Որոնել

среда, 15 августа 2018 г.

Մարիաննա Մուր. «Քաղց» շարքից. արգելված պոեզիա

Մարիաննա Մուր (1887-1972 Նյու-Յորք, ԱՄՆ)























Ձանձրալի է տեսնել քեզ նման տղամարդու կողքին
այդքան սուրբ կնոջ:
Նա ապրում է Ամերիկայում,
ես՝ կրում եմ Ամերիկան շրջազգեստիս տակ:

***

Կարող ես չվերադառնալ.
դու հիմա ուրիշի մնացորդն ես.
ես նախընտրում եմ ամեն ինչ, կամ ոչինչ:

***

Հայելիները պահում են 
մեր նախաստեղծ ժպիտներն ու լացը.
ամեն մարդ համարձակություն չունի
արտացոլվելու:

***

Ինձ մի օր կեսօրին կկախեն
ազատների հրապարակում
և ոչ թե Ազատության.
այս երկիրը ինձ չունեցած 
վրեժխնդիր տղամարդ է՝
փոքրիկ ծորակով:

***

Գրագետ կանանց հևոցն է նույնիսկ տարբերվող`
քրտնած անկողնում:
Ինձ մի նախատիր,
որ այսքան փշոտ է լեզուս.
ես իմ մաշկի տակ 
մատնության անթիվ կակտուսներ ունեմ,
բայց, այդուհանդերձ,
դեռ տարբերում եմ
մլավոցները հիմարիկների՝
ինքնակամ փլվող՝ 
ճաշակը կորցրած
տղամարդկանց տակ...

***

Դու պիտի հաշտվես,
որ կողքիդ արթնացող կինը
առավոտյան մոռանում է՝
գիշերն իրեն գծագրած լեզուդ,
երբ բառերդ անզգուշորեն
պտտվում են հիշողության շուրջ
իմ հոտի
և դու դադարում ես հավատալ՝
այնքան ահնրապույր դարձած
ներքնազգեստներին կարմիր ...

***

Ես պահում եմ 
այս բանաստեղծությունը
քո սիրելի 
մետաքսե գիշերազգեստիս գրպանում.
երբ ես չլինեմ՝
քեզ թող մնա 
հիշողությունը մաշկիս
և տխմարորեն արգելվածի
գաղտնիքը տաք:

***

Անունդ հիմա թաց է շուրթերիս,
ճիշտ այնպես, ինչպես այն գիշեր,
երբ կաթիլ առ կաթիլ
լցվում էիր իմ մեջ՝
խլելով տունս...

***

Ամերիկան էժան սիրուհիներ չի մուրում, աղջի՛կ.
նախ՝ գուշակիր ցանկությունները,
ապա բացիր ոտքերդ:
Մենք ապրում ենք 
քաղցած տղամարդկանց դարում, անմիտ աղջի՛կ,
մենք միս ենք, միս ենք ու էլի միս,
որովհետև վաճառված հոգին համարժեք է դրան,
որովհետև չվաճառվող հոգին
ծերացող մարմին է՝
անպետք, անպետք, անպետք.
մի օր ժպտա, անուղեղ աղջիկ՝
հասկանամ, որ ցավում ես:












Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի



Комментариев нет:

Отправить комментарий