Որոնել

пятница, 30 ноября 2018 г.

Սաթեն Վարդանյան․ բանաստեղծություններ

Սաթեն Վարդանյան (1992 Երևան)
Գայիր…
Աչքերդ ծածկեի մազերիս թփով,
թզենու ուսին պտուղը երգեր,
խրճիթս լցվեր նշենու կաթով
տանիքի փայտին, Տերը սեր մաղեր …
Գայիր…
Գրկիցդ թռչեր հոտը ելակի,
ես քո ափերին թողնեի շուրթերս,
առաստաղի մեջ վտառն աստղերի
ցողեր աղոթքը մինչև արշալույս…
Երանի գայիր…
Բիբերդ հսկեի վայրի մեղրի պես,
հրեշտակները գրկեին խրճիթս,
ապակիներին հոսեր հրագես
արևը, որ քեզ մխրճեց սիրտս…
*
Բարձրանում է երկինքն ի վեր
կարմիր քողը վառարանի,
ցողոտ հով է, ցողոտ աստղեր
և կաթի մեջ ծիրանենի...
Թիթեռների թևիկներին
ցորենները լիալուսնի,
ի՜նչ հրաշք է տրվել կյանքին,
տերևներին հապալասի ...
Տարածվում է երկնքով մեկ
դեղձածուխը վառարանի,
ցողոտ հող է, ցողոտ մրգեր
և մի վայրի, թաց մասրենի։

*
Դու
Հացը հարություն է առնում աչքերիդ ծիրանների մեջ,
և հենց Դու ես, Դու ես, ով սիրում է Սիրտս,
ով տեսնում է Սիրտս` Վերջից մինչև Սկիզբ,
և հենց Դու ես երակներս լցնում վտառներով խաչված ձկների,
երիկամներիցս հավաքում քարերը վիրավորանքի,
ցավը արտ դարձնում ատամներիս տակ,
շշնջում, որ կարող եմ ներել,
որ պարտավոր եմ ապրել
և խիզախորեն խմել արևածագը
հասկերի պարանոցից.
և հենց Դու ես սովորեցնում
ձեռքս մեկնել ընկածին
ու չընկնել երբեք,
չաղաղակել, երբ վիրակապ եմ դնում
ընկերոջս սրտին…

*
Իրբիս

Մորթուցդ մոխրագույն գոլորշի է պոկվում,
ձուլվում ես նարնջագույն երակներին արևի,
ձյունը քնում է փոսիկներում ճկուն իրանիդ,
դու հեռու ես դիակառքից քաղաքների,
իմն ես, իմն ես, Իրբիս.
ես կարող եմ քաղել երկինքն աչքերիցդ,
սրբել քրտինքը լեռան, որտեղ ապրում ես,
կիրճերից հավաքել հոտդ
և խելագարվել նմանության կրքից,
ես թափ կտամ արծաթված առասպելները պոչիդ,
մարգագետիններում կհիշես արգելքները, որոնք խաղ են,
քո շնչառության յոթերորդ ալիքը չի սպանի.
ես չեմ վախենում նայել շեշտակի,
ես չեմ վրիպում,
իմն ես, իմն ես, Իրբիս,
որովհետև ձյան վրա ճռճռում են
աստղերը, կրակը և դու,
որովհետև ոչ ոքի չի հաջողվել
հաղթահարել արգելքը,
որ մենք ենք…

*
Այս ծառերը վանականներ են կամ լամաներ. ինչպես կուզեք,
նրանց արմատներից արյունը բարձրանում է մակերեսին հողի
և աճում են շուշանները արևագույն,
խոտերին կույսի հասկե արցունքներն են,
ամեն օր փայտփորիկը ոտքերն է լվանում այդտեղ,
իսկ հետո կտուցի շեղբերով
ստուգում սրտի խտությունն ամենալուռ վանականի...
Եղինջները շարունակում են կլանել կորուստը,
սև թիկնոցով թիթեռն էլի սեր է փնտրում ուսերիս,
աստղերը միշտ փշաքաղված են,
կաչաղակները՝ քաղցրալեզու.
մինչ բոլորը խոսում էին քաոսը՝
ես հենվել էի զարկերակին Աստծո,
հիշել աչքերիս և ծնկներիս ապրիլյան կարմրությունը,
բայց սարսափելին մահը չէ,
նժարների վերափոխված ձեռքերը
մոռանում են կշռել դավադրությունը,
տիղմը երակների,
ուրացումը, երբ երջանիկ են,
դեղնապոչ մաղձը, երբ դժբախտ են...
Սարսափելին մահը չէ.
ծղրիդների երգչախումբը
տաք գոլորշու հետ երկնքին է հանձնում
կանաչ ռեքվիեմը...

*
Մարիա, քաթանե գլխաշորդ
կլցնեմ սերկևիլներով,
կաղոթենք ժայռերի լռության մեջ,
կքնենք խաչված աստղերի ներքո
և կհավատանք տակառիկին սրտի,
կջրենք ոտնաթաթերը մարդկանց,
կքաղենք սունկը խոնավության,
կսերմանենք հատիկը հավատի
և կերջանկանանք, Մարիա՝
կրկնելով, որ ամենաողջն է Նա,
ում հայացքում փետուրների
կապույտ հանդես է.
ես քեզ չիչխանե օղեր կնվիրեմ,
դու գլուխս կծածկես
քո քաթանե գլխաշորով,
խարույկի մեջ կնետենք
թղթե թախիծները
և կերգենք, Մարիա՝
մեռած ու մոռացված
լեզուներով բոլոր՝
կրկնելով, որ ամենաողջն է Նա,
ում աչքերում ծիսակարգն է երկնքի...

*
«Երեք տուն աշուն» շարքից
           Կարինեին

Տերևներից աստղ է կաթում,
Աշնան դեղին խորիզի մեջ
Հրեշտակը սիրտն է տնկում,
Հրեշտակը՝ ծառերին մերձ...
Հարբած, մաշված կտուրներից
Թախիծներն են սահում ներքև,
Ձգվում է վեր ծխնելույզից
Արթուն Աստծո սերն ու հասցեն...
Հավատներից բերքն է փնջվում,
Աշնան կարմիր սմբակներին
Թաց խոտերի հոտն է դարսվում,
Թաց խոտերը՝ կախարդանք հին...

*
Աշնան արև, աշնան արև
Սիրամարգեր ոսկեմրմունջ,
Ծաղկափոշի դարչնամեղրե`
Երկնահոնքին մարգարտալուրթ…
Ապակիներ` վարդահագուստ
Եվ սեր, և սեր ամենուրեք,
Մրգի աղոթք, շիվեր կաթնոտ,
Մարդիկ, մի քիչ սիրտ բաժանեք…
Աշնան արև, աշնան արև,
Ալվան խալեր` ժայռի կրծքին,
Թռչունների հողոտ բարև,
Աստված, թույլ տուր ծնվել կրկին…

*
Տատրակները թաթախվում են
Մոշաջրում հորիզոնի,
Բլուրները փաթաթվում են
Շղարշներով ալ ծիրանի...
Տանիքներին՝ ծաղկագորգեր,
Առվի երակ՝ երկնքի մեջ,
Աշնան հևոց, շամբի երգեր,
Կտուց-կտցի ջրերի ճիչ...
Բարդիներին թրթռում են
Երամները տաք աստղերի,
Լույսերի հետ առկայծում են
Թուխ աչքերը Ալեհերի...

*
Քաղաքի խեցին մոռածածկ,
Աշունն ըմպում է գիշերն այս,
Աստղերը՝ սկիհներ արծաթված,
Գինու հետ սեր կա մի քիչ թաց...
Հացը քնել է երկնքում,
Արթուն ենք սիրտս ու Աստված,
Եղյամոտ հեքիաթ, լաց թաքուն,
Լուսնի աղյուսներ թրջված...
Քաղաքի ուսին ապակի,
Աշնան կրակներ ոսկեհուռ,
Գինուն կխառնեմ կիրակի
Կդառնամ, կմնամ մի բուռ...

*
Ձիերի սրտում՝ խաշխաշ և խարույկ,
Արևի վրա աշնան պեպեններ,
Հնձվորի ափը՝ խղճով լի մակույկ,
Թափվող քրտինքում՝ բյուր մարգարիտներ...
Բաց երակներով մենավոր մի ծառ
Ճախրանքից առաջ հագել է վուշե
Կաս-կարմիր շորը, կապել ճյուղե շալ,
Առասպելներ կան կոնքերին թավշե ...
Ձիերի սրտում՝ աշնան ծաղիկներ,
Աշնան խաղիկներ՝ դաշտի ռունգերում,
Հնձվորը քունն իր ծառին է խառնել,
Դարսել երազը՝ փայտե կոնքերում...

*
Արևի թոնիր, ամպե լավաշներ
և մեղրաբերան աշնան մեղեդի,
Թախիծների չու, վերադարձ ու սեր,
Հեքիաթը ոչ ոք էլ չի կողոպտի...
Աղվամազերում հսկա երկնքի
Երազանքներիս կորիզն եմ պահում,
Լսում եմ վարգը՝ տերևի, ծաղկի,
Հրեշտակները իմ բույնն են հյուսում...
Հարդագույն ձեռքեր, հրե զարկերակ
և կաթնալեզու աշնան գեղգեղանք,
Երբեք չմեկնող գնացքի շչակ,
Հեքիաթում սերը ունի միլիոն կյանք...

*
Արի գնանք: Թարթիչներիդ
Հյուսքերի մեջ թող որ ննջեմ,
Աստծո սերը` երակներիդ,
Ճակատիս սպին` ինչպե՞ս ջնջեմ…
Արի գնանք: Արգանդն աշնան
Փթթող մրգի սաղմն է կրում,
Կարապների հիշողության
Քարափներին սիրտն է ծաղկում…
Արի գնանք: Այս ոսկեթաս
Նոյեմբերը կդարձնեմ
Վառարանի խրթխրթան հաց,
Քեզ Աստծո կառք կբարձրացնեմ…


1 комментарий:

  1. Ոսկեշողիկ ոսկետաղիկներ են։
    Շնորհակալություն, սիրելի Սաթեն։
    Շնորհակալություն, սիրելի Մարգարետ։

    ОтветитьУдалить