Որոնել

пятница, 30 ноября 2018 г.

Գագիկ Սարոյան․ բանաստեղծություններ

Գագիկ Սարոյան (1962)























Տագնապ

Զարմանալի առավոտ է.
Այնքա՜ն հմայելի,
Որ թռչունը կռահեց,
Որ լույսը ստվերն է Աստծո:
Եվ երանելի մի հուզում
Ողողեց գեղգեղոցը նրա:
Բայց մի տագնապ.
Եվ ի~նչ սարսափ.
…Եթե Նա անստվեր լիներ…


*
Ձեռքերս հողոտ էին:
Չուզեցի լվանալ.
Ասի` թող վարժվեմ,
Եթե չգաս...


*
Իմ ծանոթ թռչուններից մեկը
Հորդորեց, որ ես վերափոխվեմ։
Իսկ այսօր հարմա՞ր օր է` հարցրի.
Տես` ինչպե'ս եմ ծփում
Գինուց, սիրուց, վշտից։


*
Այն կողմ
Ես չտեսա սահմանը սիրո.
Այն քո մարմնով էր անցնում:
Առավոտը չտեսա.
Խորը և համեստ էր գիշերը քո աչքերում:
Եվ մահը չտեսա.
Գետի ափերին ապրում է կյանքը`
Դաղձի բույրին ասեղնագործ:
Եվ չեղա` քո թվացյալ բանտ-սենյակում,
Քո ազատությունը վիրավորում է
Ողջ ընթացքը իրերի,
Ես դուրս եմ գալիս,
Հեռանում եմ քո տարածությունից:
Ես ընտրում եմ վիրավոր թռչունը`
Գետափին թավալվող,
Նա ինձ կուղեկցի վերքից այն կողմ,
Ուր դեռ չտեսնված, չկատարված
Ցանկություններ կան,
Արցունքներ կան դաշտերում`
Հաստատ դեռ չարտասանված,
Եվ նրանք պսպղում են
Դեռ չգտնված բառի աչքերի մեջ:
Ես չտեսա սահմանը ահի.
Այն քո մարմնով էր անցնում:
Տագնապը ինձ ոչինչ չհուշեց,
Ոչ մի տերև իմ սրտում չդողաց,
Ոչ մի կասկած`
Գարնան անձրևի հետ
Իմ հոգին չմաղեց` անբերրի դաշտերի վրա:
Դառը, շատ դառն է
Ռադիոակտիվ այս թախիծը:
Նա տարրալուծում է հիշողությունը պատուհանի,
Որի գոգին դրված է իմ վիշտը`
Փոքրիկ,
Մարմարե,
Վիրավոր թռչնի արձանիկի պես:
Հենց քեզ հիշեմ, իմացիր,
Նա նորից կշարժի իր վիրավոր թևիկները,
Եվ մարմարը ներսից կարյունի:
Ես չեղա`
Քո թվացյալ կուսությանը կարեկից,
Քո ձայնը ինձ ճոճեց
Զեփյուռի խորքերում:
Եվ ես դուրս եմ գալիս,
Ես հեռանում եմ
Քո մարմնի սահմանաքարերից:
Ես ընտրում եմ
Վիրավոր թռչունը` ձայների վրա թավալվող.
Նա ինձ կուղեկցի
Վերքից այն կողմ:
*
Հաստատ գիտեմ,
Որ ամեն ոք իր սրտի մեջ
Մի թաքուն սենյակ ունի...
Իմ սենյակում ծուռ հայելիներ են
Եվ շիտակ անդունդներ...
*
Հավանական բան է,
Որ ծովերի վրա դեռ ծփում է
Իմ այլաշխարհիկ տաղիկը
Եվ մի մարգարիտ է խնդրում
Սադափե խեցիներից։
*
Երբ նա դեռ հրեշտակ էր,
Երբ խնձոր չէր
Թթվաշ հիացումի մեջ,
Երբ դեռ տաղիկ էլ չէր,
Որ դուռը բացի այն կողմից,
Երբ քնած գյուղի
Երազն էր հսկում
Հեռո՜ւ-հեռավոր մի ինչ-որ աստղի
Գուշակության ժամին,
Նա գալիս էր անստվեր`
Սարերի վրա ձգվող կածաններով,
Եվ դիտում էր իմ ներսը
Ադամանդե իր ոսպնյակով:
Եվ զինավառ էր,
Եվ եղանով խոցոտում էր իմ վախը,
Եվ խրախուսում էր ինձ
Թե` քո պահապանն եմ.
Չվախենա՜ս բնավ…
Հետո տխրում էր, որ ասի
-Եթե խնձոր ուզի սիրտդ մի օր`
Կանաչ մշուշի ժամին,
Ուրեմն ժամը մոտ է իմացության,
Եվ հեռանալը հասունացել է
Որպես թթվաշ մի հիացում,
Որպես մի տաղիկ,
Ով դուռը բացելու է
Այն կողմից…
Բացելու է ահագնորեն հոգու դեմ քո:
*
Խոր ձոր էր, մութ…
Ուզեցի ` իջնեմ,
Մի բան արտասանեմ,
Ասենք` Մեծարենց…
Ուզեցի` ձորը լցվի լույսով,
Հավասարվի երկնքին:
*
Ես կամենում էի վերադառնալ
Դատարկ քաղաքների հևքից`
Դեպի ընծայաբերումը երկնքի։
Գարնան բալենու մեջ
Իմ հայացքը իրեն
Ծաղկած ճյուղի հետ շփոթեց.
Իմ հայացքը մեղուները որսացին,
Եվ իմ զարմանքը տարան
Դեպի պետությունները մայրական.
Տարան դեպի հայրենիքը մայրական։
Ես կամեցա վերադառնալ
Հիացմունքի միջնադարյան
սիրերգի մեջ,
Եվ իմ սիրտը դրեցի կարպետի նախշում։
Նա ինձ արտասանեց
ոտքերի տակ հայրենի,
Նա ինձ փոխադրեց
քամու մեջ շարականի,
Նա ինձ փռեց սրոհունդի
խակ կանաչի մեջ,
Եվ կույս արագիլներ կանչեց
Արածանի գետի շամբուտներից,
Եվ նիզակներ դրեց իմ թևերի տակ`
Որպես խեչակներ,
Եվ ասաց` թե կարող ես,
Աճի'ր վազի մեջ։
Ես կամեցա աճել և հեղեղվել
Տորոն կարմիր բույսի
Համաստեղության հետ։
Իմ սիրտը չվրիպեց ինձ,
Իմ հոգին չշփոթեց ինձ,
Իմ ճանապարհը սկսվեց և կավարտվի
Թռչնակերպ վարդնյակի տիեզերքում`
Մի կիսատ մնացած խաչքարից համբարձված,
Դեպի հևքը ամենաիրական լռության։
*
Հիշեցի
Աստծուն.
Հե'ր օրհնած,
Բոլորը խաբում են քո անունով.
Եկեղեցիները, աղանդները,
Գաղտնի օրդենները, պոետները,
Բռնապետերը... Անգամ ստրուկները։
Հե'ր օրհնած,
Եթե ամեն մեկին
Խնդրվող հացի տեղակ՝
Հանապազօրյա
Սիլլա ողորմայիր,
Մի՞թե վատ կլիներ...
*
Իմ երգն է, չէ՞…
Թող ճյուղառատ լինի,
Եթե չորացավ,
Կվառեք մի ձմեռ:


1 комментарий:

  1. Ադամանդաշող պոեզիա։
    Շնորհակալություն սիրելի Մարգարետ։
    Շնորհակալություն, սիրելի պոետ։

    ОтветитьУдалить