Որոնել

пятница, 27 июля 2018 г.

Ռուզան Հովասափյան. բանաստեղծություններ

Ռուզան Հովասափյան (1976)


















Քեզ ինձնից հեռուները պահեցին –
Բառերս գտան:
Քեզ ինձնից գիշերները պահեցին – 
Բառերս գտան:

Քեզ ինձնից քամիները պահեցին –
Բառերս գտան:

Քեզ ինձնից ցնորքներս պահեցին –
Բառերս գտան:

Բայց ես ուզում եմ՝
Քեզ ինձնից ձեռքերս պահեն,
Որ
Չգտնեն բառերս…


***
Լքված, մամռած մի բեկորից,
Վերհիշելով սերերը քո,
Քանդակիր այն աստվածուհուն,
Ում աստղածոր մեղքից հետո
Փնտրում էիր քո խորքերում, որ աղոթես…
Քանդակիր դու…
Եվ ես հոգիս նրան տալով՝
Իմ մարմինը կբերեմ քեզ,
Որ քնքշությունս մարմարե
Փշուր-փշուր փոշիացնես՝
Աղոթքներդ հնչեցնելով
Մի հասարակ կնոջ առջև…

***
Այնպես փարվիր, որ ժամանակը կաղեկաղ
Մեր կավեղեն խաչը ելնի՝
Իմանալով, որ հարություն չի առնելու…
Այնպես փայիր, որ խաչվողը տառապահար
Պատվիրանի «Մի՛»-ն մեզ ների՝
Իմանալով, որ մեղմասույզ «Ի՜մ» է դառնում…
***
Ձայնդ ձյան պես իջներ ու լար ավազներիս,
Մի ծով բացվեր անապատս դարձներ ափ,
Եւ ամենաչքնաղ երգս գրվեր ափին.
Ծովը ծփար…
Բեդվինի պես, խանդոտ, գայիր իմ ետեւից
Ջրանույշի կերպարանքս խինդից ցնծար,
Հանց ուխտավոր խորտակեիր հուշն ուղտերի.
Ծովը ծփար…
Ու ճախրեին չգրած իմ էջերն անթիվ
Ճայերի հետ, ճայերի պեՙս, ճայերից լա՜վ…
Գեթ մի թղթե նավակ լողար քամուց հեւքիդ.
Ծովը ծփար…
***











Երբ նոր էիր հեռացել,
Կարոտիս վրա
Ձեռքերս էի տաքացնում:
Երբ նոր էիր հեռացել,
Կարոտիս վրա
Թևերս էի տաքացնում:
Երբ նոր էիր հեռացել,
Կարոտիս վրա
Ուսերս էի տաքացնում…
Հիմա
Կարոտս եմ տաքացնում
Ձեռքերիս վրա…
***
Գոնե մատներդ
Թող իմ դռան տակ,
Իմանամ՝
Ցավով ես հեռանում.
Ետ տանեմ ձեռքս
Տաք մոխրամանից
Եվ ետևիցդ
Սիրտս շպրտեմ…
***
Եվ ինձ թվում էր՝
Քո բացված սիրտը
Ծաղիկ է քնքուշ,
Իսկ իմ բառերը
Կա՜թք են անձրևի –
Այնինչ արև՜ են:
Ի՜նչ իմանայի,
Եթե չթոշներ…
Այդպես չի թոշնում,
Այդպես փակվում է
Անձրևանոցը:
***
Մինչև քեզ մոտ գալը
Սենյակում
Խոսում էինք
Զգացմունքներից.
Աթոռներից մեկը
Խոստովանեց –
Երբ սիրում ես,
Ոտքերիցդ երկուսը
Թևեր են դառնում… .
Այդ պահին ես
Ձեռնոցներս էի հագնում:

3 комментария:

  1. Մի ծով բացվեր անապատս դարձներ ափ․․․ Այդ ծովի համար ենք փակ աչքերով գալիս և փակ աչքերով գնում՝ ծովի սերն ու հիշողությունը տանելով մեզ հետ։ Այդ ծովը, այդ զարմանալի ծովը միայն Աստված կարող է տալ և բանաստեղծը։ Ես այդ ծովն զգում էի աղջամուղջների մեջ, բայց ծովի դիցուհին ցույց տվեց այն։ Կարդալով կարդացի, երջանիկ ակնթարթներ և հիշողության մարգարիտներ հավաքելով այդ ծովափից․․․Աստված իմ, ի՜նչ նման են էս Աղջկա խոսքի բնակտորներն ու էս Աղջկա ծովափը։

    ОтветитьУдалить
  2. Մի ծով բացվեր անապատս դարձներ ափ․․․ Այդ ծովի համար ենք փակ աչքերով գալիս և փակ աչքերով գնում՝ ծովի սերն ու հիշողությունը տանելով մեզ հետ։ Այդ ծովը, այդ զարմանալի ծովը միայն Աստված կարող է տալ և բանաստեղծը։ Ես այդ ծովն զգում էի աղջամուղջների մեջ, բայց ծովի դիցուհին ցույց տվեց այն։ Կարդալով կարդացի, երջանիկ ակնթարթներ և հիշողության մարգարիտներ հավաքելով այդ ծովափից․․․Աստված իմ, ի՜նչ նման են էս Աղջկա խոսքի բնակտորներն ու էս Աղջկա ծովափը։ Պատրիկ ԱՐՏԵՄԻ

    ОтветитьУдалить