Որոնել

понедельник, 13 августа 2018 г.

Մարգարիտ Դերանց. Քրտնաձուկ

Մարգարիտ Դերանց























Բանտարկյալները օրվա ընթացքում շատ են քայլում։ Նրանք տքնաջան բանում են՝ շինարարական ծանր աշխատանքներ կատարելով։ Շատերը զբաղված են կենցաղային իրեր, հեծանիվ, կահույք արտադրող արտադրամասերում, խոհանոցում։ Պետությունը նրանց ամենաէժանագին կոշիկներն է տրամադրում. բարակ ներբանով, պաշտպանիչ ներդիր չունեցող ոտնամաններ, որոնք շատ անհարմար են: Շատերը ազատ քայլելու խնդիր են ունենում. եղունգները խրվում են մաշկի մեջ, ոտնամատները ծռմռվում, իսկ կոճերն ու ներբանները ձևափոխվում են։ Կալիֆորնիայի Chowchilla քաղաքի գաղութում, չորս հազար բանտարկյալից երկու հազար հինգ հարյուրը բժշկական հատուկ կոշիկներ հագնելու պահանջ ունեցան։ Սա և՛ տրամաբանական էր, և՛ արտասովոր։ Գաղութի բժիշկը առաջին անգամ էր բախվում նման գլխացավանքի։ Փաստորեն՝ պիտի ճշտեր ու հասկանար, թե բողոքողների մեջ ովքեր էին իսկապես հիվանդ և, թե ովքեր էին ձևացնում։ Բժշկական կոշիկ տրվում էր բժշկի ստորագրությամբ, և քանի որ սրտով բարի մեկն էր՝ առանձնապես չէր խոչընդոտում ոտնաման ստանալու գործընթացը, իսկ ներդիր բաժանում էր անհաշիվ, քանզի կոշիկի
մեջ դրվող այս հարմարանքը որոշ չափով պահպանում էր ներբանները՝ ցավն ու ձևափոխումը կանխելով։ Գաղութ հասնելու համար բժիշկը երկար ճանապարհ էր կտրում իր ավտոմեքենայով։ Նա կամավոր ընդունել էր բանտարկյալների առողջությունը հնարավորինս բարձր մակարդակի վրա պահպանելու առաքելություն, ուստի ամսվա մեջ երկու անգամ գաղութին մերձ հյուրանոցում համար էր վարձում՝ հոգնեցուցիչ, երկարատև ճանապարհից խուսափելու համար և երկօրյա բուժզննումները հնարավորինս արդյունավետ իրականացնելու համար։ Նա հաճույքով էր թողնում հարմարավետ, եկամտաբեր իր գրասենյակը, որ քաղաքի կենտրոնական մասում էր, քանզի առաջնորդվում էր մարդասիրությամբ և բնավ չէր գերադասում սեփական շահը։ Պետությունը ժլատ էր և՛ բանտարկյալների, և՛ բժշկի հանդեպ։ Երկու օրը բավական սեղմ ժամանակահատված էր, ուստի անձնազոհ մեր բժիշկը աշխատում էր շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ՝ հնարավորինս շատ հիվանդներ ընդունելով։ Միաժամանակ չորս հիվանդասենյակում նրան սպասում էին բուժքույրների կողմից անզգայացած, հաշմված ոտնաթաթերով վիրահատության սպասող բանտարկյալները։ Նրան հաճելի էր գիտակցել, որ ինքը պահանջված է և պետք է այդ մարդկանց: Կային բանտարկյալներ, որոնք չէին կարողանում քայլել։ Նրանք բուժօգնություն էին ստանում գաղութի լազարեթում։ Անկողնային ռեժիմը յուրաքանչյուր բանտարկյալի երազանքն էր։ Բժիշկն աշխատում էր անձնուրաց նվիրումով՝ ներքին բավարարվածություն ստանալով այն գիտակցությունից, որ ինքը պահանջված ու պիտանի մասնագետ է։ Հիվանդները շատ էին։ Նրանց հերթագրում էին որակյալ բուժզննում անցնելու համար, իսկ նրանցից շատերը սպասում էին մինչև իսկ մեկ ու կես տարի։ Սա շատ երկար ժամանակ էր։ Ոմանք, անելանելի դրությունից ինչ-որ կերպ դուրս գալու համար, թիթեղի կտոր էին հատում բանտային բաժակից, ապա՝ եզրը սրելով՝ մշակում էին ոտնաթաթերի կոշտուկները։ Այլընտրանք չունեցողների այս «վիրահատությունները» հետագայում առավել բարդ խնդիրներ էին առաջացնում։ Բժիշկը բազմիցս տեսել էր նման բարդություններ վաստակած հիվանդներ, բազմիցս ահազանգել՝ խնդիրը ղեկավարների շրջանում բարձրաձայնելով։ Անհրաժեշտ էին որակյալ վիրաբույժներ, ովքեր ամենօրյա աշխատանքով անհապաղ կանդրադառնային յուրաքանչյուրի խնդրին։ Ապագայում կգան ժամանակներ, երբ բժիշկ- podiatrist-ի ձայնը կլսվի ի վերջո, և գաղութում կաշխատեն ևս մի քանի բժիշկներ։ Բայց դա կլինի ավելի ուշ. հետո…
Երկու տարի առաջ էր, երբ նա առաջին անգամ ոտք դրեց տղամարդկանց գաղութի կլինիկա։ Նրան ընդհանուր տեղեկություն տվեցին բուժկենտրոնի, օգնականների, բանտախցերի, բարձր պատերի ներսում գործող միակ խանութի և այլնի մասին։
Կանանց գաղութը բաղկացած էր քսանինը բանտախցից, որոնցից յուրաքանչյուրում մոտ տասնչորս բանտարկյալ կար, իսկ տղամարդկանց գաղութը ութ անգամ ավելի մեծ էր։ Երկու գաղութներն իրարից բաժանող տարածությունը սոսկ երկու մղոն էր։
Ամերիկան, իբրև ժողովրդավարական երկիր, դավանանքի ազատություն է շնորհել իր քաղաքացիներից յուրաքանչյուրին, այդ թվում՝ բանտարկյալներին։ Կյանքի հատակում հայտնված այս մարդկանցից շատերը հույսեր են կապում Աստծո՛ հետ։ Նրանցից շատերը չեն բաժանվում Աստվածաշնչից, Ղուրանից, Թալմուդից…
Բժիշկ վաղուց վարժվել էր իր հիվանդների այս կենսակերպին ու չէր զարմանում բնավ, երբ նրանք բուժզննման էին ներկայանում իրենց հաստափոր գրքերով։
Chowchilla քաղաքի գաղութում պահվող հնդկացիները հետևողականորեն ցանկանում էին կառուցել իրենց աղոթատունը` Sweat Lodge1-ը։ Ըստ էության, աղոթատուն կոչվածն ընդամենը խուց կամ սենյակ կարող էր լինել։ «Քրտնաձուկ» դառնալու համար, հնդկացիները սենյակում ստեղծում և պահպանում են բարձր ջերմաստիճան, որպեսզի ներկաները կարողանան ուզածիդ պես քրտնել։ Սա հոգու և մարմնի մաքրման ծես է՝ հոգևոր ծիսակարգի զուգորդմամբ։ Բանտարկյալներից շատերը դեմ էին դրան, քանզի քրտնքի հոտը սրտխառնուք առաջացնող գարշանք էր։ Այս հարցը մեկ տարի առաջ դրվել էր համընդհանուր քվեարկության, բայց բանտարկյալների ճնշող մեծամասնությունը կանխել էր Sweat Lodge-ի կառուցումը։ Հնդկացիները չէին հանձնվում՝ հետևողականորեն բարձրաձայնելով դավանանքի ազատության իրենց իրավունքը։ Պահանջում էին նոր քվեարկություն՝ նախկինը կեղծ-սարքովի համարելով։
Կալիֆորնիայի բոլոր բանտերում սպիտակ հագուստով բանտարկյալները ամենավտանգավորն են, կապույտ հագուստովները` միջին ծանրության հանցագործներ, իսկ մուգ կապույտ հագուստով բանտարկյալները որոշ դիրքեր են զբաղեցնում աշխատատեղերում՝ օրինակելի վարքի շնորհիվ, և համագործակցում են օրենքի տառը կարևորող անձնակազմի հետ:
Բժիշկը տագնապի զգացողությամբ ոտք դրեց գաղութ՝ մասնագիտական իր պարտականությունները ստանձնելով, քանզի զգուշավոր էր ի բնե։ Սրան նպաստում էին իրարամերժ այլևայլ տեղեկություններ, բայց կասկածները ցրվեցին շուտով, իսկ վախը դադարեցրեց իր հալածանքը։ Առնվազն մի քանի ոստիկան բշժկի տեսադաշտում էին մշտապես։ Վտանգավոր բանտարկյալներին բերում էին ձեռնաշղթաներով, ու քանի դեռ չէր սկսվել բուժզննման բուն գործընթացը՝ պահում էին հատուկ վանդակներում։ Ամեն ինչ պարզ էր հալած յուղի պես։ Մարդկանց հետ շփվելու մեծ փորձառություն ունենալով՝ բժիշկը անմիջապես կռահում էր հիվանդի մարդ տեսակը։ Մարդասպանը ճանաչվում էր դեմքի վրա ցայտուն արցունքի կաթիլով։ Կաթիլ էին դաջում մարդասպանները՝ ի լուր բացահայտելով իրենց ով լինելը, բայց սա ինքնանպատակ չէր իհարկե, քանզի մարդասպանության համար դատվածները մեծ իշխանություն ունեին գաղութում։ Տղամարդը միշտ էլ տհաճություն էր զգում նման հիվանդներ ընդունելիս, բայց օրեր անցան, և համանման հանգամանքներն այլևս չէին անհանգստացնում։ Ինչ էլ լինի, բժիշկը բարեխիղճ աշխատող էր, Հիպոկրատի երդմանը հավատարիմ։
Որոշ ժամանակ անց բժիշկը հասկացավ, որ այս աշխատանքն ինքը կատարում է ոչ միայն կարեկցանքից, այլև հետաքրքրությունից դրդված։ Ինչքա՜ն տարբեր են իր և այս մարդկանց կյանքի ուղիները։ Նա ինքնագոհ մեկը չէր և իրեն նրանցից լավը չէր համարում։ Շատերը հանցագործության էին դիմել ճակատագրական ինչ-որ վերջնակետում, որտեղ մեկ ամբողջականության մեջ էին դժվար մանկության պատառիկներ, ծնող չունենալու ցավ, մերժված սեր, փողոց ընկած երեխայի արհամարհանք ծնողի հանդեպ… Հանցագործությունը կարծես հանկարծ և միանգամից արձակել էր բազմաթիվ հանգամանքների վերջին հանգույցը։ Բժիշկը գտնում էր, որ իր բախտը պարզապես բերել է։ Կյանքում չարն ու բարին ընտրելիս նա հաճախ էր ապակողմնորոշվել, բայց ամենավերջին պահին աներևույթ մի ուժ նրան առաջնորդել էր դեպի ճշմարիտն ու օրինականը։
Ճակատագիրը հաճախ այնպես է մոտեցնում օրինազանցության և օրինապահության նուրբ սահմաները, որ մարդիկ խճճվում են դեպքերի չարաբաստիկ հորձանուտում։ Ոմանք հետո են հասկանում, որ ընդունել են փոխատեղված արժեքներ։ Այստեղ են՝ պաշտպանվելու, հարձակվելու, հոշոտելու, գերիշխանություն հաստատելու և կամ համաձայնության չգալու արատավոր դրսևորումները, սեփական ճիշտն ու օրենքը հաստատելու մարմաջը։
Նա այնուամենայնիվ փորձում էր հասկանալ հիվանդությամբ կաշկանդված բանտարկյալներին, որոնք բանտի օրենքներով էին առաջնորդվում այլևս։ Բժիշկը մինչև իսկ խղճում էր ոմանց, իսկ պրոֆեսիոնալ իր հմտությունները կիրառում էր անշահախնդիր՝ առանց բացառության։ Ստեղծվել էին երկկողմանի փոխհարաբերություններ, որտեղ առկա էր համակրանքի ոգին։ Բանտարկյալները սիրում էին նրան և այլ վարքագիծ էին դրսևորում բուժզննման սենյակում։ Ոմանք պատմում էին ճշմարտանման ստեր, իբր՝ անարդար դատավարության պատճառով են ազատազրկվել։ Ոմանք էլ, հանցագործության մասին խոսելիս, այլափոխում էին շարժառիթը, համոզում, թե՝ առաջնորդվել են զուտ բարի նպատակներով։ Ահա նա՛, շատ քաղաքավարի ծերունին, որի շուրթերից անպարկեշտ խոսք անգամ չես լսի։ Կարծես ինչ-որ մեկի բարի պապիկը լիներ։ Այնինչ դատապարտված էր ցմահ։ Ատրճանակով սպանել էր քաղցկեղով հիվանդ իր կնոջը, որովհետև կնոջը սիրում էր իսկապես և կամեցել էր կանխել նրա հետագա տառապանքները։ Բայց եթե սա մարդասիրության դրսևորում չէր, ապա ի՞նչ անուն տանք սրան։ Ցմահ բանտարկություն բարեգործությա՞ն համար… Ապա ի՞նչ կարող է լինել էֆտանազիան, որ օրենքի ուժով է գործում։ Գուցե օրեր կանցնեին, և կինն ի՛նքը կգնար հիվանդանոց՝ էֆտանազիան իբրև փրկություն ընդունելով։ Մտորելուց հետո բժիշկը հասկացավ, որ արդարադատությունն այդքան միամիտ չէ, իրականում «բարի պապիկը» սթափ հանցագործ է, որն ինչ-որ հաշվենակատ նկատառումներով սպանել է կնոջը։ Եվ ծերուկը նման սրտաճմլիկ բացատրություններ է տալիս, քանզի հանցագործությունն ավելի քան ակնհայտ է ու բացահայտված։
Տղամարդը կանանց գաղութ էր գնում ի պաշտոնե, սակայն երբեմն բռնացնում էր ինքն իրեն այն մտքի վրա, որ հաճելի մի բան կար կանանց գաղութ գնալու մեջ։ Ա՛յլ մտածողությամբ, ա՛յլ հոգեվիճակներով այս արարածները բոլորովին ուրիշ միջավայր էին ստեղծել չորս պատերի ներսում։ Նրանք բոլորը հանցագործներ էին իհարկե, բայց խնդիրը մտածողությա՛ն մեջ էր։ Նույնանման բռնարարքը այլ է կնոջ և այլ է տղամարդու պատկերացումներում։ Քիչ չէին բուժզննման սենյակում անկեղծացող կանայք, բայց նրանց պատմություններն առավել հուզական ու նուրբ էին։ Կար մեկ այլ հանգամանք ևս։ Բժիշկը՝ բժիշկ, բայց նա տղամարդ էր նախ և
առաջ, իսկ սա նազուտուզ անելու ենթագիտակցական շարժառիթ էր կանանց համար։
-Բժիշկ, շա՞տ է ցավելու…
Նա հնարավորինս նուրբ էր աշխատում կյանքում արդեն իսկ ծեծված բանտարկյալուհիների հետ, բայց ռետինե ձեռնոց կրող նրա ձեռքերը ցավ պատճառում էին այնուամենայնիվ։ Մինչ նա շոշափում էր կնոջ ոտք համարվելուց հեռու նրանց ոտնաթաթերը, կապտուկներով ծածկված մաշկի վրա արցունքներ էին ընկնում երբեմն։
Այնինչ նրանք ավելի դիմացկուն էին, քան տղամարդ հիվանդները։ Զրույցը, հավանաբար, նրանց շեղում էր ցավից։ Պատմում էին, թե ինչպես են հայտնվել բանտում, իսկ կենդանի այս հերոսների զրույցները ցանկացած ֆիլմից ավելի հետաքրքիր էին, քանզի պատմողը և՛ ռեժիսորն էր, և՛ սցենարիստը, և՛ դերասանը։ Սուտն ու ճիշտը, երևակայականն ու իրականը այնքան միատեղված էին, որ դրանք սահմանազատելն անհնար էր։ Շատ բանտարկյալներ, բազմիցս կրկնելով ու հաստատելով նույն սուտը, մեկ այլ ճշմարտություն էին կորզում դրանից՝ անկեղծորեն հավատալով հենց նրան, ինչը անիրական ճշմարտություն էր այլևս։ Սակայն բոլոր այս պատմությունները չափազանց ճշմարտանման էին, որովհետև պատմողն առաջնորդվում էր անսուտ հավատի ստով։
… Բժիշկը դեռ երկար կհիշի աղջկան՝ Թինա Միգելին։ Առաջին անգամ, երբ տեսավ նրան, աղջիկը քայլում էր մեծ դժվարությամբ. ոտնամատները քրքրված էին, մաշկը` բաց, արյունոտ։ Իսկ երբ նա` քսաներեքամյա Թինան պատմեց իր գլխով անցածը, բժիշկը չէր կասկածում, որ աղջկա պատմությունը զուտ եղելություն էր՝ պարզ ու անկեղծ։ Ուստի բնավ տարօրինակ չէր, որ հերթապահներից մինչև բուժքույրեր՝ բոլորն էլ համակրում էին նրան՝ պնդելով, թե աղջիկը անմեղ է, ճակատագրական հանգամանքների զոհ։ Թինան ազատազրկված էր արդեն յոթ տարի։ Դեպքը կատարվել էր վաղ անցյալում, երբ տասնվեց տարեկան էր։ Չկան կատարյալ օրենքներ։ Ցանկացած երկրի դատական համակարգում առկա են կոպիտ սխալներ, որոնք ճակատագրեր են խեղում։ Թինային դատել էին չափահաս մարդու համար գործող օրենքով, թեև տասնվեց տարեկան էր։ Դատավորի խստասրտությո՞ւնն էր պատճառը, թե՞ քրոջ ջանքերը. պարզ չէր։ Գաղութներում քիչ չէին համանման դեպքերը։ Բժիշկը գիտեր, որ Թինա Միգելը անարդարության հերթական զոհն է, և առանձնահատուկ գթասիրտ էր նրա հանդեպ։ Աղջիկը երկկողմանի որբ էր, ապրել էր ավագ քրոջ ընտանիքում։ Քրոջ ամուսինը տարիներ շարունակ բռնատիրել էր նրան՝ սեռական իր ցանկությունները ստորությամբ բավարարելով։ Այսպես շարունակվել չէր կարող։ Թինան պաշտպանվել էր հաճախ, բայ
տղամարդն ուժեղ էր, կարողանում էր հասնել իր ուզածին։ Ահա և համանման իրավիճակ էր, երբ…
Թինան սպանել էր քրոջ ամուսնուն ձեռքն ընկած ծանր առարկայով։ Սա, իհարկե, ինքնապաշտպանություն էր, ո՛չ այլ բան։ Քույրը դատավարության ընթացքում սրբացրել էր հանգուցյալ ամուսնուն՝ մեղքն անչափահաս քրոջ վրա բարդելով։ Ինչի՞ համար, ո՞ր շարժառիթներով։ Հետագայում քույրն անկեղծացել էր մտերիմ մի մարդու մոտ, խոստովանել, թե փրկում էր ամուսնու անունն ու պատիվը՝ հանուն երեխայի։ Ասում են՝ ավագ քույրը առանձնակի հոգատար չէր էլ եղել։ Թինան բեռ էր, ավելորդ շարունակություն, որ սկզբնավորվել էր ծնողներից, և որին հանդուրժելը ծանր պարտականություն էր սոսկ։ Վեց տարվա ընթացքում ավագ քույրը երբեք չէր այցելել Թինա Միգելին։



Բժիշկը խնամքով վիրակապեց աղջկա ոտնաթաթերը։
-Ինչո՞ւ չես դիմել կոշիկ ստանալու համար… Ամենքից առավել դու ունես դրա կարիքը …
- Հույս չունեի, թե կստանամ,- պատասխանեց Թինան։- Ի դեպ, Սանդրան ինձ լավորակ կոշիկ է խոստացել…- Խիտ թարթիչներով, հոգնությամբ խամրած աչքերում հույս կար թերևս։
- Քեզ ինչքա՛ն եմ ասել, Թինա, հեռու մնա Սանդրա- Սանդրոյից,- զրույցին միացավ տարեց բուժքույրը։
- Բայց ինչո՞ւ,- առարկեց աղջիկը,- Սանդրան վատը չի, բայց դուք բոլորդ, խոսքներդ մեկ արած, պախարակում եք նրան։
- Եթե բոլորս նույն բանն ենք ասում, ուրեմն մի բան կա…
- Չգիտեմ,- շարունակեց Թինան,- ներսն ու դուրսը լրիվ տարբեր են… Այն, ինչը պախարակված է դրսում, գաղութի ներսում կարող է և գնահատվել։ Սանդրային շատերն են սիրում, սա գաղտնիք չի։
- Իսկ ես քեզ ասում եմ՝ զգուշացի՛ր ու հեռու մնա,- պատասխանեց բուժքույրն, ու առարկություն չընդունող նրա տոնը վերջ դրեց խոսակցությանը։

… Հաջորդ անգամ, երբ բժիշկ-վիրաբույժն իր հերթական շրջայցն էր կատարում, Թինայի ոտնաթաթերն արդեն բավական լավ վիճակում էին։ Ճիշտ աղջկա ոտնաչափով կոշիկ կար։ Բժիշկն իր ձեռքով հագցրեց փափուկ, հարմարավետ ոտնամանները։ Աղջիկն այս անգամ կտրուկ փոխված էր։ Ժպտում էր բացակա հայացքով, աչքերը խորհրդավոր փայլում էին։ Բժիշկը նրան նմանացրեց համադասարանցուն սիրահարված իր անչափահաս դստերը, որն իր զգացմունքներն արտահայտում էր թերևս նույնանման ժպիտով։ Թինայից տարօրինակ ինչ-որ փափկություն էր ճառագում, սիրո պես մի բան։
Երբ աղջիկը դուրս եկավ սենյակից, բժիշկը հարցրեց բուժքրոջը.
-Գաղութում շատ են պինդ, ընդվզող կանայք, Թինան մի տեսակ փխրուն բարի է։
-Բարին միշտ էլ հաճելի է,- պատասխանեց գթության քույրը,- բայց ես հակառակ համոզմունքն ունեմ։ Չարությունն այստեղ շատերին օգնում է, որ հզորանան։ Գաղութում հզոր պիտի լինես։
- Աղջիկը կարծես սիրահարված լինի,- շարունակեց բժիշկը,- պահակախմբի զինվորներից ո՞ր մեկի հետ է սիլի-բիլի անում։
- Ինչ սուր աչք ունեք, բժիշկ…
-Ուրեմն՝ ճի՞շտ եմ…
-Գիտեք, երեկ իմ հանգստյան օրն էր, թոռնիկիս տարա Long Beach թաղամասում գտնվող Խաղաղօվկիանոսյան Ակվարիումը։ Այնտեղ կային վարդագույն, ծիրանագույն, վառվռուն ձկներ, որոնք սթրեսից փոխում են ոչ միայն գույնը, այլև՝ սեռը…
-Սե՞ռը… Տարօրինակ է։
- Այո, բնության մեջ կա նման երևույթ։ Իսկ գաղութներում ազատազրկվածները, ինչ-որ իմաստով, ակվարիումային կյանք ունենալու թշվառությանն են դատապարտված։ Գալիս է պահը, և ոմանք գույնը փոխելու վճիռն են կայացնում։ Ցավալի իրողություն…
- Հետո՛…
- Հետո այն, որ դուք և՛ ճիշտ եք, և՛ սխալ, բժիշկ…
Նրանց զրույցը ընդհատվեց բարձր աղմուկից։ Հաջորդ հիվանդը ձեռնաշղթաներով հարվածում էր վանդակի ճաղերին։ Նրան բերեցին բուժզննման սենյակ։ Թվում էր՝ բժիշկն ամբողջովին կենտրոնացել է նոր հիվանդի վրա, սակայն մտքով աղջկա հետ էր։ Մի՞թե նման բան կարող էր լինել… Հետաքրքիր է, իսկ ո՞վ էր Թինա Միգելի սիրո առարկան, և ինչպե՞ս էր ծլարձակել անբնական սիրո ծաղիկն այս գորշ սալահատակի վրա, բանտի անպտուղ հողում։ Նա չէր կարողանում հասկանալ իր տագնապը, որ սրտում էր բնավորվել, չէր կարողանում տագնապելու պատճառը բացահայտել։ Օրվան ընդառաջ գնացող պարտականությունները խլեցին խոհեր, իսկ հոգնածությունը կամաց-կամաց տիրեց մարմնին։ Անբացատրելի տագնապն ու աղջիկը մնացին այլ տիրույթներում։

Բժշկի ավտոմեքենան սահում էր խճուղով՝ ետևում թողնելով եռաշերտ փշալարերով պաշտպանված ճամբարը։ Ճանապարհը գեղեցիկ էր, աջ և ձախ կողմերում այգիներ էին, սաղարթախիտ, դարավոր ընկուզենիներ, ծաղկած նռնենիներ։ Սովորաբար, տուն վերադառնալիս, բժիշկը բարձր տրամադրություն էր ունենում, քանզի հոգատարության ևս մեկ օրը շատ բան էր փոխում բանտարկյալների կյանքում։ Բարձր տրամադրությանն էին նպաստում շրջապատի գեղեցկությունն ու մեքենայի սրընթաց շարժումը։ Արագությունը միշտ էլ հաճույք էր պատճառել։ Նրա սիրտը լցված էր գոհունակությամբ, որ պտղաբեր աշխատանքի իր բաժինն էր՝ աշխարհից, աշխատանքից, մարդկանցից։ Ինչ-որ տեղ, բանականության հեռավոր ինչ-որ անկյունում իր փխրուն գոյությունն էր շարունակում Թինա Միգելը։

… Բժիշկը Chowchilla-ի կանանց գաղութ վերադարձավ մեկ տարի անց, քանի որ նրան գործուղել էին Կալիֆորնիայի՝ Մոհավի (MOJAVE DESERT) անապատի հեռավոր ծալքերում ծվարած մեկ այլ գաղութ։ Սա նորություն չէր։ Բժիշկներին հաճախ էին տեղափոխում՝ մարդկային գործոնը կարևորելով։ Երկարատև շփումը նույն բանտարկյալների հետ հղի էր համակրանք ծնելու վտանգով։ Ուստի և՝ բուժանձնակազմի ժամանակավոր տեղափոխությունները սովորական մի բան են աշխատանքային պրակտիկայում։
Տղամարդկանց գաղութ վերադառնալով՝ նա իմացավ առաջին նորությունը։ Հնդկացիներն ի վերջո կառուցել էին Sweat Lodge-ը։ Դավանանքի ազատություն ունենալու նրանց պահանջը բավարարված էր։ Դե, իսկ կանանց գաղութում խոսում էին Թինա Միգելի մասին։ Կար մեկ այլ նորություն։ Քսանութ բանտախցից տասնչորսը կողմ էր այստեղ ևս «քրտնաձուկ» կառուցելու գաղափարին, տասնչորսը՝ դեմ։ Որոշիչ ձայնը մնում էր քսանիններորդ բանտախցին, որտեղ գտնվում էր Թինա Միգելը։ Բուժքույրն ասաց, որ բանտախցի տասը կանացից հինգը հնդկացիներ էին։ Նրանց մեջ էր Սանդրա-Սանդրոն։ Մյուսները՝ հրեա, ռուս, գերմանացի, հայ… մի խոսքով՝ այլազգիներ։ Այստեղ ևս բաժանում կար. հինգը՝ հինգի դեմ։ Բանտախցի քրիստոնյա կանայք կտրուկ դեմ էին Sweat Lodge-ի կառուցմանը, քանի որ հնդկացի կանայք աչքի չէին ընկնում մաքրասիրությամբ։ Կաթոլիկ քրիստոնյա Թինա Միգելը երկու տարի առաջ կտրուկ դեմ էր նույնպես։
Այդ Ժամանակահատվածում Սանդրա-Սանդրոն սիրահետում էր Թինային:
Բանտարկյալների աշխատավարձը թեև շատ ցածր է, բայց երկար տարիների ընթացքում նրանք գումար են տնտեսում՝ փոքրիկ կարողություն կուտակելով։ Սանդրան ծախսում էր իր խնայողությունները Թինային շահելու համար, Canteen2-ից գնում էր ուլունքներ, մատանի։ Իսկ Թինան հրաժարվում էր, չէր ընդունում։ Արգելված էր դրսի ուտելիքը գաղութ բերել, բայց խորամանկ Սանդրա-Սանդրոն, հերթապահ զինվորներից մեկին կաշառելով՝ տապակած ճուտ էր գնում Kentuki Chicken3-ից։ Սա Թինա Միգելի ամենասիրած ուտելիքն էր։ Թմբլիկ Թինայի թուքը չորանում էր բերնում, բայց և կարողանում էր հրաժարվել երազանքների ուտեստից։ Անցան ամիսներ։ Զարդեղենը, համեղ ուտելեղենն ի վերջո գայթակղեցին աղջկան։ Սանդրոն մտասևեռված էր մե՛կ բանի վրա. Sweat Lodge-ը եղել էր նախնիների սրբավայր. Sweat Lodge-ն ամեն գնով պիտի կառուցվեր կանանց գաղութում: Գուցե վրեժ լուծելու պես մի բան կար այս մտահղացման խորքում, և Սանդրան խեղված իր ճակատագրի փոխհատուցումն էր պահանջում կյանքից։ Սանդրան ուսումնասիրում էր Թինային՝ ամենաթույլ տեղը գտնելու նպատակով, «մայրական» սիրով խնամում էր, երբ աղջիկը մեկ շաբաթ գամված էր անկողնուն, քանզի ծայրահեղ վատ վիճակում էին ոտնաթաթերը։ Գայթակղելու ամենահարմար ժամանակը մոտեցել էր։ Կզղջա՞ Թինան հետո։ Դեռ չգիտենք, բայց նա…. հանձնվել էր։
Օ՜ մարդկային սիրտ, քո երազանքը սերն է ու քնքշության վայելքը։ Այնինչ մեղքը հայտնվում է այնտեղ, ուր իղձերն են բանտարկյալ։ Ի՞նչ իմանաս, թերևս աղջիկն այնքա՜ն հուսահատ էր, որ մեղքն ընդունում էր իբրև մխիթարություն։ Եվ մխիթարություն կարող էր լինել մոռացության ակնթարթը, որ վառվռուն ձկներին է հանդիպում, երբ նրանք հանկարծ բռնվում են սթրեսի ուռկաններով… Բարձր, երկնքի ազատությունը ճանկռող փշալարեր... Որբ մանկություն... Սեռական ստորացումներ… Բռնություն… Եվ, ի վերջո՝ ակնթարթ, որ մոռացության մեջ կարող էր խորտակել այս ամենը, կարող էր խորտակել անցյալն ու վաղվա անհուսությունը, որն այլևս անտանելի էր ներկա անհուսության մեջ։ Ակնթարթ էր՝ որպեսզի չլիներ ոչինչ…
Սանդրոյի ազդեցությանը ենթարկվելով՝ Թինան ի վերջո հրաժարվեց քրիստոնեությունից և ընդունց հնդկացիների հավատամքը։ Այժմ Թինա Միգելի ձայնը վճռորոշ կլիներ Sweat Lodge-ը կառուցելու հարցում։ Այս ձայնի շնորհիվ հնդկացի կանայք ի վերջո հաղթեցին, և «քրտնաձուկ» կառուցելու նրանց երազանքը դառավ իրականություն։
…Սանդրան հասել էր իր բաղձանքին` Sweat Lodge-ին։ Կարճ ժամանակ անց, նա պատեհ-անպատեհ ծաղրում էր Թինային` դեմքին շպրտելով ճշմարտության վիրավորանքը։
«Սեր չկար, Թինա,- ասում էր՝ լկտի հռհռալով,- դու ընդամենը անմիտ խաղալիք էիր ինձ համար»։
Ճշմարտության դառը թույնն օրըստօրե կործանում էր աղջկան։ Ի վերջո, Թինա Միգելին գտան լոգասենյակում՝ կախված։
Գթության քույրերը իրարամերժ տեղեկություններ էին հաղորդում բժիշկին։ Ոմանք պնդում էին, թե քրոջն էր ուղղված Թինայի գրպանում գտնված երկտողը. «Ես քեզ սիրում էի… Ես բանտում էի, իսկ դու չեկար տեսակցության...»։ Այլոք համոզված էին, թե երկտողի գիրը ա՛յլ բովանդակություն ուներ ենթատեքստում և ուղղված էր Սանդրա-Սանդրոյին։ Մարդիկ, սովորաբար, ցանկանում են ա՛յն ճշմարտությունը, որն իրենք կցանկանային իրականության մեջ։ Այնինչ չլուսաբանված էր մնում բուն իրականությունը։ Չափազանց հակիրճ ու անբովանդակ էր կանանց գաղութի
պաշտոնական մահազդը. «Թինա Միգել։ Քսաներեք տարեկան։ Դատաբժշկական քննությունը հաստատում է վարկածը։ Ինքնասպանություն՝ ընկճախտի հետևանքով»։
Կարդալով գրությունը՝ նա դեռ երկար ժամանակ չէր սթափվում իրարամերժ մտքերից։ Մի՞թե սա՛ կարող էր լինել մարդու կյանքը։ Մի քանի բառ, որ շպրտում են հետմահու՝ իբրև վերջին վկայություն։
Աղջկա հոգեհանգստյան արարողությունը տեղի ունեցավ գաղութի մատուռում, որն ընդամենը քառակուսի սենյակ էր՝ քրիստոնյաների աղոթատեղին։ Ներկա էր նաև ավագ քույրը, որ արտասվում էր՝ վախվոր հայացքը թաշկինակի մեջ կորցնելով։ Մի՞թե սուգ կամ սրտացավություն կար նրա սրտում, թե՞ ազատագրվում էր մեղքի բեռնակից… Ապա ինչպե՞ս էր շարունակելու հարմարավետ, անվրդով իր կյանքը հետո։
Իսկ տղամարդակին Սանդրա-Սանդրոն Sweat Lodge- ում մասնակցում էր բոլոր ծիսակատարություններին։ Բարձր ջերմաստիճանը քրտինք էր քամում նրա մարմնից, որ ուժասպառվում էր ապա՝ երկարատև աղոթքներից հետո… Հմայական, քաոսիկ երաժշտության ռիթմերը ի վերջո հասցնում էին անկառավարելի խենթության, և Սանդրան ոռնում էր՝ ինչպես կատաղի վագրը մթին ջունգլիում։ Կիսաթափանցիկ մշուշը որոշ չափով կոծկում էր իրականության դեմքը, բայց հավատակիցներն այնուամենայնիվ
տեսնում են չարագույժ ճիվաղներ, որ հանկարծ ազատագրվում էին նրա երախից։ Դրանք տարալուծվում էին աստիճանաբար, անէանում թանձր գոլորշու մեջ։ Երկրպագության այս ժամերից հետո չար ոգիները չէին տանջում Սանդրային, և նա կարողանում էր քնել անխռով։ Բայց անցնում էր օրը, և ամեն բան կրկնվում էր՝ հաջորդ ծիսակատարությանը մասնակցելու պահանջ ծնելով։

Բժիշկի մեքենան սուրում էր խելագար արագությամբ։ Չափազանց ուժգին էր իրականությունը հերքելու պահանջը։ Նրան այլևս չէին գրավում գեղեցիկ այգիներն ու հորիզոնի հմայքը։ Նա պոկվել էր տառապագին փախուստից և ցանկանում էր հնարավորինս արագ հասնել տուն։ Բժշկին կրնկակոխ հետապնդում էր Թինա Միգելի մարմինը, որ ճոճվում էր հորիզոնից առկախ, իսկ ոտքերը առողջ էին՝ փափուկ կոշիկներով։


*
Podiatrist. Նշ. Ոտնաթաթերի բժիշկ, վիրաբույժ
1. Sweat Lodge. նշ. է՝ քրտնաձուկ։ Կրոնական այս ծիսակարգը հաստատուն բովանդակություն ունի Ամերկայի հնդկացիների պատմության և մշակույթի մեջ։ Ըստ հավատամքի՝ դրա շնորհիվ մարդն ազատագրվում է չար ոգիներից, դևերից։
2. Canteen. այսպես են կոչվում խանութները բանտարկյալների գաղութներում։
3. Kentucky Fried Chicken (KFC). (նշանակում է՝ տապակած ճուտ՝ Կենտուկիից)։ Ռեստորանային և արագ սնունդ առաքող համաշխարհային ցանց, որն առանձնահատուկ ընդունված է ԱՄՆ որոշ նահանգներում։

2 комментария:

  1. Տաղանդավոր արձակագրի ձիրքով օժտված Մարագարետ Դերանկն ընթերցողի առջև բացում է՝ թվում է, թե հայտնի, բայց իրականում անհայտ դաժան աշխարհի դռները, որի բնակիչները թվացյալ նեզ ծանոթ, բայց պարզվում է՝ բոլորովին անծանոթ մարդիկ են, որ ճոճվում են մեղքի և քավության մերձիմերձ բևեռների միջև։ Թինա Միգելի կյանքի դրաման այդ փակ աշխարհի դառն իրողությունն է, որ հոգեբանական նուրբ վերլուծոթյամբ, հիմնավոր ու համոզիչ ներկայացրել է Մարգարետ Դեռանկը։ Պատրիկ Արտեմի

    ОтветитьУдалить