Որոնել

вторник, 24 июля 2018 г.

Սաթեն Վարդանյան. Խաղ

Սաթեն Վարդանյան (1992 Երևան)



















Խաղ
Մոգական անտառում թույլ էի տալիս,
որ որդերը կուլ տան արյունս,
որովհետև բնահողը վիժել էր նրանց,
իսկ ես որդեգրել էի … 

1
Բոլորովին տխուր չեմ, գիտե ՞ս.
միասին կարող ենք պահմտոցի խաղալ
և երբ գտնեմ քեզ` քաշքիր մազերս,
մի քանի կյանք ապտակ եմ պարտք մնացել…

2
Կամ սիրում եմ կամ չեմ սիրում,
իսկ ի՞նչ կա զարմանալու,
տղա, քեզ երևի մոռացել էին զգուշացնել,
որ կրակի հետ չեն խաղում…

3
Աստված հորանջում է վաղուց,
ես զննում եմ աչքերս հայելու մեջ
և քրթմնջում երգը թալանվածի,
ով սիրում էր հագնվել տղայի պես…

4
Աշխարհում ոչ մի դոդոշ համբույրից հետո
չի դարձել ասպետ և չի արտասվել.
փոխարենը թունավորվել են մի քանի թռչուն,
որոնք թախիծը ծածկում են մազերով փափուկ… 

5
Պետք է իմանայիր, որ նա,
ով խաղում է` պարտյալ է.
ինձ էլ հասկացիր`
հաղթելուց հոգնել եմ…

6
Չեմ սիրում այս թիվը.
նույնպիսի կրքով ինձանից երկյուղում են
քեզ հարազատ երկկենցաղները,
որոնց օգնել եմ… 

7
Գյուղում աստղալեզու գիշեր էր
ու ամենաարթունը ես էի .
չես պատկերացնի` ինչպես էր կաղկանձում սիրտս,
որ խաղալիք չէր…

8
Վայրի հեղեղ է.
ձեռքերս վեր պարզած
նետվեցի պատշգամբ`
փրկելու գիրքդ…

9
Ծառերից թափվում է ափսոսանքը,
հավքերը թաց են և մի քիչ մենակ,
թարթիչներիս տակ քնած արևը
զգուշացնում է` չխաղալ…

 10
Դու վերջին փամփուշտն էիր.
արձակելիս վրիպեցին
և հիմա ժպտում եմ`
քեզ պահելով իմ լեզվի տակ…

















11
Մանուշակի հոտ է գալիս երկնքից,
ծալապատիկ նստել եմ աթոռակին
և սպասում եմ նշաններին Ծերուկի,
ով նախ ընկերս է … 

12
Կանայք հաճոյանում են քեզ,
դու հրճվում և ճանաչում ես բոլորին
և խաղընկերուհիներիցդ ոչ ոք չի կռահում,
թե ինչպես ենք վիրավորել միմյանց` մինչև ոսկոր…

13
Կյանքը ճանաչողներից իմացա,
որ թշնամիներ ունեմ.
երբ շրջվեցի` փորս կծկվեց,
չէ՞ որ կարծել էի, թե հրեշտակներ են…

 14
Պահապան հրեշտակս ճաղատ է,
ոչ ոք չի հասկանում գույնը աչքերի,
երբ քայլում եմ` համբուրում է թիկունքս,
երբ քնած եմ` վարսերիս հետ է խաղում …

15
Մայրս զայրանում է ամեն անգամ,
երբ ջուրը սառույցով եմ խմում.
ինչպե՞ս բացատրեմ նրան,
որ ինչ-որ մեկի կոշիկն է մնացել կոկորդիս…

16
Ծովաչն ասում է`
իրավունք չունեմ հիվանդացնել սիրտս.
ես միայն ունակ եմ լռելու,
որովհետև գիտեմ` որքան փխրուն է…

ՎԵՐՋՆԱԽԱՂ
17
Չվախենաս: Կթակեմ դուռդ.
վերջիվերջո քեզ մի քանի կյանք ապտակ եմ պարտք,
գիշատչի տասնյոթ խաղ և մեկ շիշ տնական գինի.
ես հիմա ծիծաղում եմ էլի, որովհետև այդպես էլ չտարբերեցի
համբույրը պաչից… 


Комментариев нет:

Отправить комментарий