Որոնել

воскресенье, 18 ноября 2018 г.

Բեջան Մատուր․ «Նրա անապատում» գրքից

Բեջան Մատուր (1968 Թուրքիա) 

















Քրդական արմատներով այս Բանաստեղծուհին շատ հաճախ է մամուլում հանդես գալիս Հայոց Ցեղասպանությանը նվիրված հոդվածներով, այն քիչ թուրք մտավորականներից է, ով համարձակվում է բարձրաձայնել պատմական այդ փաստը։ «Գրական տապան 2011՝ տասը տարի անց» նախագծի շրջանակներում Բեջան Մատուրը այցելել էր Հայաստան՝ անդրադառնալով քուրդ և հայ ազգերի ցեղասպանություններին՝ դատապարտելով դրանց ժխտումը։

*

Մենք մի օր անապատել ենք, 
մենք մի օր աղոթել ենք անապատում։
Մեզ չի փրկել ոչ մի հրեշտակ,
ոչ մի աստված չի իջել երկնքից՝
մեկնելու կախարդական թաշկինակը 
ամենասուրբ կույսի։
Ես դադարել եմ գլխաշորով մտնել խորան,
ես համբուրվել եմ աղքատ ձկնորսի հետ
երեկ՝ արցունքներում խռոված մայրամուտի,
ու շիկնել են բոլոր աստվածները,
ու փակվել են դռները դրախտի․
ես վաղը կաղոթեմ անապատում,
դու հավերժ կմնաս քար նետող․․․

*

Արյուն տեսած հողում
մանուշակների թախիծը
հասնում է երկինք․
կարմիր շրթներկով կանայք
տանուլ տված արևմտյան հողեր են՝
աչքերում կակաչների հովիտներ,
հայացքներում պատմությունը՝
երկնքում չտեղավորվող լացի․․․

*

Ես լաց կլինեմ ուսին ժայռերի, 
որ իմ արցունքից ծաղկի աշխարհը՝
անդունդի եզրին․․․

*

Մարդիկ, 
ովքեր 
սարսափում են
իմ հայացքի 
ավազներով 
սլացող
սև ձիերից՝
հիշում են
աչքերիս մեջ
կուչ եկած
աղավնուն,
որ աղերսում էր
չսպանել,
որ պատմում էր
հեքիաթը՝
երկնքին հպվող
մզկիթների․․․






















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий