Որոնել

четверг, 23 августа 2018 г.

Լևոն Սարգսյան. Եվ քառասուն օր ես քեզ չտեսա

Լևոն Սարգսյան (1957)
















Քո սենյակում,
Որտեղ երբեք չեմ եղել
Ու չեմ լինի,
Ամռան գիշերվա
Անթափանց մութի մեջ
Մարմինդ
Լույս է տալիս։
Այդ
Լույսի տակ եմ գրում
Երգերս։

***
Ի՜նչ սիրով ես
Ընծայում ինձ
Մերկությունդ, սեր իմ,
Վստահ,
Որ կծածկեմ այն
Հիացումով,
Բառերով 
Ինձնով։

***
Եվ քառասուն օր
Անհուսության պաղ երկինքներից
Անձրև տեղաց,
Եվ քառասուն օր
Հույսը
Ջրահեղձ էր,
Սերը՝
Անտապան:
Եվ աղավնի չկար:
«Գոնե ագռա՜վ թևեր»:
Եվ քառասուն օր
Ես քեզ չտեսա:
 ***
Սեր իմ,
Ես տեսնում եմ,
Թե ինչպես է
Իմ նվիրած մատանին
Սեղմում
Պարանոցդ։

***
Դու
Զուգահեռ
Իմ գոյությունն ես
Հավետ անհատելի։
Ինձ մնում է
Սփոփանքը
Հատվել անսահմանության մեջ։
Հույսս
Անսահմանությունն է։

***
Մահու չափ տխուր է 
Նայել,
Թե ինչպես է
Հեռանում սերը...
Քո Աշնան միջով։

***

















Քո մարմինն արդեն
Լույսով չի բուրում
Շոյանքս չկա։
Քո քայլվածքն արդեն
Լույս չի շաղ տալիս
Հայացքս չկա։
Քո աչքերն արդեն
Լույսից չեն փակվում
Համբույրս չկա։

***
Որտեղ էլ լինես,
Քո մեջ
Տրոփելու է
Իմ ժամանակը։

***
Ափերս՝
Թափուր
Բներ
Տատրակի։
Սեր իմ,
Նորոգիր
Ամեն օր։
Ամեն։

***
Երբ դու գնացիր,
Ես ինձ փնտրեցի
Տառապանքի մեջ՝
Անզուսպ ոռնալիս,
Ցավի մեջ՝
Դարձդ
Ճիչով տենչացող,
Եվ փողոցներում
Ես ինձ փնտրեցի,
Որոնցով մի օր
Շողացել ես դու:
Ես ինձ փնտրեցի
Ամենուր, սեր իմ,
Սակայն գտա ինձ
Իմ մի հեռավոր
Ու խուլ անկյունում –
Հույսի մեջ
Սսկված:

***
Քո սենյակում`
Պատուհանից ձախ,
Ամեն օգոստոս
Մի ծաղիկ է
Ծաղկում –
Դու։
Ո՜նց է թպրտում
Պատուհանի
Սիրտը,
Երբ տոթ գիշերներին
Ծաղիկը
Բացվում է
Լրիվ:

***
Օտար
Պատուհանների ետևում
Իմ սիրելին է:
Ամեն անգամ
Սիրտս
Թռչում է
Դեպի նա,
Զարկվում ապակիներին
Ու
Ընկնում թեւաբեկ՝
Ճակատագրի
Ոտքերի առջեւ:
Ի՜նչ ճակատագրական են
Ապակիները:


Комментариев нет:

Отправить комментарий