Որոնել

среда, 11 июля 2018 г.

Ղասան Քանաֆանի. Տխուր նարնջի երկիրը

    Ղասան Քանաֆանի (1936-1972)









Երբ դուրս եկանք Հայֆա քաղաքից ու շարժվեցինք Աքքա, չէի զգում, թե դա դժբախտություն է: Տպավորությունն այնպիսին էր, ինչպես որ ամեն տարի դուրս էինք գալիս քաղաքից՝ անցկացնելու արձակուրդն այլ քաղաքում: Աքքայում մեր օրերն անցնում էին սովորականի պես, ոչ մի արտասովոր բան տեղի չէր ունենում: Այդ ժամանակ ես ուրախ էի, քանի որ փոքր էի և վայելում էի դպրոցից ազատ օրերս: Ամեն ինչ փոխվեց Աքքայի վրա մեծ հարձակման գիշերից հետո. երևույթները սկսեցին ավելի պարզ դառնալ ինձ ու սկսեցի ուրիշ աչքով նայել դրանց: Այդ գիշերը ծանր անցավ ինձ համար. տղամարդիկ նստած էին լռությանմեջ, իսկ կանայք աղոթում էին: Ես, դու ու մեր սերնդակիցները փոքր էինք, որպեսզի հասկանայինք՝ ինչ է կատարվում։ Բայց այդ գիշեր սկսեցինք մաս դառնալ պատմությանն ու ինձ համար պարզ էր դառնում ամեն ինչ: Առավոտյան հրեաները մեզ հայհոյելուց ու սպառնալուց հետո հեռացան: Մեր դռան դիմաց կանգնեց վագոն-մեքենա: Ես հայացքս մեր հին տան պատին հառած կանգնած էի, երբ տեսա, թե ինչպես է մայրդ բարձրանում մեքենան, հետո մորաքույրդ, իսկ վերջում՝ փոքրերը: Դրանից հետո հայրդ սկսեց քեզ ու եղբայրներիդ գցել բեռների վրա: Այնուհետև հանեց ինձ անկյունից, գրկեց գլխից բարձր ու շպրտեց երկաթե վանդակի վրա՝ բեռների արանքում: Այնտեղ կողքիս լուռ նստած էր քո եղբայր Ռիյադը: Մինչ կհասցնեի տեղավորվել, ավտոմեքենան շարժվեց տեղից: Վերև բարձրացող խաչմերուկում Աքքան ավելի ու ավելի էր անհետանում տեսադաշտիցս, իսկ ճանապարհը ուղևորվում էր դեպի Ռաս ան-Նակուրա:
Եղանակը ամպամած էր ու մարմինս սառել էր: Քո եղբայր Ռիյադը լռելյայն նստած էր, ոտքերը բարձրացրել ու դրել էր վանդակի ծայրին, մեջքով հենվել էր բազկաթոռին, հայացքը՝ հառել երկինք: Ես էլ նստած էի լռության մեջ, ձեռքերով գրկել էի ծնկներս, դունչս հենել էի ոտքերիս: Ճանապարհի երկայնքով ձգվում էին նարնջի դաշտերը: Մի պահ անհանգստությունն ու վախը պատեց մեզ բոլորիս: Մեքենան դժվարությամբ բարձրանում էր խոնավ ավազի վրայով: Հեռվում լսվեց կրակոց, որը հնչեց ինչպես հրաժեշտի կոչ:
Երբ հորիզոնում նշմարվեց Ռաս ան-Նակուրան, ամպամած երկինքը բացվեց: Մեքենան կանգնեց: Կանայք իջան ուղեբեռերի մեջից ու շարժվեցին մի գյուղացու ուղղությամբ, որը կքանստած էր փողոցում, իսկ դիմացը նարնջով զամբյուղ էր։ Նրանք վերցրեցին մի նարինջ: Մեզ հասավ նրանց լացի ձայնը: Այդ պահին ես հասկացա, որ նարինջը ինչ-որ թանկ բան է: Այդ մեծ, մաքուր նարինջը շատ սիրելի էր մեզ համար: Կանայք գնեցին նարինջները ու բերեցին մեքենայի մոտ: Քո հայրը իջավ վարորդի կողքից, ձեռքի ափի մեջ վերցրեց մի նարինջը ու լուռ նայեց նարնջին, հետո պոռթկաց ու սկսեց լացել երեխայի նման:
Մեքենան կանգնեց Ռաս ան-Նակուրում՝ մյուս մեքենաների կողքին: Ոստիկանությունը կանգնացնում էր մեքենաները, որից հետո տղամարդիկ հանձնում էին իրենց զենքերը: Երբ հերթը հասավ մեզ, տեսա սեղանի վրա շպրտված հրացաններ ու ատրճանակներ: Նայեցի մեքենաների մեծ շարքին, որոնք ուժասպառ եղած մտնում էին Լիբանան՝ հեռվում թողնելով նարնջի երկիրը: Ի վերջո ես սկսեցի հեծկլտալ: Մայրդ դեռ լուռ նայում էր նարինջներին, իսկ հորդ աչքերում երևում էին նարնջի ծառերը, որը թողել էր հրեաներին. բոլոր այն ծառերը, որոնք հատ առ հատ գնել էր, որոնք ծաղկել էին իրա աչքի առաջ: Նա չկարողացավ զսպել իր արցունքները ոստիականական տեսուչի դիմաց:
Երեկոյան, երբ հասանք Սայդա, արդեն փախստական էինք:
***
Ճանապարհը կլանել էր մեզ մնացած ամեն ինչի հետ միասին: Հայրդ սկսեց ավելի մեծ երևալ իր տարիքից, քան առաջ էր, ու, թվում էր, թե նա երկար ժամանակ է, ինչ չի քնել: Նա կանգնեց փողոցում՝ թափված բեռների դիմաց: Ես մի պահ պատկերացրեցի, թե մոտենում եմ նրան ու ինչ-որ բան եմ ասում,և նա միանգամից պոռթկում է դեմքիս՝ ասելով. «Գրողը տանի հորդ, գրողը տանի քեզ»: Այս բառերը պարզ արտահայտված էին նրա դեմքին:
Այդ պահին անգամ ես, որ դեռ երեխա էի ու սովորում էի կրոնական դպրոցում, կասկածում էի, թե Աստված իրականում ուզում է, որ մարդիկ երջանիկ ու ուրախ լինեն: Կասկածում էի, թե այս Աստվածը լսում ու տեսնում է ամեն ինչ: Աստծու մասին գունավոր պատկերները, որոնք մեզ ներկայացնում էին եկեղեցական դպրոցում, իբր թե Աստված քնքշանք է զգում երեխաների նկատմամբ ու ժպտում է նրանց, այն ստերից էր թվում, որոնք հորինել էին դպրոցների հիմնադիրները, որպեսզի վարձավճարներն ավելի շատ լինեն: Կասկած չունեի, որ այն Աստված, ում գիտեին Պաղեստինում, լքել էր Պաղեստինը և փախստական էր դարձել մեզ նման. թե երբվանի՞ց, ես էլ չգիտեի: Նա կարծես էլ իշխանություն չուներ իր խնդիրները լուծելու համար, իսկ մենք՝ փախստականներս, նստած մայթին սպսում էինք նոր ուժի, որ կլուծեր մեր խնդիրները: Մենք պատասխանատու էինք ինքներս մեզ համար, մենք պետք է տանիք գտնեինք այդ գիշեր անցկացնելու համար: Մտքերն ու ցավը սկսում էին սպանել միամիտ երեխայի ուղեղը:
Գիշերը ու մեր գլխի վրա իջնող մթությունը վախեցնող էր: Վախը կամաց-կամաց տարածվում էր սրտիս մեջ: Գիշերը մայթին անցկացնելու միտքն ինձ պատում էր սահմռկեցնող ու վախեցնող զգացողություններով, ու չկար մեկը, որը կխղճար ինձ ու ապաստան կգտնեի իր մոտ: Իսկ քո հոր լուռ հայացքը նոր վախ էր գցում իմ սրտի մեջ: Մորդ ձեռքի նարինջը կարծես կրակ վառեր գլխումս: Լռակյացներով հավաքվել էինք ու սևեռված նայում էինք սև ճանապարհին՝ հուսալով, որ ինչ-որ մի անկյունից ինչ-որ լուծում կհայտնվի մեր խնդիրների համար ու գիշերը կանցկացնենք տանիքի տակ: Եվ հույսն եկավ անսպասելի: Քո հորեղբայրը քաղաք էր հասել մեզանից առաջ, և հենց նա մեր հույսն էր:
Քո հորեղբայրը վեհ արժեքների նկատմամբ առանձնապես հավատ չուներ, իսկ երբ մեզ նման հայտնվեց փողոցում, վերջնականապես դադարեց հավատալ: Նա գնաց իր տուն, որտեղ արդեն ապրում էր հրեական ընտանիք, բացեց դուռը, շպրտեց իրերն այս ու այն կողմ ու գոռաց նրանց դեմքերին. «Գնացե՛ք Պաղեստին»,- միևնույն ժամանակ վստահ լինելով, որ նրանք իհարկե չեն հեռանալու: Վերջինները, վախենալով նրա հուսահատությունից ու զայրույթից, հեռացան հարևան սենյակ, հորեղբորդ թողնելով իր տանը՝ վայելելու առաստաղն ու հատակը:
Հորեղբայրդ տարավ մեզ իր այդ սենյակը, որտեղ հավաքեց իրերն ու հարազատներին: Այդ գիշեր քնեցինք հատակի վրա: Հատակը լցված էր մեր մարմիններով: Ծածկվել էինք տղամարդու բաճկոններով: Առավոտյան արթնացանք ու տեսանք տղամարդկանց, որոնք գիշերն անցկացրել էին աթոռների վրա նստած: Ողբերգությունն սկսեց մեր մեջ ամբողջությամբ մտնելու ճանապարհ գտնել:
Սայդայում շատ չմնացինք: Հորեղբորդ սենյակը անգամ մեր կեսի համար բավականաչափ ընդարձակ չէր: Չնայած դրան՝ այնտեղ անցկացրեցինք երեք գիշեր: Մայրդ խնդրեց հորդ կա՛մ աշխատանք գտնել այդտեղ, կա՛մ վերադառանալ նարինջի երկիր, սակայն հայրդ նրա վրա չարությամբ բղավեց: Մայրդ լռեց: Այստեղից սկսվեցին մեր ընտանիքի խնդիրները։ Մեր երջանիկ ու կայուն ընտանիքը, որն իր հետևում թողել էր նարնջի երկիրն ու նահատակներ:
Չգիտեի, թե հայրդ որտեղից վերադարձավ փողերով, բայց գիտեի, որ նա վաճառել էր այն ոսկե զարդը, որը նվիրել էր մորդ, երբ ուզում էր երջանիկ լինել և հպարտանալ, որ ինքը նրա ամուսինն է: Սակայն այդ ոսկին մեծ բան չէր մեր խնդիրները լուծելու համար: Պետք էր այլ աղբյուրներ գտնել: Մի՞թե նա այլ պարտք էլ էր արել: Արդյոք այլ բա՞ն էլ էր վաճառել, որ մենք չէինք տեսել: Չգիտեմ: Հիշում եմ, որ այնտեղից հեռացանք մի գյուղ, որը գտնվում էր Սայդայի արվարձաններում: Այդտեղ հայրդ նստեց բարձր ժայռի վրա և ժպտաց առաջին անգամ. սպասում էր հունիսի 15-ին, որպեսզի տուն վերադառնա հաղթական զորքերի հետ միասին:
Ծանր ու դժվար սպասումից հետո հունիսի 15-ին ժամը ուղիղ տասներկուսին հայրդ հարվածեց ինձ ոտքով, երբ քնած էի, և առաջին անգամ աղմկելով ու խրոխտ ձայնով ասաց. «Վե՛ր կացեք, գնացե՛ք, տեսե՛ք արաբական զորքը մտել է Պաղեստին»: Վեր թռա տեղիցս, կանգնեցի, ու մենք բոլորս գիշերվա կեսին բլուրներով ոտաբոբիկ իջանք փողոց, որը գյուղից մեկ կիլոմետր հեռու էր: Բոլորս՝ փոքրերով ու մեծերով, իրար հետևից ընկած շնչակտուր վազում էինք: Երևում էին մեքենաների լույսեր, որոնք բարձրանում էին Ռաս ան-Նակուրա: Երբ հասանք գլխավոր փողոց, սկսեցինք մրսել ցրտից, բայց քո հոր բղավոցները կառավարում էին մեզ ու սթափեցնում, ստիպում էին մոռանալ ցուրտը: Նա սկսեց վազել մեքենաների հետևից` ինչպես երեխա: Գլուխը կորցրած բղավում ու ճչում էր նրանց հետևից խզված ձայնով, ու շունչը կտրում էր: Բայց չէր դադարում վազել մեքենաների հետևից ու պտտվել կողքերը՝ ինչպես փոքր երեխա: Մենք էլ նրա նման վազում էինք նրա հետևից ու գոռում էինք նրա հետ միասին: Զինվորները լուռ ու սառը մեզ էին նայում իրենց սաղավարտների տակից: Մեր շունչը կտրվում էր, իսկ հայրդ հիսուն տարեկան հասակին վազում էր նրանց հետևից: Գրպանից ծխախոտ էր հանում, նետում զինվորների վրա ու շարունակում էր գոռալ: Իսկ մենք շարունակում էինք վազել նրան շրջապատած՝ ինչպես ոչխարի փոքրաթիվ հոտ:
Մեքենաներն անսպասելիորեն վերջացան: Սուլոցներից ու բղավոցներից ուժասպառ եղած ու հոգնած վերադարձանք տուն: Հայրդ լուռ էր և ոչ մի բառ չէր ասում: Մենք նույնպես ուժ չունեինք բառ ասելու: Երբ անցնող մեքենայի լույսը ընկավ նրա դեմքին, երևացին այտերի վրայի արցունքները:
Այդ օրվանից հետո կյանքն ավելի դանդաղ էր անցնում: Մենք խաբվեցինք հայտարարություններին, այնուհետև՝ խաբվեցինք դառը ճշմարտությանը: Լռությունը մի նոր ձևով իջել էր հորդ դեմքին: Նա արդեն դժվարությամբ էր խոսում Պաղեստինի, իր նախկին տան ու նարնջի այգու մասին: Մենք կարծես նրա հսկայական ողբերգության պատն էինք, որ հայտնվել էինք նրա կյանքում նորովի: Մենք կարծես անիծվածներ լինեինք, ովքեր հեշտությամբ բացահայտեցին նրա գոռոցների իմաստը, թե «գնացեք դեպի լեռները ու մինչև երեկո չվերադառնաք»: Մենք գիտեինք, որ նա այդպես է ասում, որպեսզի ուտելու հաց չուզենք:
Ամեն ինչ սկսում էր ավելի բարդանալ: Ամենափոքր բանն անգամ հերիք էր, որ հայրդ հունից դուրս գար: Հիշում եմ, որ մի օր մեզանից մեկն ինչ-որ բան խնդրեց նրանից: Չեմ հիշում, թե ինչ: Նա վեր թռավ տեղից, ինչպես հոսանքահարվածը, աչքերը սահեցրեց մեզ վրա: Ինչ-որ սատանայական միտք նրա գլխում էր ու հանգիստ չէր տալիս: Տեղից վեր թռավ այնպես, կարծես այդ երկընտրանքից դուրս գալու վերջնական լուծում էր գտել: Մարդկային զգացումներիխորքից ի վիճակի չլինելով իր խնդիրները լուծել, նա իրեն զգում էր սարսափի մեջ, ինչպես մեկը աղետալի գործողությունից առաջ: Սկսեց պտտվել ինքն իր շուրջ՝ փնտրելով բաներ, որոնք ինքը չէր տեսնում: Այնուհետև վրա ընկավ մեզ հետ Աքքայից բերած ճամպրուկի վրա, ու սկսեց նրա պարունակությունը կտրուկ շարժումներով դուրս շպրտել: Այդ պահին մայրդ հասկացավ ամեն ինչ:
Մեզ այդ անհանգիստ վիճակից հանելու ու որդիներին վտանգից պաշտպանելու համար մայրդ մեզ դուրս հանեց սենյակից ու պահանջեց, որ փախչենք դեպի լեռները,սակայն մենք պատուհանի մոտից հեռու չգնացինք: Մեր փոքր ականջները կպցրել էինք պատուհանի փայտին ու լսում էինք հորդ վախեցնող ձայնը. «Ուզում եմ սպանել նրանց, ուզում եմ ինձ սպանել… ուզում եմ վերջանա… ուզում եմ… ուզում եմ…»։ Ու հայրդ լռեց: Երբ նեղ դռով ներս մտանք, տեսանք, որ հայրդ ընկած է հատակին, լսելի ծանր շնչում է, ատամները սեղմում ու լացում: Մայրդ նստած էր նրա կողքը ու նայում էր նրան խղճահարությամբ, իսկ մենք շատ բան չէինք հասկանում, բայց, երբ ես տեսա սև ատրճանակը գցած գետնին՝ հորդ կողքին, հասկացա ամեն ինչ: Վախեցած ու նոր հայտնված ուրվականի նման սկսեցի վազել դեպի լեռները՝ փախչելով տնից: Որքան հեռանում էի, կարծես միևնույն ժամանակ նույքան հեռանում էի մանկությունից: Զգում էի, որ մեր կյանքն այլևս հեշտ ու քաղցր չի լինելու: Ապրելն էլ հանգիստ չի լինելու մեզ համար: Ամեն ինչ հասել էր եզրին. այլևս այլ ելք չէր մնացել հորդ համար, քան ամեն մեկիս գլխում` մեկ գնդակը: Այսպիսով մենք պետք է մեր գործողությունների մեջ զգույշ լինեինք. չպետք է ուտելիք ուզեինք, երբ սոված էինք, պետք է լռեինք, երբ հայրդ խոսում էր խնդիրների մասին, պետք է տմտմբացնեինք գլուխներս, երբ ասում էր մեզ. «Բարձրացե՛ք լեռներն ու մինչև գիշեր չվերադառնա՛ք»:
Երեկոյան, երբ մութն ընկավ, վերադարձա տուն: Հայրդ դեռ չէր լավացել, իսկ մայրդ նստած էր նրա կողքին: Բոլորիս աչքերը փայլում էին մթության մեջ կատվի աչքերի նման: Բոլորիս շրթունքները իրար պինդ կպած էր, կարծես էլ երբեք չէին բացվելու, կարծես հին սպի լիներ այդ ամենը, որը երբեք չէր բուժվելու:
Մենք կուչ էինք եկել այնտեղ: Հեռու էինք մանկությունից, ինչպես որ հեռու էինք նարնջի երկրից: Մի գյուղացի ասում էր, որ նարնիջը թառամել ու չորացել է, քանի որ օտարի ձեռքով է ջրվում:
Քո հայրը դեռ հիվանդ էր ու ընկած անկողնու վրա, մայրդ կամաց քթի տակ խոսում էր, իսկ աչքերից երևում էին, որ արցունքները չէին դադարել հոսել ամբողջ օրը:
Ես մերժվածի նման կամաց ներս սողոսկեցի: Երբ հայացքս գցեցի հորդ վրա,նա դողում էր հուզմունքից ու զայրույթից մահամերձի նման: Միևնույն ժամանակ ես տեսա սև ատրճանակը փոքր սեղանի վրա՝ նարնջի կողքին:
Նարինջը թառամած էր և չոր:


1958 Քուվեյթ







Թարգմանությունը՝  Աստղիկ Գաուդյանի

Комментариев нет:

Отправить комментарий