Որոնել

среда, 18 июля 2018 г.

Մարգարետ Ասլանյան. «Պարտադիր լինելու սաստիկ աղետը» . ասիմետրիկ մտորումներ

















1
Ես կոշիկներ էի գնել մի կնոջ համար, ում ամեն երեկո պատահաբար հանդիպում էի Նյու-Յորքի կայարանում՝  անփույթ փաթաթված ձմեռային վերարկուի մեջ, ոտաբոբիկ՝ սառույցների վրա: Հավանաբար նա տառապոմ էր խոր միայնությամբ ու գուցե չափազանց սառը ձեռքեր ուներ՝ սթափեցնող, բորբոքող, երանելի:
Ինձ կլանում էին գլխարկի տակից ալիքվող եթերային վարսերը նրա, որ ունեին գույնը հիշողության մեջ արտասվող հողի: Անբնական կանաչ աչքերը հիշեցնում էին ինձ հոգեբուժարանի քսանմեկերորդ հիվանդասենյակը. և իսկապես՝ նա գժանոց էր:
Մի քանի ամիս ես երեխայի պես ամաչում էի կոշիկներ նվիրել այն կնոջը, ում աչքերի դիվային փայլից արթնանում էի կեսգիշերին՝ ամբողջովին կորած նրան ունենալու տենդի մեջ, մի վայրկյանով դիպչելու բոբիկ ոտքերին, համոզվելու, որ իրական է և դրախտից արտաքսված: Պատահում էր՝ օրերով խմում էի ու ականջներումս խշշում էին նրա ոտնաձայները, որոնք գալիս էին ինձ մոտ, գալիս էին ազատագրելու ինձ՝ ամեն տեղ պարտադիր, կարևոր լինելու աղետից: Ինձ շրջապատող անհամար կանանց մեջ չկար մեկն, ով այդքան ջախջախիչ լռություն կկրեր իր ներսում՝ փոխանցելով դիմացինին իր գաղտնարանը շոշափելու անզուսպ տենչը...

Երկուշաբթի երեկոյան կայարանից մի քիչ հեռու խոշոր վթար էր տեղի ունեցել: Մարդիկ հավաքվել էին մրջյունների պես, շտապ օգնության բժիշկները  չէին հասցնում վիրավորներին տեղավորել մեքենաների մեջ: Իրարանցումը կախվել էր ծխող քաղաքի մռայլ հայացքից: 
Քայլերս ուղղեցի կայարան: Անբացատրելի տրոփեց սիրտս: Մատներս սեղմեցին կոշիկների փաթեթը: Ես վախեցա, որ չեմ տեսնի նրան, ում նույնիսկ չէի ճանաչում, բայց... Սիրում էի: Դա բանականության մեջ չտեղավորվող սեր էր՝ առանց ավելորդ արդուզարդի, առանց ենթադրյալ կամ ակնկալիքներ ունեցող հարաբերությունների, սակայն պարտադիր, կարևոր լինելու սաստիկ աղետով: Առաջին անգամ կյանքում ես մտորեցի, որ գուցե Սելենան, Ռոզին, Անետը, Գրեյսը նույնպես ինձ հենց այդպես են սիրել, հենց այդպես եմ ես սպանել նրանց ու թողել ոտաբոբիկ, և նրանք քայլել են հետագա ողջ կյանքը՝ մխիթարվելով իմ նվիրած շքեղ կոշիկներով, և նրանք մի օր այլևս չեն կարողացել սփոփանք գտնել՝ արդեն մաշված կոշիկներում...
Նա չկար: Մինչև ուշ գիշեր անկանոն քայլում էի կայարանի երկայնքով, ամեն անցորդի մեջ փնտրում նրա բոբիկ ոտքերը: Ոչ վաղը, ոչ մյուս օրը, ոչ մեկ ամսից՝ նա չէր գալու: 
Տարեվերջին նյարդերս տեղի տվեցին: Գերհոգնածության դեպրեսիան քայքայում էր ամենահասարակ ցանկություններս: Ադրիանան դրոշակ էր դարձրել իր հղի լինելը: Նրան երեխա պետք չէր, առաջարկեց իր համար Ֆլորիդայում առանձնատուն գնել և վճարել աջուձախ կուտակած պարտքերը: 
Արդեն Հոկտեմբեր էր: Լուսաբացին հնչեց հեռախոսազանգը: Կիսաքնած պատասխանեցի. հայտնեցին, որ Նյու-Յորքի գիշերային ակումբներից մեկում թմրանյութի չարաշահումից մահացած հղի կինը Ադրիանան էր: Ես երբեք չներեցի նրան՝ իմ անկարևորությունն իր մեջ...
Նոյեմբերի վերջին ձնախառն անձրևները հեղեղցին քաղաքը: Կայարանի մոտ մեքենայիս շարժիչն անհույս հանգչեց՝ հիշեցնելով ինձ՝ իրերին, ապրանքներին անպատասխանատու մոտենալուս սովորությունը: Ես ունեի շատ, չափազանց շատ փող և կարող էի այդ պահին կանգնեցնել ու գնել ցանկացած մեքենա, վարորդին ցույց տալ այդ փողի կանաչավուն մի ծայրը և նա պարելով կհամաձայներ: Բայց ես քայլեցի... 
Քամին քթիս հասցրեց մի տարօրինակ բույր, որ մեխվեց բջիջներիս, մի աննկարագրելի տաք սառնություն, որ այրեց մաշկս, ներսս. կայարանի մոտ հաշմանդամի սայլակից թեթև կռացած և աղավնիներին կերակրող կինը արվեստ էր: Նա այլևս չէր վազում սառույցների վրայով բոբիկ, բայց ողջ էր և...Իմը:Առաջին անգամ ես համարձակություն ունեցա անթարթ նայել նրա՝ սարսափելի կլանող կանաչ աչքերին, որոնց փայլը մեկ տարի շարունակ ամեն գիշեր լցվում էր վրաս տենդի ու զառանցանքի քրտինքով: Մի քիչ ծուռ ժպտաց: Ակամայից մատներս սեղմվեցին իրար ու հիշեցի, որ այսօր չեմ վերցրել կոշիկներով փաթեթը, որ արդեն մեկ տարի է չեմ հավատացել մի օր նորից տեսնել նրան: Նայեցի ծնկները պարուրած ծածկոցին. ոտքերը կտրել էին...
 Հիշեցի՝ տարեսկզբին, Երկուշաբթի երեկոյան՝ կայարանից մի քիչ հեռու, խոշոր վթար էր տեղի ունեցել ու մարդիկ մրջյունների պես հավաքվել էին. երևի այդ օրը նա վիրավորների շարքում էր, երևի այդ օրը նա չէր կարողացել սփոփանք գտնել՝ մի օր իրեն բոբիկ թողած տղամարդու՝ ոչ մի կոշիկի մեջ չտեղավորվող մենությունը, երևի այդ օրը նա որոշել էր ապրել առանց ոտնաձայնի...

Շարքը՝ շարունակելի...

2 комментария: