Որոնել

четверг, 15 ноября 2018 г.

«Օրիա» ցեղի հնդկացի առաջնորդի նամակը․ հատված «Հրավեր» գրքից

«Ինձ համար միևնույն է դու ինչպես ես ապրուստ վաստակում։ 
Ես ուզում եմ իմանալ ինչի՞ց կարող է սիրտդ ցավել: Դու ուժ գտնու՞մ ես քո մեջ երազել, որ իրականություն դառնան քո ամենատենչ ցանկությունները։
Ինձ համար միևնույն է քանի տարեկան ես դու:
Ես ուզում եմ իմանալ` դու կկարողանա՞ս համարձակվել՝ լինել ծիծաղելի հանուն սիրո, հանուն քո երազանքների, հանուն արկածների, որ նշանակում են Ապրել։
Ինձ համար միևնույն է՝ որ աստղերն են լուսավորում լուսինը քո երկնքում։
Ես ուզում եմ իմանալ․ դու գիտես ի՞նչ բան է կսկիծը, երբևէ կարողացե՞լ ես դիպչել վշտի հատակին։
Ուզում եմ իմանալ ունա՞կ ես բացել դուռդ աշխարհի առաջ այնժամ, երբ դավաճանել են քեզ, կամ դառնալ փխրուն ու փակվել քո մեջ՝ հետագա ցավից երկյուղած։
Ես ուզում եմ իմանալ ունա՞կ ես կրել իմ կամ քո ցավը` առանց ջանալու թաքցնել, ցրել կամ հաստատել այն։
Ես ուզում եմ իմանալ ունա՞կ ես դու ապրել իմ կամ քո ուրախությունը, կարո՞ղ ես խենթի պես ինքնամոռաց պարել...
Թույլ կտա՞ս երանությունը՝ մինչև մատներիդ ծայրը լցվել քո մեջ ու ճախրել ինձ հետ, առանց մղելու մեզ զգուշանալ, իրատես մնալ ու հավատարիմ՝ սահմանափակումներին, որ մարդկությունը դրել է իր առջև։
Ինձ համար հոգ չէ երբ հեքիաթը, որ կպատմես, այնքան էլ չի համապատասխանի իրականությանը: Ուզում եմ իմանալ դու կարո՞ղ ես հիասթափեցնել մնացածին, որպեսզի հավատարիմ ու ազնիվ մնաս ինքդ քո հանդեպ:
Կարո՞ղ ես դիմակայել դավաճանության մեղադրանքներին , բայց չծախել հոգիդ:
Կարո՞ղ ես չտրվել հոսանքներին ու չծախել հավատդ, բայց մեկտեղ մնալ վստահության արժանի մարդ։
Ես ուզում եմ իմանալ կարո՞ղ ես շարունակել տեսնել գեղեցիկը, երբ այն ամեն օր չէ, որ այնքան աչք ծակող կլինի... Ընդունել ներկան, այնպիսին ինչպիսի կա։
Դու կարո՞ղ ես արդյոք ապրել ինձ հետ իմ կամ քո պարտությունը, և, այդուհանդերձ, կանգնել լճի եզրին ու գոռալ՝ «Այո՜» արծաթափայլ լիալուսնին:
Ինձ չի հետաքրքրում որտեղ ես ապրում և որքան փող ունես դու։
Ես ուզում եմ իմանալ դու կարո՞ղ ես վշտի և հուսահատության գիշերից հետո՝ մինչև ոսկորներ ցավից հոգնած, վեր կենալ և անել այն, ինչի կարիքն ունեն մեր երեխաները:
Ինձ համար մեկ է` ում ես դու ճանաչել և ինչպես ես հայտնվել այստեղ:
Դու պատրա՞ստ ես ինձ հետ միասին խելակորույս կանգնել կրակի մեջտեղում` առանց վարանելու:
Ինձ համար միևնույն է դու ինչ ճանապարհով և ումից ես ամենը սովորել։
Ես ուզում եմ իմանալ ի՞նչ կա լցված ներսդ, ի՞նչ կմնա, երբ ոչինչ չունենանք...
Ես ուզում եմ իմանալ․ դու կարողանո՞ւմ ես ինքդ քեզ հետ մենանալ ու քեզ դուր գալ դատարկության արտացոլանքի մեջ…»:


















Թարգմանությունը՝  Աննա Սիմոնյանի

Комментариев нет:

Отправить комментарий