Որոնել

воскресенье, 1 июля 2018 г.

Արթուր Հայրապետյան. Սկզբնախաղ

Արթուր Հայրապետյան (1983)























Այդպես էլ չգտա մի հեքիաթ, որի հերոսը կուզենայի լինել։ Հիմա հերոսներ չկան՝ ոչ գրի, ոչ կյանքի, ոչ... Ոչ... Հիմա հեքիաթներ էլ չեն գրվում, որովհետեւ բարին չկա...
Հաճախ եմ ժամանակ տրամադրում` ստուգելու համար, արդյո՞ք սխալներ թույլ չեմ տվել. մեղքերս շատ են...
Երկնքից խեժահամ անձրևը թափվում էր բերանս, վետվետում էր կապույտը, մարդու աչք էր մտնում: Թանձր ամպերը համբուրում էին պատուհաններն ու հեռանում: Պատմությունը շարունակվեց հետո: Ընկել էի պատուհանի ու տան արանքը: Մոռացա սկիզբը՝ չկար, մոռացել էի մեռնող ու հարություն առնող պատմությունները, որ զարմացրել էին բնությանն ու իրենց մեջ առել սկիզբը… Բարի օր ցանկացա մարդուն, աշխարհին ու ինձ: Հայելու մեջ արտացոլված հորս դեմքը մնացել էր սեղանին` շրջանակի վրա: Դարձյալ հրաժեշտ եմ տալիս՝ կրկին հանդիպելու պայմանով...
Այնքան մեծ ուժ կա անցյալի մեջ, որ այժմ կարող եմ խոստանալ քեզ, որ կգտնեմ սկիզբն ու կհայտարարեմ, որ միտքը հաստատուն է, իսկ դու գիտես, թե նա քանի՞ տարեկան է... Պետք էլ չէ...
Երկնքում մեռած, ընկած էր լուսինը: Ես շոշափելով գտա անկողինս` պառկեցի: Քունը անսպասելիորեն վրա հասավ: Պատուհանից դուրս, թույլ, նվազ այգաբացը նշմարվում էր դեմքիս, այժմ գլխիս կանգնած սկիզբ էր նկարում: Ես անշարժացել էի գիշերվա անկանոն ձայներից, այժմ դադարել էի ինքս ինձ լսել: Ես անտարբերությամբ երես թեքեցի աշխարհից, կարծես ճարճատվում էր կտավը հայելու մեջ, չկար արտացոլանքը մարդու: Սկիզբը տարօրինակ կերպով նման չէր աշխարհին: Երես թեքեցի աշխարհից: Դիմագծերս նման էին աշխարհին: Հոգեբուժարանում այդ գիշեր խրախճանք էր: Հավաքվել էին հեքիաթի հերոսներն ու դերաբախշում էր կատարվել: Բոլորը սպասում էին իրենց սկզբնախաղին: Հեքիաթը կիսատ մնաց, որովհետև հոգեբուժարանում այդ գիշեր նոր մարդ էր հայտնվել, որին ոչ մի կերպ չկարողացան հանգստացվել: Հոգեկան առողջության համար չկա դեղահաբ, որի համար մարդը կկարողանա ապրել, ինչպես սովորական առողջ մարդիկ: Դուռը բաց էր ու մարդը դռան ետեւից վախեցնում էր մյուս հիվանդներին, որովհետև նրա հետ խաղացող չկար: Այդ գիշեր հոգեբուժարանում հիվանդների համար նախատեսված հեքիաթի հերոսները հիվանդ չէին, նրանք առողջ էին խաղում: Հասկացա, որ հիվանդ մարդիկ չկան, պարզապես մենք ենք մեզ հիվանդ ձևացնում, որովհետև այդպես ձեռնտու է, սթափ դատողություններն ու երևակայական շրջադարձը ստիպում են իրենց մասին մտածել, որը կազմում է մարդու գիտակցության բովանդակությունը: Ոչ էլ մարդը մեղավոր է, որ խնդիրների առջև է կանգնած: Ոչ էլ այդ խնդիրները մարդուն թույլ կամ ուժեղ էն դարձնում: Կա մի բան, որի համար մարդը ստիպված է ապրում՝ պարտականության կատարումից առաջացած գոհունակության զգացումը: Խուսափում ենք... Խառնվում՝ խառնամբոխին ու մնում սպասելով, թե ով է գալու ու ինչ է անելու: Հոգեբուժարանում նոր հայտնված հիվանդի մոտ մի գիրք կար ու մի գրիչ: Նա ամեն օր բացում էր գիրքն ու գրում: Գիրքը սովորեցնելու հատկություն չուներ: Այնտեղ մի տող էր գրված, պատասխանը՝ ընթեցողին: Երբ հիվանդներից մեկը բացեց գիրքն ու փորձեց կտրվել բոլորից, հիվանդները սկսեցին բղավել՝ մենք հիվանդ չենք, մենք առողջ ենք: Հասկացա, որ հոգեբուժարանում հոգին գտնելու տեղ չի, ոչ էլ հոգին բուժելու: Հոգին պարզապես կորցրած մարդիկ են, որոնք փորձում են հոգի առնել:



Комментариев нет:

Отправить комментарий