Որոնել

суббота, 14 июля 2018 г.

Աննա Դավթյան. Ձմեռ. քարերը

Աննա Դավթյան (1983)









Ծառերի արանքից հանդարտ իջնում է ձյան բացակայությունը,
Ու նրանք կանգնում են մերկ՝ հսկելով ճանապարհը։
Մի միտք է խոսում անընդհատ՝
Ինչպե՞ս անվանել եղածը,
Սե՞ր, մի՞թե։
Բառ, որը չես թողնում արտաբերել,
Բայց ես ասում եմ՝ ցավ։
Հետո քաղաքի տեսարաններ,
Սեւ քարով քաղաքի՝
Ավելի սեւացած անձրեւից։
Ճանապարհին՝ եղեգների փոքրիկ երամ՝
խունացած արեւի փոշուց։
Հեռվում թեւում է սեւամած կամրջի թռչունը
Անլույս հորիզոնի վրա։ Մի ձեռք է հատում դանդաղ
մարմնիս ու մարմնիդ կարը։
Ձյունը վեր է ելել այնտեղ,
Որտեղից աստղերը ցած են թափում իրենց մարմինը։
Տարածությունն հսկա զբաղմունք է,
Երբ նայում եմ կասկածանքի միջից՝ հասկանու՞մ է, թե՞ չէ։
Քաղաքը շնչում է սեւ ածխաքարը ձմռան
Ու հակում է սալարկած փողոցներին իր բազալտե երեսը։
Քո դեմքը դուրս է լողում թացության մեջ,
Եղածն ավելի է թեթեւ, քան մառախուղը։
Այստեղ կան դաշտեր, որտեղ պառկած են մերկ քարեր,
Ու պառկած քարերն իմ սերն են քո հանդեպ,
Լերկ տարածությունն իմ սերն է քո հանդեպ։
Դիմացից գնում է ծոպավոր ճանապարհը,
Ցանկալիի զգացումը՝ ճանապարհի խճին ու ասֆալտին։
Գյուղեր ամեն կողմ՝
Երկնքի բաց երախի տակ, որ սպառնում է ձյուն ցած թափել,
Փոխարենն ուղարկում է համրություն։
Համր եմ, իմ սեր,
Չգիտեմ` քեզ ինչպես ասել բանը,
Որ քեզանից է գալիս։
Ձայնս ընկնում է գիշերվա մեջ, որ լուսնի բակին է պատկանում։
Մեքենան գնում է մետաքսե ակներով,
միտք քո մասին,
Քո կողմն եմ նայում լեռան քարերի վրայով,
Որտեղից փչում է շունչը ջրոտ հորիզոնի։
Գաղտնիք չէ:
Հորիզոնը գույն է՝
Քսված ամպերի պարանոցին։
Դատարկ փողոց.
ամբողջ երկայնքով քո անունն եմ ասում։
Ես խոսում եմ աչքերիդ, ձեռքերիդ կարոտից,
Փափուկ շորերիցդ,
Դու ժպտում ես հավանաբար լայն աչքերով՝
Պատասխանը դնելով ափիս մեջ։
Քեզ սիրելն այս գիշեր։
Շտապիր։
Ես ձեռքով եմ անում հրաժեշտին,
Ես ձեւացնում եմ, թե մեկն եմ, ով աշխարհին հանգիստ է նայում։
Սերը ապակյա պատշգամբ է,
Հենված խարխուլ տան կրծքին, որից քարեր են թափվում։
Ջուրը դաղում է ծառերի ոտքերը։
Քամին երեւում է ջրի միջով։
Անհատակ վիհը սիրո՝ ոտքերիս տակ է։
Լարերն ու էլեկտրասյուները ֆշշացնում են՝
Չի սիրում, չի սիրում, չի սիրում։
Իսկ դու կարող ես տեսնել սերը կողքից, արագի մեջ,
Ես հապաղելով եմ խոսում։
Հեռվից երեւում են քաղաքի սեւ տները՝
քարե գորգ,
Դրված մարդկանց ազատության վրա՝ ինչպես դարբնած բաղեղ։
Լիճը կայծկլտում է անձյուն ծառերի հետեւում։
Հնար գտեք խոսելու, ասում է։ Կա։
Քաղաքի մեջ վնգում են մեքենաները՝
վազելով իրենց լույսի հետեւից՝ հողե ճամփաներով։
Գյումրի՝ իմ սիրեցյալ։
Ժամանակն իջնում է երկնքից՝ ձյան փոխարեն,
Բոլոր ժամացույցների միջով աննկատ սահում է սերը:
Ճշմարտությունը գալիս է երկու կողմից.
Մեկը՝ ինձնից,
Մյուսը՝ քեզնից,
Չգիտեմ, որտեղ են նրանք հանդիպելու։
Քաղաքի երեսին նախշեր,
Քաղաքի խորքում սիրո տարփանք,
Ես տրոփելով եմ գալիս քեզ մոտ:
Քանի որ երբ մեկն այդքան հեռանում է դեպի իր երազը,
Վերադարձը դառնում է դժվար:
Լուսնից կախված է միայնակ ծառը:
Պետք չէ ասել,
Բայց շատ ճնշված սեռ կա այստեղ,
Շաղը քարի տակ է:
Ինձ հանում է հունից:
Երեխեաներ են նստած իմ առջեւ,
Ում համար ես միգուցե աղոթում եմ:
Սիրտը շարունակում է ցատկել մի վայրկյանից դեպի մյուսը,
Երկնքով ծիծեռնակներ են անցնում,
Բայց, չգիտես ինչու, փետրվար է:


Комментариев нет:

Отправить комментарий