Որոնել

вторник, 21 августа 2018 г.

Էուջենիո Մոնտալե.«Դինարյան թիթեռ» գրքից. նոբելյանակիր պոեզիա

Էուջենիո Մոնտալե (1896-1981 Իտալիա)



Ես տեսնում եմ անկումը աստվածների,
հրեշների պարը լղոզված երկնքի թանաքում,
լուսնի ճիչը՝  սրտի տրոփում փայտփորիկների:
Մենք անցել ենք այս առվով երկու անգամ,
մենք չենք կարողացել չսիրել:
Մահը չի կարող լինել կատարյալ,
եթե ոչ մի անգամ չեն լքել քեզ:
Անկարևոր հաշտությունը ժամանակի կորուստն է
իմ և քո կնճիռներում:
Սրբերը չեն թակում դուռը կարմիրով,
սրբերը սպիտակ դանակով են գալիս:

***

Թռչունները պատրաստ չեն ճախրանքին:
Աշունը ջրափոսում լվացվող թափառաշրջիկ է:
Աշխարհում կա ճշմարիտը
և դա անհնար է իմանալ:
Ատելության առավոտը
սիրո կատարելության մեջ կրակված գիշերն է,
որից հետո նախընտրել են ուրիշ սերմ:
Երկար լռությունը մեզ մերձեցնում է հպումին Լույսի:
Ասա, որ գոնե մի օր սիրել ես ինձ...

***

Մոխրագույն թղթերի մեջ,
մշուշներում քաղաքի, 
անծանոթների գծուծ ժպիտներում,
շարժուձևում օտարների՝
ես փնտրում եմ քեզ:
Հացս բորբոսն է օրերի,
երգս՝ մոտեցող ձմեռ:
Ամեն ինչ հերքվում է աշխարհում,
երբ դու իմ կողից չես ստեղծված:
Թախիծը սայթաքում է սառույցին մենության,
պատերին փաթաթվում են մելամաղձության չղջիկները:
Մեր մեջ մեռնող թիթեռները
համբուրվում են անդարձության մեջ հողի,
մենք շարունակում ենք ապրել
իննսունիներորդ օրվա ողբերգությունը:






















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

2 комментария: