Որոնել

пятница, 6 июля 2018 г.

Մարգարետ Ասլանյան. Երբ ծաղկի հավատի ծաղիկը

Մարգարետ Ասլանյան























Ապակե կանայք փշրվեցին 
գրկում քարե տղամարդկանց,
ապակե կանայք դարձան ցուցափեղկ:
Քաղաքը պաշարած պողպատե աղմուկից
վայրի թռչունները լքում են բներն իմ աչքերի:
Աշխարհի մի անկյունում 
փլվել են բոլոր կամուրջները,
երկրաշարժվել սպասումները:
Կայարանները լացակումած են,
գնացքները՝ սապատավոր:
Նայում եմ երկնքին՝ լռելով հողը:
Մենության սնդիկը դանդաղ լցվում է
թաց առավոտի ցուրտ շեղջերի մեջ:
Ես հիմա կուլ եմ տվել
աշխարհի բոլոր լռությունները
և բաց թողել հայացքս գրկած
կարմիր կիրակին:
Ջրում եմ հոգուս որմերին փաթաթված
հավատի ծաղիկը
և դատարկում դույլերով թախիծը
պատի տակ նկուղի:
Մեր միջև փշրված են բոլոր բառերը,
մեր միջև խորը փոսերով մենության երկաթգիծ է:
Ես մի օր կներեմ քեզ լացը գնացքների՝
դղրդացող առաստաղին իմ,
կմոռանամ գիշերների թույնը՝
անքնության սավաններին,
կվերցնեմ ծաղիկն իմ՝ արգելոցից դրախտի,
ու կգնամ հետքերով վերջին հերոսի, որ ես եմ,
ու կգտնեմ ինձ բներում վայրի թռչունների՝
մինչ վերջին ոսկորս մերկ,
որովհետև այդ օրը՝ արևի մահճին,
Տերը կխնդրի ինձ պատմել 
երեք ձիավորների հեքիաթը,
որովհետև այդ օրը Երկրի վրա
լույս կիջնի թախիծներիս...




Комментариев нет:

Отправить комментарий