառչի՝
քեզ գրկելու դարավոր սպասումը,
երբ լուսաբացը կլինի 
իմ բարձրակրունկներով հեռացող 
թեթևաբարո մի կին՝
հայացքում չորս մեխ...

















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий