Որոնել

воскресенье, 15 июля 2018 г.

Ասիա Ջեբար. Սևեռումներ

Ասիա Ջեբար (1936-2015 Շերշել, Ալժիր) 






















Նա հեռանում էր, 
ու առավոտը լալիս էր տխուր՝
շամբուտին թիկնած:
Ես զարդարում էի իմ հին եղևնին,
ես լուռ հիշում էի նրանց, որ չկան...

***

Իմ քաղաքի նման տխուր են աչքերդ, տղա՛,
իմ քաղաքի նման որբ է սիրտդ:
Ես էլ քեզ նման, ավելորդ եմ, տղա՛, 
ես էլ քեզ նման՝ խիստ ուրիշ մաշկով...

***

Ես ամեն օր կսպասեմ քեզ՝ 
շուկայի մոտ չարչիների թաղամասի,
ես ամեն օր կերգեմ քո սիրած երգը:
Աշխարհը կպտտվի կրծքիս տակ՝
կլինեմ կողմնացույցը քո,
աշխարհը կմանկանա հայացքումդ՝
կլինեմ կախարդական իլիկ...

***
















Ինձ կմնա մայրամուտը բոլոր անցած փոթորիկներից հետո:
Կյանքի պտտահողմում կկորչեն տառապանքները,
Կչորանան մորմոքների մացառուտները,
Արևը միշտ կախաղանված կլինի երկնքին,
Մարդիկ, ովքեր ցերեկը գիշերեցին իմ սև մաշկին`
Կարտասվեն վերջին աշունը փեշին սպիտակ ծովահարսների,
Ես` կմնամ գաղտնի երգը, վերջին սերը բորբ մայրամուտի,
Որովհետև ես Աստծո զայրույթից ծնված կինն եմ`
հրկիզված երկնքից երկիր ընկած մոխրի մի փոշեհատիկը,
Ամենասև բիծը անհնարինորեն սպիտակ խղճին՝ 
Ձանձրալիորեն հնարավոր աշխարհի:

***

Ալժի՛ր, քաղաք իմ սևահուշ,
Ամեն ընկած զինվորդ
վերմակ է հողի համար,
ամեն աստղիդ մեջ՝
թշնամուդ ներած 
մանուկների ծիծաղը,
որ հրեշտակներ դարձան...

***

Տարիները սարդոստայն են հյուսել դեմքիս,
տարիները մշուշել են հայացքս՝ հետ նայող:
Ոչ մի թփի տակ ես չեմ փնտրում քեզ,
ոչ մի ծառի տակ չեմ հյուսում պսակ:
Ինձ միշտ թվում է՝ ձմռան մի գիշեր
դու կգաս իմ տուն,
ինձ միշտ թվում է ձմռան այդ գիշեր
Աստված կների չլինելս քեզ...






















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий