Որոնել

воскресенье, 29 июля 2018 г.

Նորայր Գրիգորյան. բանաստեղծություններ

Նորայր Գրիգորյան (1958)

















Ես երկար նայեցի ջրերի ետևից,
որոնք հեռացան ամոթխած աղջկա պես:
Ջրի շապիկին աղջկա հայացքն էր՝
կապույտ և օրորվող հայելու նման,
որին ձկները շտապում էին տանել հատակ՝
իրենց լուռ ու մունջ պատկերի հետ խոսելու համար:

***
Լռությունը դաշտի վրա անձրև դարձավ,
առուները դաշտի մեջ դարձան զարկերակներ,
մանուկները մերկ էին ու բուրավետ՝ անձրևի նման,
առուների մեջ նրանք սրտեր էին դառնում,
և համաչափ պտտեցնում հողագնդի հոգնած մարմինը:

***
Հողից քո ձեռքերի բույրը
գոլորշու հետ բարձրացավ վերև,
զարմանալի անձրև տեղաց կանաչ,
որ բուրեց ռեհան,համեմ,դաղձ:
-Հոգին բույր է,-ասացին թռչունները,
և բացված թևերի վրա բույրը տարան վերև:
Քո աչքերը ուղեկցում էին թռչուններին,
երբ նրանք տեղ հասան, աչքերը դանդաղ փակվեցին:

***
Գժանոց

Կանայք չեն սիրահարվում,
տղամարդիկ միշտ հոգնած են,
բժիշկները վերակացուներ են՝
ատամները սեղմված,
որպեսզի հայհոյանքների տարափ
չուղղեն Հիպոկրատի հասցեին:
Բայց զարմանալի մի բան կա այստեղ.
կանայք արտասվում են պատուհանների դիմաց,
հատկապես գարնանը, երբ ծառերը
դանդաղորեն ներկվում են կանաչով,
իսկ տղամարդիկ խղճում են սիրահարված կանանց, 
ժամեր անցկացնում հայելիների դիմաց՝
սեփական աչքերի մեջ անթարթ նայելով:
-Բժի՛շկ, դու ունե՞ս հավերժության դուռը բացող բանալին,-
հարցնում է ամենատարեց գիժը ամենատարեց հոգեբույժին:
-Հավերժությունը քո բարձի մեջ է, քնիր ու կտեսնես,-
պատասխանում է հոգեբույժը ու գնում պատուհանի դիմաց արտասվելու:
-Բժի՛շկ, եթե բացես պատուհանը, երջանկությունը կլցվի՞ ներս,- 
հարցնում է գեղեցկուհի գիժը տարեց բժշկին,
-Կլցվի, իհարկե կլցվի,-մտահոգ պատասխանում է բժիշկը;
-Բա ճաղավանդակները չե՞ն խանգարի,-հարցնում է կինը:
-Չեն խանգարի, որովհետև երջանկությունը գույն ունի, ինչպես քո աչքերը,-պատասխանում է բժիշկը:
-Կանա՞չ,-զարմացած ասում է կինը,
-Կանա՜չ,-մի քանի անգամ կրկնում է բժիշկը:
-Գարունը երջանիկ է,-ասում է կինը,
-Երջանիկ է,-ասում է բժիշկը:
-Ծառը երջանիկ է,-ասում է կինը:
-Երջանիկ է,-ասում է բժիշկը:
-Ես թռչուն եմ՝ այդ ծառից ընկած, ես երջանի՞կ եմ,-հարցնում է կինը:
Հոգեբույժը շտապում է սենյակ՝ հայելու դիմաց սեփական
աչքերի մեջ երկար նայելու, և իհարկե, արտասվելու՝
հայելին ջարդուփշուր անելուց առաջ:

***
Ազատ անկում

Ես իջա երկիր
և տեսա, թե ինչպես է
լույսը հողից բարձրանում վերև:
Տեսա, թե ինչպես է Աստված
հրեշտակների հետ
քայլում ջրերի վրայով,
ուր ձկների վտառները քսվում են
Տիրոջ և հրեշտակների բոբիկ ոտքերին:
Ես իջա երկիր, երբ Չ. Դարվինը
թոթովախոս իջավ ծառից
և վազեց Տիրոջն ընդառաջ.
-Ես կավագո՜րծ եմ, ես կավագո՜րծ եմ,-
աղաղակում էր նա
ու ծնկի իջնում ջրերի վրա:
Ես իջա երկիր, երբ պտղի քաղցրությունից
արբել էր երկինքը,
ուր թռչունները կենդանի խաչեր էին՝
օծված թափանցիկ պտղաջրերով:
Ես իջա երկիր, երբ առավոտ էր,
ու աստղերը ջրերից
քամում էին մյուռոնի կաթիլներ՝
օծելու երկինքը,
ուր Աստծո և հրեշտակների ծիծաղը
զնգում էր, երբ ձկների վտառները
խուտուտ էին տալիս
նրանց բոբիկ ոտքերը,
երբ ձկները լողում էին
դեպի հավերժական ջրերը,
երբ թռչունները սավառնում էին
խաչակնքման պես,
ու պտղաջրերը հոսում էին
թռչունների թևերից:

***

Որպես գարուն

Բոլորը խոսում են կործանումից,
իսկ բարդու գագաթի հետ
համբուրվում են ամպերը:
Ծառի ամենաքնքուշ ճյուղին
ճնճղուկը բույն է հյուսել:
Նրա ջերմությունից
ամպն ու ծառը
զարդարվում են երազանքներով:
Գարունը խենթանում է
և ծառի, ամպի
ու ճնճղուկի հյուսած բնի մասին
պատմում ամենքին;
Իսկ տարվա մնացած եղանակները
ճնճղուկի նախշուն ձվերի տեսքով
հայտնվում են բարդու
ամենաքնքուշ ճյուղին,
որ հետո այնտեղից թռչեն՝
որպես գարուն:

***

















Առավոտյան արտասվում են թռչունները,
կեսօրին՝ մարդիկ,
երեկոյան թռչուններն ու մարդիկ միասին:
Գիշերը ստվերները դարպասների վրա
նկարում են համբերանք,
և կարոտները դարպասներից հոսում են
դեպի ամենամոտ ճանապարհները.
-Հիշու՞մ ես, այնտեղ մի ծառ կար,
որի վրա բնակվում էին թռչուններն ու մարդիկ,
մի քամի, որն անընդհատ օրորում էր ծառը,
մի առվակ, որ քչքչալով համբուրվում էր
ծառի արմատների հետ,
և վայրի ծաղիկներ, որոնց բույրը
թռչունները լցնում էին ամպերի մեջ,
և բուրավետ անձրևներն իջնում էին
այն մարդկանց հուշաքարերին,
ովքեր մի օր ծառից իջել էին
վայրի ծաղիկներ հավաքելու
և մոռացել էին բարձրանալ վերև:

***
Կեսօր
Աղջիկներն արտասվեցին
մակարդված ջրերի վրա,
տղաները ձկներ դարձան
և ծանր ջրերում
կորցրեցին թևերը:
Բաժանիր արցունքը երկու մասի՝
լացի և ուրախության,
արտասվիր ջրերի եզրին,
մինչև երազանքները հոսեն ջրի միջով,
մինչև ջուրը հոսի երազանքների միջով,
մինչև երազանքն ու ջուրը հոսեն արցունքի միջով,
մինչև մակարդված ջրերը հոսեն դեպի երկինք,
մինչև երկինքը հոսի բաց ափերի միջով
և սեղմվի, մի բուռ դառնա
մոտեցող ճամփափաժանին:
-Գրկիր և համբուրիր երկինքը,-կասի ճամփաբաժանը,
-Ի՜նչ կապույտ են երկնաշուրթերը,-կասեն արտասվող ձայները,
երբ ձկները թևեր առած կհոսեն ջրերից դուրս՝
գրկելու երկինքը, համբուրելու երկնաշուրթերը:

***

Համբուրեցի ձեռքդ,
որ սրտիդ հասնեմ,
աչքդ, որ լույսիդ հասնեմ,
ճակատդ, որ մտքիդ հասնեմ,
քեզ, որ Աստծուն հասնեմ:

***
Գիշերը չքնողների համար է,
որ թեք տանիքներից նայեն լուսնաջրերին,
առավոտը չարթնացողների համար է,
որոնք ռետինե նավակներով
լողում են ջրերի ստվերների վրա:
Երեկոն, երեկոն չքնողների
և չարթնացողների ջրերում
լողում է դեպի կանաչ ափ,
ուր ստվերները ջրերից
դուրս են գալիս իբրև աղջիկներ մերկ,
և պառկում լուսնաշողերի վրա՝
երկինք բարձրանալու համար:


Комментариев нет:

Отправить комментарий