Որոնել

пятница, 30 ноября 2018 г.

Խորեն Գասպարյան․ թարգմանությունների ծաղկաքաղ

Էդգար Լի Մասթըրս (1868-1950 Կանզաս, ԱՄՆ)
















Էդգար Լի Մասթըրսի «Սփուն Ռիվըրի Անթոլոգիա» տապանագրերի գրքից: Մեռած մարդիկ իրենց տապանագրերով պատմում են իրենց մասին կամ խոսք են հղում ողջերին։

Էմմեթ Բըրնս

Անցո'րդ, դու գիտե՞ս` ովքեր են ամենաճարպիկ սրիկաները

Եվ ամենակատարյալ բռնակալները:
Նրանք, ովքեր որոշում են` սա բարի է, սա` չար-
Եվ բարձրանում են գահին այդ բարի կոչվածի
Եվ ապա պարսպապատում բարին օրենքով:
Ինչպե՞ս հաղթես այդ փուչ հոգիներին:
Ընդունի'ր խորհուրդս, անցո'րդ`
Եղիր երիտասարդ և իմաստուն
Եվ անտարբեր եղիր բարու, չարի հանդեպ...
Ու մարդկանց ստեղծած օրենքների:
Փնտրի'ր ճշմարտությունն
Ու մեռի'ր:
*
Ֆեդերիկո Գարսիա Լորկա (1898-1936 Իսպանիա)














Վարդ
Առավոտյան բացվում է նա՝
Կարմիր, ինչպես արյուն,
Ցող չի նստում նրա վրա,
Որ չցնդի իսկույն:
Ու փթթում է նա կեսօրին՝
Կարծր բուստի նման...
Ապակուն է բեկվում արփին,
Շողն է ցոլում վրան:
Երբ թռչուններն սկսում են
Երգել, խաղալ ճյուղին,
Անուժ մեռնում է երեկոն
Մանուշակում ծովի,
Ճերմակում է՝ այտի նման
Արցունքներից գունատ:
Երբ ղողանջն է հնչում փողի
Գիշերային՝ քնատ,
Ու երբ ժամ է՝ աստղերն ելնեն
Ու ձայներն հանդարտվեն,
Մութով զարկված՝ սկսում են
Թերթերը իր թափվել:
*
Բորիս Պաստեռնակ (1890-1960 Մոսկվա)








Համլետ
Ժխորը լռեց: Հարթակ ելա ես:
Ու դռների մեջ կանգնած տրտմալի՝
Որսում եմ հեռու արձագանքի մեջ
Գալիք անցուդարձն իմ ապրած դարի:

Հառել է վրաս գիշերը խավար
Հազար դիտակներ առանցքապտույտ:
Եթե հնար է, անցրու՛ հիմա, Հա՛յր,
Հեռու տար ինձնից այս բաժակը դու:
Սիրում եմ միտքդ անշեղ ու համառ
Եվ դերն այս խաղալ հոժար եմ այնքան:
Բայց այլ վիճակ է, մի այլ դրամա,
Եվ ազատիր ինձ, Հայր իմ, այս անգամ:
Նշված են, սակայն, և անշրջելի՝
Դեպքեր ու վախճան, ճամփա և ուղի:
Փարիսեցոց դեմ մենակ եմ էլի:
Կյանքը դաշտ չէ հարթ, որ անցնես ուղիղ:
*
Ռադյարդ Քիփլինգ (1865-1936)



















Եթե

Թե չկորցնես գլուխը քո գլխակորույս մարդկանց մեջ,
Երբ որ շուրջդ խուճապահար՝ մեղք են բարդում քեզ վրա,
Կհավատաս թե ինքդ քեզ, երբ կասկածում են անվերջ,
Եվ անսալով կասկածներին` թե կգործես անվարան,
Թե կարող ես հար սպասել, բայց չհոգնել, չփլվել,
Կամ զրպարտված լինելով միշտ՝ չզրպարտել երբևէ,
Ատելության թիրախ դարձած՝ ատելության չտրվել
Եվ ցույց չտալ, թե լավն ես շատ կամ իմաստուն ես եղել.
Թե երազես՝ չթողնելով երազդ քեզ դառնա տեր,
Թե մտածես, բայց խոկալը քեզ չդարձնես նպատակ,
Թե Հաղթությունն ու Օրհասը դիմավորես անտարբեր
Եվ ընդունես անկիրք սրտով՝ համարելով լոկ խաբկանք,
Համբերատար թե դիմանաս, երբ քո խոսքը ճշմարիտ
Խարդախները նենգափոխեն՝ հիմարներին խաբելով,
Կյանքիդ գնով ստեղծածից՝ չմնա քարը քարին,
Հին գործիքով, սակայն, կերտես՝ ջանք ու քրտինք թափելով.
Թե կարող ես շահածը քո մեն մի շեղջի վերածել
Եվ համարձակ մի շարժումով ողջը տանուլ տալ անդարձ,
Եվ նորից նոր վերսկսել, բայց շշուկով իսկ չասել
Ու չհիշել ոչ մի անգամ կորուստները քո անցած,
Թե կարող ես գերլարումով սրտի՛դ, նյարդի՛դ, մկանի՛դ
Շարունակել ապրել նորից, երբ ապրելու ուժ չկա,
Եվ անվարան քայլել առաջ, երբ քո ներսում այդ ժամին
Չկա ոչինչ, բացի Կամքից, որ հորդորում է «Տոկա՛».
Թե կխոսես ամբոխի հետ, բայց միշտ մաքուր կլինես,
Արքաների հետ քայլելով՝ միշտ կմնաս պարզ ու բաց,
Թե բարեկամ կամ թշնամի չեն վնասի երբեք քեզ,
Թե կնստեն քեզ հետ հաշվի, բայց չեն պաշտի չափազանց,
Թե րոպեի վազքն անողոք սանձես ջանքով աներկբա՝
Դարձնելով այն վաթսուն գերխիտ, իմաստալից ակնթարթ,
Քո՛նն է այնժամ Հողագունդն այս ու նրանում ամեն բան,
Եվ ավելին՝ այնժամ , որդի՛ս, դու կլինես, ԱՅՐ և ՄԱՐԴ։
*
Բելլա Ախմադուլինա (1937-2010 Մոսկվա)












Իմ փողոցով, ահա, քանի՜ տարի արդեն
հեռանում են դանդաղ, և քայլերն են հնչում,-
ընկերներս են գնում: Պատուհանից անդին
մթությանն է միայն հեռացումն այդ հաճո:
Եվ գործերն են նրանց անտերունչ ու կիսատ՝
այն տներում, որտեղ ոչ նվագ կա, ոչ երգ,
միայն, առաջվա պես, փետուրներն են կապույտ
հարդարում Դեգայի պարուհիները մերկ:
Դե ի՜նչ… թող չարթնացնի վախը գիշերվա հետ
ձեզ՝ անպաշտպաններիդ: Կիրքը խորհրդավոր
դավաճանութան մութ այդ վարմունքի հանդեպ՝
ձեր աչքերն է պատում մշուշով մի աղոտ:
Ա՜խ, մենություն, որքա՜ն անզիջում ես, անգութ:
Երկաթե կարկինը փայլեցնելով անսեր՝
սառնասիրտ պտույտով շրջագիծն ես փակում՝
չլսելով իզուր հավաստումները մեր:
Դե, ուրեմն, կանչի՛ր՝ պարգևդ ինձ տալով:
Սիրելիդ եմ դարձել, երես տվածն եմ քո,
և կմխիթարվեմ՝ կրծքիդ մեղմ փարվելով,
կլվացվեմ կապույտ քո սառնամանիքով:
Թող ոտքերիս ծայրին անտառիդ մեջ ձգվեմ,
ու շարժումն իմ դանդաղ երբ դառնա ավարտուն,
գտնեմ սաղարթները, հետո դեմքիս հպեմ
և որբությունն զգամ՝ որպես երանություն:
Գրադարաններիդ լուռ անդորրը ինձ տուր,
համերգներիդ հստակ մոտիվը դասական,
և ես, իմաստնացած, կմոռանամ իսկույն
նրանց, որ մեռել են կամ ապրում են, դեռ կան:
Կճանաչեմ այնժամ իմաստություն, թախիծ,
և էությունն իրենց իրերն ինձ կմեկնեն:
Իմ ուսերին հենված՝ բնությունը վերից
կբացի մանկական գաղտնիքներն իր մեկեն:
Այնժամ արցունքներից, մթությունից էլի
և անցյալի անշուք անգիտության խորքից
կուրվագծվեն պայծառ դեմքերն ընկերներիս,
կհայտնվեն, ապա կանէանան նորից:

Թարգմանությունը՝ Խորեն Գասպարյանի

Комментариев нет:

Отправить комментарий