Որոնել

среда, 11 июля 2018 г.

Մարգարետ Ասլանյան. Տիեզերագնացություն

















Հիմա, երբ ամեն առավոտ
կանաչ հրվանդաններում
Աստծո հետ խմում ենք արևի գինին
և խանդավառ ծիծաղում
բաղաձայն մոշահավերի 
սերենադների վրա,
երբ կեսօրին
հրճվանքի ծխամորճից
Երկիր ենք ուղարկում
կաթնագույն ամպերի
չարաճճի պղպջակները,
երբ երեկոյան կրծոտում ենք
հարավային սերուցքով երկնքի
քաղցր բամբակը
ու ինքնամոռաց պահմտոցի խաղում
ծաղկավոր փեշով բլուրի հետևում,
երբ գիշերը` փաթաթված
աստղե թիկնոցով,
թեյի բաժակում խառնում ենք
մոլորակների անանուխը
և բկլիկների պես
թաթախում ենք հացի փշուրները
լուսնի մուրաբայի մեջ`
քրքջալով անհամաչափ կռռոցից
ալարկոտ գորտերի`
ես շոշափում եմ 
աչքերիս ծաղկած լուսաբացները
և առաջին կանչի հետ աքաղաղի
անցնում կածանով եղնիկների՝
գտնելով Աստծուն 
մի գաղտնի քարանձավում՝
սիրտն իմ կարկատելիս:
- Կախարդանքի սարից երիցուկներ բեր,-
կարգադրում է նա ծուռթաթ արջին՝
խոստանալով մեղրով կարկանդակ, - 
և խնդրիր Անտառի փերիներից
ճերմակ վարդերի 
ամենասուր փշերից հյուսված
հրաշագործ ասեղը...
Երկրորդ աքլորականչն է: 
Ծիկրակում եմ ծերպերից:
Մի հին, մոռացված երգ է քթի տակ մրմնջում 
Ծերուկն իմ ու ոսկեկարով երիցուկների 
ասեղնագործում ամենախոր վերքերս,
ու թաքուն արցունքների աղով չորացնում
ամենադեղին թախիծներս.
ես մի օր կպատմեմ քեզ, Տե՛ր,
թե ինչպես փշրվեց վայրի լուսինը
և մենության շեղբերը լցվեցին սիրտն իմ,
որ տունն էր քո միակ,
թե ինչպես թպրտացին սպասումի ձկները
ծովածոցում կոկորդիս
ու ես փուլ եկա եզրին հավատի, որ դու էիր,
ու ես չմեռա, որովհետև ամենասիրելին էի քո...
Մոտենում եմ քեզ թիկունքից,
ափերով փակում աչքերդ՝
ժպիտների մեջ սպասելով անունս,
ձեռքերդ տանում ես գրպանդ՝
մեկնելով ինձ տոմս դեպի Նոյեմբեր.
- Այսպես միայն դու գրկել գիտես,- ասում ես, -
երրորդ աքլորականչին գայլերը կարտասվեն
քնքշությունից հիրիկների,
երջանկությունը դուրս կգա սարերի հետևից,
դու կապրես, արևոտ աղջի՛կ,
աղջիկ հեքիաթի, աղջիկ՝ լուսնասիրտ,
քո սրտի տակ կօթևանի սպիտակը գիշերների
և հարսնաքողդ աշխարհին մի օր կիջեցնի
կորսված հավատի պատարագը,
դու կապրես, իմ Տիեզերք աղջիկ,
սիրուհի լեռների, ճակատագիր Աստծո...

Комментариев нет:

Отправить комментарий