Որոնել

вторник, 24 июля 2018 г.

Վարդան Սմբատյան. բանաստեղծություններ

Վարդան Սմբատյան (1989)






















Եվ աշունը դանդաղ
սափրում է գույները քո,
քամին կրկնում է անվերջ
անավարտ պարտիտուրը մինորի:
Ես գողացա տխրությունդ, քաղաք,
սեթևեթ իմ աղջիկ:
Ինձ կորցրու 

փեշերիդ մեջ 
դեղնած շրջանցիկ:

***

Գեղեցիկ են չծնված երեխաները.
Նրանք դառնում են
Հրեշտակներ այն աշխարհում,
Որի մասին չեմ ուզում խոսել:
Գեղեցիկ են մոռացված նոտաները,
Սքանչելի են անհամաչափ 
Ու տարօրինակ դիմագծերով մարդիկ՝
Արվեստ կա նրանց մեջ:
Գեղեցիկ են գեր կանայք` մաքուր հույզերով,
Որ սպասում են, փնտրում ամենուր 

Իրենց տղամարդուն:
Գեղեցիկ է դատարկությունը.
Ոչինչ չի կարող շեղել նրա մեջ ընկղմվելիս:
Գեղեցիկ է այն ամենը,
Ինչ չենք տեսնում:


***

Երկնքից այլևս չեն ընկնում
խնձորներ, տղաս.
աստվածներն են թափվում վար,
և ցավը փաթիլվող
ծածկում է ամոթալի մերկությունը քաղաքի:
Հեքիաթն այս տխուր է և չի ավարտվում.
չպատմես ոչ ոքի,
և իմաստ էլ չունի՝
որբերը հեքիաթների չեն հավատում:
Արի հաշվեք անորոշության բացիլները
ու քնենք,
և երազում կտեսնենք այն, 

ինչ փափագում ենք:
Արի քնենք.
քնած մարդիկ
երջանիկ են:


***

























Եվ սկզբում էր ցավը…
Եվ ցավն Աստծո մոտ էր`
Ցավն Աստված էր:
Առանց նրա ոչինչ չեղավ՝
Ոչ ծնունդ, ոչ վարձք,
Ոչ բերկրություն,
Ոչ տառապանք,
Ոչ արվեստ, ոչ փառք:
Օ՜, Ամենակա՛լ, 
Քո պատվիրանները
Թող պահեն նրանք,
Ովքեր վախենում են 
բիրտ դատաստանից.
Ես քո առաջ մեղավոր եմ
Միայն մի բանում՝
Ես բանաստեղծ եմ:

***



Եվ ջրերը չգիտեն՝
Ինչ է մահը:
Նրանց միջով հոսող քաղաքները,
Հատվում են ավազում:
Երկինքը հոգին է ցամաքող ջրերի`
Ցրված ճերմակ ամպերով:
Եվ ջրերը մաղում են ժամանակը՝
Ինքնահոս ողբից ,                                                                                        
Հիշողության համաճարակից:
Ջրերը չգիտեն ու չեն իմանա,
Թե ինչ է մարդկային աղբը...

Երկինքը
Շուռ եկած
Հայելի է դարձել, սե՛ր իմ,
Մրսում են ոտքերս
Սառը ամպերում:
Լցվիր որպես տաք եթեր
Իմ մեջ դանդաղ,
Ծածկիր մերկությունս
Քո մազերի թավիշով:

Տաք է սերը,
Ծորում է վար `
Ճեփ-ճերմակ մեր սավանից:
Ճոճվիր գրկիս խաղաղ՝
Հանց մակույկ թեթև,
Դյութանքն այս հեշտանքի
Ո՞վ է կոչել մեղք:

 ***  

Ես կանգնել եմ ծառուղում մենակ,
Քամին շոյում է կզակս ,
Ծառերը լուռ արտասվում են.
Տեսնում են Աստծուն
Երկնի հայելում:

***

Կսպառվեն բառերը շուտով,
Կճոճվի մահը պիրկ պարանին,
Փոշի կդարձնի երկիրը կորսված,
Արևը կարմիր` արնոտ ածելի:
Ամեն ինչ մի օր պիտի ավարտվի`
Ունայնության մեջ հավերժավազքի,
Լռությունը լոկ կմնա անձև`
Վիհերի մեջ գաղջ
Մեր Գոյամարտի:

***   


  




















Ցավի ճեղքված երակով
Հոսում է քաղաքը`
Լափելով աղմուկը`
Լցված սրճարանների,
Գժանոցների ,
Սպանդանոց-հիվանդանոցների:
Ես քնել եմ ու տեսնում եմ
Կարմիր երազներ.
Կզմթիր մամ՝
Չմեռնեմ մանկասպան երազում:

***

Շենքերը փակել են
Փոշոտ աչքերը,
Նիրհում է քաղաքը
Մթնում,
Սպառվել են բոլոր սփոփող ֆրազները,
Հուշերը ` քանդված փողոցում:
Ցավից ծաղկել է էլի
Վայրի կակաչը անշուք,
Մեռնում է անարգ գիշերը `
Պատռված քաղաքիս երախում:


***
       
Մաշկացավս անցել է կարծես
ութը տարի հետո …
Մեկ-մեկ մաշկս քոր է գալիս
քո կարոտից,
թվում է՝ քեզ թաղել եմ մաշկիս տակ,
ու արյունդ լերդացած
երակներս է կեղեքում:
Էսքան ցավ ու հիմար ծիծաղ
Ո՞նց եմ տարել հետդ, ասա՜,
Չէ՛, մի տեսակ չեմ հավատում:
Քեզ հիշելիս խուտուտ եմ զգում
ու կոպերիս դրոշմված կատվամռութդ սիրունիկ
չեմ մոռանում:
Ապրում ես դեռ
իմ գրի մեջ, բառերիս տողատակերում,
ճերմակ թղթերիս մեջ 
մաշկիդ բույրն եմ զգում.
մնա այնքան, 
մինչև մեռնի գրելուս մոլուցքն անհագ,
Մնա՜,
Դու՝ գաղջս,
մինչև վերջակետ:






Комментариев нет:

Отправить комментарий