Որոնել

пятница, 30 ноября 2018 г.

Աննա Անդրիխ․ «Հիշողություն Հայաստանի մասին» շարքից

Աննա Անդրիխ (Պոզնան, Լեհաստան)

















Մարմինը

Լռությամբ դյութված
մառախուղի մեջ
բյուրավոր ճերմակ այս կտավնե՜րը,
որ որոշել էր Աստված չորացնել
երկրի այս մասում...

Ամեն մկանս դողում է ցավոտ ջղակծկումով
դավադիր քամու
թիերի շարժման սպասումի մեջ...
Ո՞ր ափին Աստված
լույսը կվառի,
մեկին թռչունը
թևաբախում է
հանդարտ թռիչքով,
մյուսին մութը
կլլելով լույսին
կոպերս է փակում...

***

«Միանգամից չեն մեռնում,
մեռնում են սանտիմետրերով…»

 Յ. Պուլգրաբիա

Մենք թափառում ենք
կպչուն, խճճված ճանապարհներով՝
միշտ քամուն ընդդեմ,
հակառակ կենաց բոլոր ցավերին
և տանջում է մեզ
ապարդյունության այն զգացումը,
- որ ինչ չնչի՜ն է
մասնակցությունը անվերջ պայքարին,
որի խլացող արձագանքները
մի ակնթարթ են հանդարտվում միայն,
որ կարողանա աշխարհը մի պահ
լսել ճռռոցը փետրագրիչի,
որ կեղծ պատմության փաստաթղթերն է արձանագրում,
ապա ոռնոցը հեգ նախամարդու՝
թեքված իր զոհի
դեռ ծուխ արձակող տաք արյան վրա...
Մեր շուրջը
պատ է,
որին զարկում ենք գլուխները մեր
և լռությունը այնքան է հնչեղ,
որ անհնար է լսել նրա մեջ
սեփական ձայնը...

***

Խարանված դեմքով մարդիկ աշխարհին
դատավորների աչքով են նայում,
երեխաները պատուհաններն ու դռներն են փակում ծերերի առաջ,
լուսաբացի մեջ
թևավորները համրանում կրկին
և շները ծույլ անտունությունն են քարշ տալիս իրենց...
Նրանք, որ իրենց բարեկամներ են հորջորջում,
ահա թակարդ են լարում
հավատի առաջ միամիտների...
Դու արթնանում ես մղձավանջային քնից, հուսալով,
որ ուրիշ մեկը
կմաքրի հատ-հատ մեղքերը բոլոր,
-դու արևի ես սպասել, սակայն
երկինքն անձրևի շիթերով սառը կաթիլներ է լոկ գլորում հիմա,
պատուհանների ապակիներին մանկան արցունքներ,
պատառոտել է սովը շներին,
իսկ թռչունները կտցահարում են դատարկ քիվերը...
Ոչ ոք չբախեց դուռը սենյակի,
ինչ-որ մեկն այնտեղ զուր էր սպասում
և... մեռավ այդպես...

















Թարգմանությունը՝  Գագիկ Դավթյանի

Комментариев нет:

Отправить комментарий