Որոնել

вторник, 3 июля 2018 г.

Մարգարետ Ասլանյան. Աշխարհի ոչ մի հասցեում այլևս չի ապրում իմ սիրտը.

Մարգարետ Ասլանյան (1990 Երևան)




















1
Անդուռ:
Անմարմին:
Անշոշափ:
Օրերը հիվանդացած կարոտի
հրաժեշտի նամակներն են գրպանումս:
Հողմաղացներում արտասվող քամին
վերապրում է ամայության սերմնացանը:
Շուտով աշուն է:
Դատարկության աղի ջրերում
անվրդով քնած են հիշողության հրեշները:
Համակերպումի նավակներով 
հեռանում են ժայռացած թախիծները:
Ինձ գողանում է լռությունը ցորենի:
Միայնության սրինգը տանում է 
այրումներով հրդեհված երկնքի:
Քաղաքի կնճիռներից կախվել է
տխրությունը մոխրագույն շենքերի,
փշրվել է ափսեն լուսնի:
Մի օր կարթնանաս լացից ծղրիդների,
ձեռքերիդ ճաք տված հպումներից
կզգաս հեռվում սառչող արյունս անբառ,
փողոցն արծաթած մենության ձյունը
քեզ կհասցնի՝ աշխարհում չտեղավորված
առավոտներիս մեղեդիները:
Դռներում:
Մարմիններում:
Շոշափումներում՝
օրերդ արյունող կարոտի 
խոստովանության նամակներ կդառնան,
որոնք խնամքով կտեղավորես
ծոցագրպանում հին վերարկուիդ՝
խեղդվելով այն ճշմարտությունից,
որ աշխարհի ոչ մի հասցեում 
այլևս չի ապրում իմ սիրտը...

***

















2
Եղեգները սոսափում են:
Թեյիս բաժակում խառնում եմ 
նոյեմբերի դարչինը:
Գիշերների շեղբը թիկունքիս,
աստղերի արտասուքների եղյամը
թերթիկներին լուսնածաղկի,
մեռնող արևի ուրվացոլքերով
տխուր հեռացող երամի հետքը՝
ամենը հող է՝ կոկորդում հիշողության,
ամենը սպի է այտին երկնքի.
կարող էիր լինել:
Ես հիմա քայլում եմ տափաստանով՝
աշխարհի բոլոր դանակները սրտումս,
ես պարում եմ անկումներում մոլորակների,
խելագարի պես ծիծաղում հաշտությունը,
անփութորեն հազում կրակներ.
հիշո՞ւմ ես՝ ինչպես երկրաշարժվեց
հավատի առավոտը,
հիշո՞ւմ ես՝ ինչպես էր հեռանում սերը՝
մայրամուտին փոշեամպ դարձած...

***

3
Հյուսվածքներում խտացող մենության երկաթից
ես կառուցեցի իմ փոքրիկ տունը:
Աշունը արտասվում էր շեմին՝
երակներին անծայրածիր տառապանքների 
դեղնամորմոք անտառը,
աչքերում՝ հուսահատության անապատներ:
Հետո ես մոռացա, թե ինչ է Բառը:
Փողոցներում մարդիկ 
տարօրինակ հայացքներ էին նետում
փշերին մատներիս, 
նայում էի ձեռքերիս
ու չէի հիշում՝ ում եմ գրկել,
անշտապ խեղդվում էի 
ներքին արյունահոսությունից կարոտի
ու հաշվում երկնքից ընկնող աստղերը,
ու սպասում վերադարձին Աստծո...
Մի գիշեր անզուսպ մռնչում էին ժայռերը:
Արթնացա սուր ծակոցից սրտի:
Հիշեցի՝ եղել ես...


Комментариев нет:

Отправить комментарий