Որոնել

суббота, 14 июля 2018 г.

Մարգարետ Ասլանյան. Ծաղկած թախիծներ



1
Ես հագնում եմ լռության մետաքսը:
Օրերը գլորվում են՝ տենդի մեջ դատարկության,
մենության քարանձավներում հյուծվում է արևը:
Անքնության բուն թառել է կոպերիս:
Խտանում է ցուրտը:
Ես մի օր սիրել եմ...

***
2
Ես գիտեմ՝ սիրում ես Նրան...
Իմ աչքերում ցամաքել է 
թախիծների օվկիանոսը:
Մատներիս ծայրերին դողում է 
լռության հասկը,
քամին տարուբերում է 
իմ հին տնակի ճռռացող դուռը:
Ձայները, որ պարուրել են,
հանդերի ծիծաղը, որ էլ չկա՝
ամեն բան յոթ սար այն կողմ է:
Ժայռացած հավատներով պարզաջրում եմ 
լուսաբացի կաթնահոտ մարմինը՝
պարփակված հայացքով գրկելով
արևի ոսկեծիր տաքը.
խխունջները բարձրանում են 
համբերանքի հովիտ,
խխունջները արտասվում են
իրենց մեջքին դատարկված տունը...

***
3
Արևն արձակում է կոճակները 
եթերային զգեստի՝ 
շիկնելով թեթև
իրիկնամուտի ալիքվող կրքից,
մոռացության դաշտում ծփում են  
կարմրահեր կակաչները,
արտույտները օղակել են երկնքի սիրտը՝
խոստովանությամբ լույսի, 
օրը՝ բերնեբերան սեր է,
օրը՝ հարություն.
Տե՛ր, արի իմ տուն.
դաղձով թեյ եմ պատրաստել՝
զատիկները օրորվում են
ճոճանակին մազերիս...

***
























4
Լապտերները մխրճվել են 
մանուշակագույն բամբակի մեջ երեկոյի,
էլեկտրասյուներին լռում են թռչունները,
քաղաքը գլխիկոր է,
ուր-որ է կանձրևի:
Ոչ մեկին չպատկանելու ջազը
անսահմանության մեջ լցվող 
ամենաբացարձակ երգն է իմ մասին:
Երևանը լուռ է ու... Կրքոտ:
Մոսկվան լալիս է.
մի տեսակ չեմ հավատում 
արցունքներին նրա...

***
5
Աշունը կնվիրի ինձ հիշողությունը՝
այս տարի չստացած սիրենների,
ծիծեռնակների չվող երամների հետևից
կթափահարեմ ճերմակ թաշկինակս
ու մի քիչ տխրած կգնամ 
կիտրոնով կարկանդակներ պատրաստելու՝
մտքումս կրկնելով,
որ անպայման, 
անպայման հրաշք կկատարվի
այս ձմեռնամուտին,
որ երբեք, 
երբեք չեն լինի 
չստացած սիրենների թախիծներ...

***
6
Այս տարի Ձմեռ պապից որդի եմ խնդրել,
միասին կկառուցենք սարյակների բույնը
և կվազվզենք անտառի փեշին.
-Աշխարհում մի թռչունով պակասեց
կեղեքող հրաժեշտը, մայրի՛կ, -կասի նա՝
աչքերում երջանկության աստղեր, -
Մոլորակում մի թռչունով ավելացավ
վերադարձը դեպի տուն, որդի՛ս, - կհավելեմ ես՝
ձեռքերումս թաթիկներն իր՝ ճակատագիր...

***























7 
Սրտի թրթիռով սպասում եմ 
մանուշակս ծաղկի,
որ ապրեմ լույսի ծեսը
արգանդում հողի,
որ երազկոտ ժպտամ՝
առաջին անգամ հայր դարձող անձրևի՝
երջանկության թաքուն արցունքներին...

***
8
Նռան պես ճաքել է ամռան գիշերը:
Հուլիսյան տապը եռացող կարոտի ասք է:
Արծաթե ասուպներ են թափվում 
մոխրագույն կտուրներին քնած քաղաքի,
խոտերի մեջ համբուրվում են ծղրիդները.
ինչ-որ մեկը նվագում է 
կախարդական սրինգը հոգուս,
ինչ-որ մեկն, ում սպասել եմ յոթ կյանք...

***
9
- Բոլոր գեղեցիկ կանայք տխուր աչքեր ունեն,-
ասում էր պապս՝ հարդարելով հյուսքերս
գրպանի փոքրիկ սանրով,-
բոլոր տխուր աչքերով կանայք 
մի քիչ ջրահարս են,
մի քիչ առասպել են գեղեցիկ կանայք.
- Առասպելներում հրեշներ կա՞ն, պապի՛կ,-
չարաճճի ժպիտով հարցնում էի ես՝
կրծելով վաղահաս ամենաքաղցր դեղձը,-
ես ուզում եմ մի քիչ ալվան ծաղիկ լինել...

***
10
Նկուղից հանել եմ սահնակս,
մաքրում եմ փոշին՝ 
խորհրդավոր ժպտալով.
որքա՜ն վարդեր ծաղկեցին սառույցների մեջ,
որքա՜ն թախիծներ՝ պաղ արևներում...

***
11
Քերծված ծնկներով մտնում եմ տուն`
փորձելով թաքցնել դահուկներս
աննկատ անկյունում.
-Մեղա՜,մեղա՜,- բացականչում է
գլխավերևումս հրաշքի պես հայտնված մայրս,-
անցած տարի լուսինը ջարդուփշուր արիր`
երկինքը կապեց սև գլխաշոր,
այս տարի մի թեթև դղրդացրել ես Տիեզերքը`
երեք աստղ է լցվել գրպանդ...
- Մի նախատիր մա'յր.
ես այսօր հոգնած եմ ու...
Երջանիկ, 
ինչպես այն հին լուսանկարում մանկության,
երբ առաջին անգամ 
շանս հետ ընկույզի մուրաբայով թաթախված
անկյուն էինք կանգնել`
մառանում նրա տարեդարձի
ցոփ ու շվայտ խրախճանքից հետո,
և... Հայրս պատահաբար վերադարձել էր տուն:

***
12
Գարունը վերադարձել է Երևան:
Աղավնիները գրկել են սիրտս.
ասում են՝ նախորդ գիշեր
քաղաքով շրջել է կորած Ծաղրածուն,
ասում են՝ չտեսնված սիրեններ է շաղ տվել՝
արտասվաթոր լուսաբացի մեջ
կանաչ սրտով աղջկա...








Комментариев нет:

Отправить комментарий