Որոնել

вторник, 24 июля 2018 г.

Մարգարետ Ասլանյան. Փշրված կարոտներ

Մարգարետ Ասլանյան (1990 Երևան)


















1
Դու գնում ես տուն:
Օրերը հագնում են մենության մարմարը,
լռության պողպատը ծանր իջնում է 
քնած քաղաքին:
Լուսնի փչակից դանդաղ ծորում է
դառը խեժարցունք,
կարոտի փայտփորիկը կույր է:
Սառը քամին կոտրում է
հայացքիս ապակին,
հիշողության շեղբերը լցվում են
աղավնատունն աչքերիս: 
Թախիծների հասկն օրորվում է
կեսգիշերային ոտնաձայներից 
թափառող մեկի.
ոչ ոք չի սիրել ինձ մինչև վերջ,
ոչ ոք չի պարել ինձ հետ եզրին՝
անլացության մեջ ահեղ կրակի...

***


















2
Ինձ պատմեցին, 
որ ես ամեն օր 
թղթե նավակներ եմ իջեցրել Նինվե
ու հեռացող բոլոր երամների հետ լռել անունդ,
որ աչքերիս ճաքած վերքերին ձյուն է փաթիլվել
ու ես գիշերը թաքուն բացել եմ մթնած խրճիթիս
կողպված հին դուռը,
ու ես շատ երկար սպասել եմ Աստծուն...

Ինձ պատմեցին,
որ ամեն գիշեր
աշխարհի բոլոր առաստաղները
փլվել են վրաս,
որ բոլոր բանաստեղծություններս
անձայն արտասվել են մոխրոտ նկուղում,
և առաջին պատահած գնացքով 
ինձ լքել են՝ լուսաբացի մեջ տխուր կուչ եկած
երգերը վաղվա...


Ինձ պատմեցին,
որ կարոտից կոտրել եմ 
ծաղկամանում տեղավորված օրերը,
որ անզգույշ ճանկռել եմ թիկունքը լուսնի
և չեմ հավատացել լացին աստղերի,
որ նվագել եմ մատներիդ դողը սառը սավանին
ու հագել գիշերների փշալարը,
ու կուլ տվել խշշոցը ծառերի...


Ինձ պատմեցին,
որ մի օր գտել են մարմինս հին նավախելին
ու ճայերը համբուրել են աչքերս,
ու ծովն արտասվել է 
ուռենիների տակ արձակ մազերիս,
որ ավազները լցվել են կոկորդս,
ձկները կրծել են երակներիս երկաթը,
որ Աստված ներս է եկել սպասումիս դռնից...

***


















3
Ես կլինեմ այնքան հեռու,
որքան քո` ինձ չմեկնած ձեռքը:
Քո քաղաքին ամեն օր կիջնի
հիշողության կարմիր անձրևը
և մարդիկ կմոռանան հեքիաթն արևի:
Լուսաբացին դու կթարթես
կոպերիդ ծանրացած անքնությունը,
գիշերը` կերազես լռությունը Սենայի:
Երկիրը կշարունակի պտտվել 
իր մենության շուրջ, 
կարոտը կդառնա առանցքն օրերիդ:
Քո կամքին կհպատակվեն աստվածները,
ես` չեմ սպանի իմ մեջ մարդուն`
աչքերով ճակատագիր:
Դու մի օր կփորփրես սիրտդ`
ուսապարկ,
և կգտնես քեզ հեռավոր ժայռին`
թախիծներում փլված,
ես` կկտրեմ մազերս:
Ամեն բան կդառնա հավերժ աղմուկ`
ամենածանր գինը`
ինձ ուրիշին զիջած լռության:

















Комментариев нет:

Отправить комментарий