Որոնել

вторник, 3 июля 2018 г.

Աղավնի Գրիգորյան. "Գիշերվա պահապանները" շարքից

Աղավնի Գրիգորյան (1974)












Սպիտակ Երազ. հեքիաթ
Նվիրվում է՝ Մարգարետ Ասլանյանին

- Վերջապե՜ս,- թաթերի վրա սենյակ մտավ Սպիտակ երազը,դուռը հետևից կամացուկ ծածկեց ու ցած դրեց ուսապարկը, որ առաջին հայացքից հասած մորի էր հիշեցնում ( իրականում հենց մորի էր։ Անցյալ տարի Նարնջագույն ամպը տարեդարձին նվիրեց։ Աստղածաղկի զանգուլակներն էլ ինքը հարմարեցրեց ու երազային ուսապարկը մի հրաշք դարձավ, կարևորը շատ տարողունակ էր ու հարմարավետ)։ 
- Ի՜նչ էլ հասցե ես ընտրել, մինչև գտա` երեք երազ անցավ,- հաջորդ վայրկյանին հայտնվեց Մեգի կողքին, որ անկողնու մեջ նստել էր արդեն:
- «Աստղային փոշի», «ամպի թարմ ցողաջուր», «արևային պեպեններ», կարծես, ոչինչ չեմ մոռացել, - ուսապարկից հերթով հանեց տարբեր չափի սրվակներ` ամպերիզով կնքած, ու շարեց մահճակալի կողքին դրված ցածրիկ պահարանին: Աչքերը փայլեցին.
- Իմ հյուսածն է ,- ասաց ու աղջկա վզով փաթաթեց ծաղկահյուս շալը, - երազի գործն էլ գործ չի,- գրպանից հանեց երիցուկե շրջանակով հայելին ու պահեց աղջկա դեմքին մոտ,- ի՛սկը աչքերիդ գույնին է;
Մեգը ժպտաց, անկհայտ է, որ Սպիտակ երազն իր արձագանքին էր սպասում: Մի փոքր թուլացրեց վզի հանգույցը, որ շալը չծակի, քանի որ տեղ-տեղ վարդափուշ կար:
- Իմ երազած ծաղկեշա՜լն է…- ժպտաց երախտապարտ` հո չի՞ նեղացնի Սպիտակ երազին։
- Վստահ էի, որ կհավանես,- ոգևորվեց Սպիտակ երազը,- գիտե՞ս քանի մարգագետին եմ թռել-անցել…
Մոտեցավ պատուհանին, Լուսնին ձեռքով արեց, հանկարծ հիշեց,- օրիորդ Մեգի՛, իսկ ինչու՞ քնած չես:
Մեգը չհասցրեց անգամ պատասխան մտածել.Սպիտակ երազը գլուխը տմբտմբացրեց, վերցեց պահարանին դրված գրոտած թղթերը,- սա մեզ պետք չի այսօր ,- ու դրեց դարակը, բացեց սրվակներից մեկը, որտեղ լուսատտիկներ կային: Առաստաղը տեղ-տեղ լուսավորվեց`գիշերվա երկնքի պես։
- Պեպենները վաղը կկպցնես, - Սպիտակ երազին հակառակելն անիմաստ էր, ուստի Մեգը գլուխը դրական շարժեց:
- Այսօրվանից, Մե՛գ , դու էլ ունես քո Սպիտակ երազը,- ու իր երազային ողջ ուժով գրկեց Մեգին:
Մեգը լսեց ինչպես խշխշաց գետակն ու Սպիտակ երազի հետ, ոտաբոբիկ վազեցին ջրերի միջով, հետո անցան երիցուկների դաշտը, թիթեռների երգչախումբը լսեցին, ճիշտ է, մի վառվռուն թիթեռ անընդհատ երգի բառերը շփոթում էր ու մերթընդմերթ ոգևորված գոռում, այնպես որ, խմբավար մեղուն սաստող բզզացնում էր, բայց դե փոքրիկ է, դեռ առաջին երազերգն է անգիր արել…



Комментариев нет:

Отправить комментарий