Որոնել

понедельник, 13 августа 2018 г.

Բար սենց. բանաստեղծություններ

Բար սենց (1993)






















Հավելյալ հիշողություն

Հիշում եմ.
Երկինքը բացվեց անպատեհ.
Աստված սուրբ գրքերն էր
Թերթում՝ զարմացած։

Հիշում եմ.
Սեղմեցի կոճակը՝
Ու Նեղոսը գժված
Վեր ու վար էր անում,
Ձկները շշմած փսխում էին.
Գետը լիքն էր չասված բառերով...

Հիշում եմ.
Ծառերից կախված դիակներ էին
(Ծաղկած դիակներ)
Մեռած կամ դեռ դրա հակառակը,
Գլուխները վար էր,
Աչքերն ու սիրտը բռերում պինդ սեղմած,
Մեռած էին, կամ էլ դրա հակառակը,
(Իսկ դրա հակառակը անպայման ողջը չի),
Ես հավատում էի, որ ծառերը ջրեմ,
Հասնելու են, ընկնեն գետնին,
Օրերով ջրում էի, մինչև մեկը,
Անկարևոր մեռելի համեստությամբ
Ատամների արանքից թույլ արտասնեց.
-Միզապարկս շատ է սեղմում, թարգի...
Առավոտ լուսո ծառերի տակ
Որթնած դիակներ էին, անտերև, անպոչ,
Որ ոչ մեռել էին, ոչ էլ դեռ ողջ...

Հիշում եմ.
Ջրային թագավորությունում
Ամեն ինչ ներդաշնակ ու սիրուն էր,
Մինչև իսկ աչք փակեցի
Իշխան ուտող շնաձկան վրա,
Բայց չներեցի ջրահարսերի ու
Գորտերի՝ նույն դասը
Կիսելու փաստը,
Ու "մատ արեցի"
Վերջին թագավորությանը ևս...

Հիշում եմ.
Գրկել էր զինվորական սապոգը,
Ծիծաղում էր ու լացում,
Լացում էր ու ծիծաղում,
Չիմացա՝ որից ավելի շատ,
Հետո սառեց ու քարացավ,
Բայց սապոգի մեջ ոտքի մատները
Դեռ շարժվում էին իներցիայով...
Հիշում եմ.
Իմ բոլոր երազները
Հիշում եմ...

***

Չ'ոտանավոր

Թանկ ու էժան(լինում է),
Մոտիկ ու հեռու,
Մեծ ու փոքր, ժամանակին և անժամանակ,
Կուշտ կամ սոված գնացած բոլոր մեռելներին՝
Մինչ այս ու հետայսու չասված ցավակից տողերի տեղակ...
Վիճակագրություն չկա,
Բայց ենթադրություն կա
Որ բառարանները ամենից շատ
Բացվում են մահախոսական գրելիս,
Ամենագեղեցիկ ու կատարյալ բառերը
Ասվում են ձեզ, երբ էլ չեք կարող լսել...
Որովհետև միայն երբ չեք շնչում
Այդ ժամանակ եք սիրելի բոլորին։
Բոլորը հիշում են ձեզնից մի-մի տող,
Բոլորը խմում են ձեր մասին մի-մի թաս,
Հետո հերթով սառում են բոլորը ,
Նախ դուք, ապա՝ հույզը, հետո աչք...
Բոլորս մոռանում ենք գերսուտը՝
 "Միշտ հիշելու",  (եթե միշտ հիշեինք
Չէինք հնարի հիշելու
Հատուկ  օր ու կարգ),
Եվ ուրեմն
Ցավակցություն են
Իմ բոլոր չգրված
Բանաստեղծությունները՝
Որոնք ամենակատարյալն են,
Ձեր մասին է իմ լռությունը
Ու ձեզ եմ ամփոփում իմ բազմակետերում ...
Ես, որ սովորաբար մտածում եմ
Խոսելուց հետո,
Ցավակցելիս ամենաերկարն եմ մտածում,
Ու այդպես էլ լուռ եմ մնում՝
Խոսքով ցավ կիսելու մեջ
Ինձ անզոր զգալով։
Ես խեղճանում եմ անասելի,
Դառնում անզոր ,մի բուռ, 
Ես կորցնում եմ բառերս...
Իմ՝ դեռ ողջ ու առողջ,
Մեծ ու փոքր,
Թանկ ու էժան(լինում է)
Հեռու և մոտիկ
Հարազատներ՝
Մի մեռեք,  խնդրում եմ,
Մի թողեք խեղճանամ...

***






















Իմ մասին
Պատմելով՝
Ինձ ճանաչելուց
Շեղում եմ քեզ...

Ճանաչիր ինձ,
Մանրակրկիտ
Ապրիր լռությունս,
Եվ հաստատեմ՝ քոնն եմ...
Տեսություններից
Ամենաանհավանականը
Անձրև է խոստանում.
Հիշեցնում խոստումը՝ անձրևով գնացածների...
Որ պիտի հաղթեն ու հետ գան...
Զգացմունքներից ամենամարդամոտը,
Ամենածերն ու անդավաճանը
Աչքերիս մեջ իր ամրոցն է
Հյուսում շյուղ-շյուղ,
Ու ցուցանակ կախում վրան՝
"Կարոտ"
Անձրևից մինչև հավերժություն...

Մաշված ծնկներով
Խաղաղության աղոթքներ եմ
Կախում ամպերից,
Որտեղ ճոճվում են բազում
Կանացի աչքեր՝ խաղաղապահ՝
Փոթորիկների,
Երկրաշարժերի,
Պատերազմների
Վախից փոս ընկած,
Շներին հատուկ Հավատարմությամբ՝
Հույսին չլքող աչքեր,
Երբեք չթացացող,
Խորն ու մինչև պռունկը
Սպասումով լցված։
Աչքեր, որոնք ասես՝
Պարտքի գիտակցությամբ
Հաջորդ պատերազմի սյունն են քանդում՝
Տաշեղ-տաշեղ,
Ցավ ու ցասում իրար խառնած
Կանացի աչքեր են դրանք,
Որ ոչ միայն հնազանդ են,
Այլև տեր են
Դարին...

***

Պատերազմն ավարտվեց սահմանին՝ բոլորի աչքերը չոր են.
Վիթխարի ջրվեժ են՝ բացված դեպի ներս,
Մեկմեկու աչքալույս են ասում՝ թե ոտքերը զույգ են, 
Թե դիակ են թաղում, այլ ոչ ՝ հույսը անտես...

Պատերազմն ավարտվեց սահմանին՝ անունը մտավ տնետուն,
Մի կիսատ ժպիտ մնաց՝ խեղանդամ խաղաղություն,
Թե չեկան՝ հետմահու երգ դարձան, 
Թե եկան՝ "մեղք" դարձան՝ չեկողի որդու աչքին...

Պատերազմն ավարտվեց սահմանին
Անսահման պատերազմ ծնվեց սրտերում
Օրհնանքի սովոր լեզուն՝ անիծեց,
Հաց ու հույս չկար տներում...

Հոտո Արև եղավ, հետո Աստված ու Հաց,
Միոտանի աղոթք եղավ, ու կարոտ ՝ նյարդը բաց,
Աստված լռեց մի պահ, ցավն ու ձայնն էլ լռեց,
Երբ զոհվածի այրին՝ "
"Պատերազմող" ծնեց...

***






















25-ի մասին

Նախատեսածիս ուղիղ կեսն ապրել եմ,
50-ից հետոն՝ հիշելու համար է...
Ու քանի որ նպատակները
Երկարացնում են կյանքը
Ես դրանք տեղավորել եմ
Մնացած 25-ի մեջ միայն։

Մի քիչ հղի եմ
Մի քիչ՝ ամուսնացած,
Ու սիրտս իրոք խառնում է
Տարօրինակ օդից,
Անտանելի հոտից։
Մեղավորը ես եմ,
Որ ոչ թքել սրբոտել եմ
Ոտատակս,
Ոչ էլ թքել հեռացել եմ
Մոտիկ ճամփով։
Պատից հետո էլի պատ է,
Բարձրահարկերն ու
Անսերությունը կտրում են թևերս երազանքի։
Նեղանալու բան էլ չկա.
Դեռ չեմ մեռել որ ինձ սիրեք.
Շնչողները հեշտ չեն սիրվում։

Ու հիմա երբ մի քիչ հղի եմ
Մի քիչ էլ ամուսնացած,
Երբ հիսունի ուղիղ կեսն ապրել եմ,
Կամ երբ տարիներն են
Ամսեամիս ինձնով ապրել,
Իմ երազի թևով առանց թքել կհեռանամ
Հեռու Վենեցիայում
Կամ Զագրեբում անգլխացավ
Մեկնվելու համար։
Որ սիրտս էլ չխառնի
Կես հղիությունից,
Կամ ներսիս քամիներից ուժեղ։
Որ քեզնից ունենամ ընդամենը
Մի ոտանավոր,
Որի մազերը ամեն օր կսանրեմ,
Կմաքրեմ ճպուռները
Մինչև մեծանա։
Ու ինձ չեք ների մենակ դու
Ու հայրենիքը,
Դու՝
Չգրած նամակիս համար վերջին,
Որին ծոցագրպանդ ավելի կսպասի,
Իսկ հայրենիքը՝
Գազի պարտքը
Ու վախենալս, որ կմեռնեմ՝
Մինչև հաջորդ ընտրություն...

Նախատեսածիցս 25 է պակաս
Ու ճիշտն ասած ժամանակ էլ
Չունեմ՝ երկուսիդ հերն անիծելու

Ձուկն էլ իր Ճշմարտությունն ունի 
Խորտակված նավերի մասին. 
Գուցե այդ ճիշտն է, 
Որ թանկ է նստել՝ 
Դարձել լռություն... 
Ճշմարտություն կա, 
Որ ծանր է նստում՝ 
Լռության պես ու չափ, 
Ու լռություն կա՝ 
Որ փարատվում է գուցե ծովերում...

***

Այնտեղ ,
ուր սեր չկա,
և ուր մարդկանց ձախ ուսերը
ծնկներին է հասել
սատանայի ճնշումներից,
ես վերադարձա ՝
քեզ հետ բերելու.
քեզ ազատեցի
անսեր ապրելու
հեռանկարից։
Հիմա, երբ դու՝ ինձ ,
ես՝ քեզ
պարտք ենք մնացել
հավասարությամբ
ուղիղ ուսերի,
խոստովանում ես,
որ ծեր գուշակը
ափագծերիդ է նայել
այնքան լրջորեն
ու քեզ համոզել,
թե բախտդ
ես չեմ…

***

Վիրավորված եմ՝
անկեղծ ասած,
որ բացակայիս հետ հաշտ ես
ու դեռ ապրում ես…
Կարոտելուց դժվար մեկ էլ չկարոտելն է…
Երկնաբնակները շատ են.
շնչելը դժվարանում է գնալով։
Գիտեմ, թե ինձնից շուտ մեռնես,
խառնվելու ես շնչառությանս
ու կուլ չգնաս։
Հիմա, քանի մամնիդ մեջ ես,
ու մարմինդ՝ հարյուրավոր
կիլոմետրեր հեռու ինձնից,
կարոտներս կտեղավորեմ
կոպերիս տակ՝
որ երազներս հսկեն…

***

Սիրելը թուլություն է,
սերը՝ պարտադրանք.
ցրտից ու մենակությունից
պաշտպանող ֆունկցիա,
ու պաշտպանվում ենք,
որովհետև
անուժ ենք ու անկամք։
Երբ ատելու
խիզախություն չունենք,
երբ թափ չունենք ամբողջ կրքով,
մեր սրտի չափ ատելության,
որոշում ենք
ընդամենը… սիրել…
Մնալ իներտ,
մնալ պասիվ,
սիրել այնքան,
մինչև համ մաշկ մաշենք,
համ էլ՝ լեզու…

***

Երևանը կին է հաստատ.
այն կանանցից,
ում գիշերներն ավելի
շատ է երգվել,
քան՝ ցերեկները,
և նրանցից,
ովքեր հավասարը չունեն։
Ում սրտին հասնելն անհնար է
հեռուներից եկողներին…
հազար տեսակ արվարձանատեսների
ձեռքերը երկարելուց
դառնում են մի հերթական արձան…
Երևանը կին է ու սեր
միակ արդարացումն
այսքան գեղեցկության…

***

Ամիսները մեղրե
հողի մեջ են ծորում.
քմծիծաղը Աստծո
լցնում է դատարկը,
որ ձգվում է մինչև
որտազարկը վերջին։
Օրերը նամռոտ
խշխշում են գետնի
ու բոբիկ ոտքերի արանքում։
Մենք մինչ երկու ձեռքով
մեր կզակն ենք պահում
ու չթարթվող աչքով
սպասում լույս օրերին,
մեղրե րոպեները
մեր առջևով անցնում՝
ամբարվում են հողում։
Մեզ պես միանում են
հավերժական
շրջպտույտին,
որ կյանքերից մեկում
պատահաբար նրանց ապրենք։



Комментариев нет:

Отправить комментарий