Որոնել

понедельник, 13 августа 2018 г.

Դավիթ Սամվելյան. Մինչ դու բանաստեղծում ես

Դավիթ Սամվելյան























Մինչ դու բանաստեղծում ես, 
ինչ-որ տեղ ինչ-որ մեկը մահանում է
առանց գեղարվեստական հավելումների,
մեկ ուրիշը ծնվում է հակագեղարվեստական ճիչերով,
ինչ-որ մեկը հնատիպ գեղարվեստական գրքերից մեկի էջերն է ճմրթում,
 որ մարմնի յոդ քսած հատվածները դրանցով մեկուսացնի,
մի անտուն էլ Կանադայի ցուրտ քաղաքներից մեկում
կրակի մեջ է նետում Շեքսպիրի սոնետները,
Լիբանանի շուկաներից մեկում Պուշկինով են խուրման փաթաթում՝

 մեղավորն անծանոթ ռուսերեն տառերն են,
Դելիում արդեն ավարտվում է աշխատանքային ժամը,
բոլորը շտապում են տուն, իսկ շինհրապարակի միակ զուգարանում 

խնամքով իրար վրա դարսված են Ռեմբոյի դեղնած թերթերը։
Իսկ դու բանաստեղծում ես այդ ամենի մասին 

գրախանութից գնած քո նոր նոթատետրում
ու ինքդ քեզ չես խոստովանում,
որ այն մի օր աղբն ես նետելու։



***

Քո անսեր կրոնի
ու իմ անաստված սիրո արանքում
մի մեծ պատ է բարձրանում,
որի անունն է Բազմություն,
 և որի վրա գրված է
«Աստված սեր է»
Քո դատարկ լռության
ու իմ չասված խոսքերի մեջտեղում
մի չստացված երկխոսություն է մահանում,
ուր չասված ամեն խոսքի փոխարեն  ականջներում թնդում է․
«Բանն էր ի սկզբանէ»
Քո նյութապաշտ սրտի
ու իմ խամրած հոգու արանքում
մի մաշված  քսակ է թավալվում,
որից թափված ամեն դրամի վրա ոսկեջուր տառերով դաջված է․
«Կայսերը՝ կայսրին, աստծունը՝ աստծուն»
Կայսր․․․ գոնե աչքս մի թագավոր տեսներ․․․
Իսկ հոգուս տվածը ու սրտիդ ուզածը հոժար չէր Աստծուն։
Մուրացկան ենք դարձել․
ես՝ քո անսթափ ու անհաստատ  սիրո,
դու՝ իմ չասված խոստումների արդյունքում։
Քո անսեր կրոնի
ու իմ անաստված սիրո արանքում
մի մեծ պատ է խոյանում,
որի վրա մեծ-մեծ տառերով գրված է․
«Երանի հոգով աղքատներին»,
իսկ հակառակ կողմում՝
«Երանի աղքատներին,
քանի որ նրանցն է արքայությունը երկնքում»։
Իսկ մենք գլուխներս կորցրել ու սեր ենք փնտրում դատարկ ու սոված քաղաքում։


***

Քեզ...
Սիրով...
Եվ այս գորշ ու մառախլապատ, որբ քաղաքում,
որտեղ ցերեկն ու գիշերը իրար գրկած չեն ուզում բաժանվել,

ուրվական ենք դառնում ու թաքնվում ցեխոտ փողոցներում,
այն տեղերում, որտեղ հայացքդ, ծորալով իմ աչքերից,
քո հետևից զուր է գոռում.
Քեզ...
Սիրով...
Վաղուց մեռած տերևներով լղոզված մայթերում,
ուր ամեն նոր անձրև թրջում է չթաղված հուշերը քո սրտում,
տերևները վաղուց համբարձում են խնդրում անցած աշնան համար,
ու անհույս, ցածրաձայն գոռում.
Քեզ...
Սիրով...
Վառ լույսերի միջից հուր առկայծող ու այրված ժպիտով,
Զիլ ձայներց հառնող լուռ ժպիտով՝
Կարոտիս խոսքերը կամքից, եղանակից անկախ դուրս են պրծնում
ու դառնում են մի անհանգ, չսանձվող բանաստեղծություն,
որից ես էդպես էլ գլուխ չեմ հանում,
որի վերջում միշտ գրված է.
Քո...
Սիրով...
Չգիտեմ՝ ով...




Комментариев нет:

Отправить комментарий