Որոնել

воскресенье, 22 июля 2018 г.

Պատրիկ Արտեմի. Սուլթանը

















Տիեզերքի քարտեզի վրա Լորուտը գտնվում է Կաթնածիրի մեծ սփյուռի հեռավոր մի անկյունում, ոսկեկանաչ և ոսկեբույր լորենիների անտաոում։ Լորուտի / անունն էլ գալիս է քնքշատերև այդ ծառից / ամբողջ հատակը բազալտի միակտոր սալադաշտ է, տեղ-տեղ՝ հողի կարկատաններով։ Այդ հեթանոս սալադաշտի սերն ու գգվանքն ամպոտ լեռնրից իջնող զմրուխտե գետակն է, որ բարի լու՜յս է ավետում գյուղին և, փաթաթված երկնամշուշ շամանդաղների մեջ, իր ցողոտ, շաղոտ կոհակները գլորում դեպի Լոռու մեծ ձորը։ Գետն այդ դյութ է, հենց տեսնելու պահից այնպես է գերում քեզ, այնպես է քեզ առնում քեզանից, որ դու էլ ես ուզում կյանքում մի անգամ դառնալ Լորուտա գետակ և մոռացումի անհայտ ուղիներով գնալ – միանալ Լոռվա ձորի անսանձ Ոգուն՝ առասպելական Դեբեդին։ Սալադաշտի վրա նստած Լորուտը հող չունի և հողի մշակույթով զբաղվում է ձեռքի հետ՝ շա՜տ թեթև, այդ գյուղի հպարտությունն իր հովիվներն ու որսորդներն են, և նունիսկ բարձրագահ լեռներն էլ կարծես առասպելական հովիվներ լինեն՝ ծառազարդ փափախներով ու յափնջիներով։ Լոռու խոր ծմակներում, Եթե հանդիպեք խիզախ որսորդների, իմացեք, որ նրանցից մեկն էլ իմ քեռի Հովակն է՝ միջին բոյի, շիկահեր, լանջավետ, ուժեղ և խոշոր ձեռքերով։ Քեռի Հովակը մի անգամ չէ, որ ձեռքով գայլ է խեղդել, նույնիսկ կռփամարտի մեջ մտել արջերի հետ և գիրկընդխառն գլորվել ձորը։ Մարդն էլ, արջն էլ գնահատելով միմյանց ուժը՝ արժանապատվորեն հեռացել են իրարից։ Քեռիս որսորդության մեջ իր ամբողջ կյանքում վրիպել է միայն մեկ անգամ, որը զարմանալիորեն չի մոռացվում։ Այսօր հիշելու հերթն իմն է․ վաղուցներում մի անգամ Հովակ քեռիս իր քեռի Սերժանին՝ գյուղխորհրդի գրագիր, նիհար, ոտքերն անսովոր երկար, բարձրահասակ՝ կյանքին երկրորդ հարկից նայող փոքրոտ և անհանգիստ աչքերով, հրավիրում է որսի՝ խոստանալով անտառում արջի մսից համն ու հոտը երկինք հասնող խորոված հյուրասիրել։ Գիշերահան, անլույս մութի միջով բարձրանում են սարերը։ Արջը վայրի տանձի և մոռի սիրահար է․ քեռիս իր քեռու հետ օրվա կեսին հասնում է քառասուն աղբյուրի ձորի մոռուտները և չի սխալվում։ Ձորապռնկից նայում է և տեսնում , որ փորը կուշտ արջը թեքվել է աղբյուրին և ջուր է խմում։
-Քեռի, արի, ձորում արջ եմ գտել,- համարյա թե շշուկով ասում է նա։
Սերժանը մոտենում է և չի կարողանում թաքցնել զարմանքը․
-Ի՞նչ էլ խոշոր է անիրավը․․․
-Չվախենաս, հիմա կրակելու եմ։
-Լավ նշան բռնիր, չվրիպես,- զգուշացնում է Սերժանն իր զարմիկին։
Քեռիս երկու անգամ կրակում է, բայց հայտնի չէ՝ վրիպու՞մ է, թե բարութն է լինում հին, արջը չի ընկնում ցած։ Ավելին, չարխի պես երեք անգամ պտտվում է տեղում, ինչպես բոլոր արջերն են անում, որ ճշգրիտ որոշի կրակոցի տեղը և գյուլլի պես հասնի այնտեղ։
-Քեռի Սերժան,- ասում է զարմիկ Հովակը,- արջն ուր որ է հիմա կհասնի այստեղ, փախիր դեպի ամառանոց, դեպի բինաները, սարվորների ահից հետ կդառնա, եթե ոչ՝ սարվորներն իրենք հետ կտան։
Լեղապատառ Սերժանը մի ոտքը փաթ է տալիս կամրջի պես հորիզոնական ընկած ծառի վրայով, որ մյուս ոտքն էլ վրա բերի, բայց վախից կորցնում է ինքնակառավարումը և ջղաձիգ կծկումներով մարմինն ու ոտքերը թափահարում աջուփարչ․․․
-Քեռի,-ասում է զարմիկը,- ձի վարգելու ժամանակը չէ, արջը գալիս է, փախիր։
-Աահ․․․ահ․․․ահ․․․ ,- զարմիկը, տեսնելով, որ սարսափից քեռու լեզուն չորացել է բերանում,
արագ իջեցնում է ծառից և ասում ,- վազիր, դեպի բինաները․․․
Սերժանն անտառի խորդուբորդ լանջերն ի վեր սլանում է օլիմպիական վազորդի պես, արջը՝ կրնկակոխ ետևից, Սերժանը կտրում, անցնում է բինաները՝ արջը ետևից։ Սերժանը ետ է դառնում , նորից անցնում բինաների միջով՝ արջը կպած հետևից։
-Գժվե՞լ է էս մարդը,- բարկանում են սարվորները,- արջ է խաղացնում իր հավեսին, թող խաղացնի, ո՞վ է դեմ , բայց դրա համար անտառ կա, բան կա, այստեղ երեխեք են, կանայք , ո՞նց կարելի է։
Քիչ անց, արջը՝ քամակին, իր ամբողջ բոյով մեկ Սերժանը նորից հայտնվում է բինաների մոտ՝ ձեռքերը խեղդվողի պես թափահարելով։
Լոռեցի սարվորները գլխի են ընկնում, որ խեղճ Սերժանը փորձանքի մեջ է և հարայ – հրոցով ու հրացանների տրաքոցով արջին քշում են ձորը։
-Էս ի՞նչ ես անում, այ ընկեր, կարո՞ղ է՝ հարբած մտել ես անտառը և արջին չես ջոկում, որ արջ է, խելքդ հացի հետ ե՞ս կերել, վայրկենապես փոստահան կանի՝ կաշիդ հանելով գլխիցդ
-Ինձ ե՞ք ասում, էդ բանը Հովակին ասեք, զարմիկս տեղովը գիժ է ,- ուշքի գալով՝ ասում է Սերժանը,- խնդրեց, աղաչեց, թե արի տանեմ արջի խորոված պատիվ անեմ, խորովածի փոխարեն արջին գցեց ետևիցս։ Տնաշենի մարդ, չես կարող՝ մի կրակիր, ինչու՞ ես կրակում և մեզ գցում կրակի մեջ։

***
Քեռի Հովակի պատմությունը փոքր ինչ շեղեց պատմողիս, բայց՝ ոչ ասելիքս, որը հենց հիմա էլ պատրաստ եմ շարունակելու։ Քեռի Հովակին ինձ կապողն իմ Անուշկա նախատատն է, որի հարյուրամյակը մի քանի տարի առաջ նշել էր Լորուտը․ ոչ ոք չէր համարձակվել մնալ անմասնակից, որովհետև բոլորն էլ մահու չափ վախենում էին նրա անեծքից։ Ամբողջ գյուղը գիտեր, որ մեծ տատի անեծքին ապառաժ քարն էլ չի դիմանում և տեղնուտեղը ճաք է տալիս։ Պատմում են, որ Վարդևան նախապապս, իննսունից հետո էն աշխարհ գնալիս, ներողություն է խնդրում կնոջից անժամանակ լքելու համար։ «Դարդ մի արա,- ասում է Անուշկա մեծ տատը,- դեռ էն ժամանակ, որ եկար ձեռքս խնդրելու՝ ես գիտեի դա, բայց տվեցի համաձայնությունս»։
Նախատատս թռչունների չուից ու ձայներից, քամիների ուղղությունից, անձրևից ու ծիածանից և նույնիսկ լուսնի դիրքից գուշակում վաղն ու մյուս օրը, երկրից մինչև երկինք բաց գրքի պես կարդում աշխարհը, ավելին՝ նրա անկասելի միտքն անցնում էր ժամանակի այլ չափումներով, բայց կիսվում էր շատ հազվադեպ և ոչ ամենքի հետ։
Քեռի Հովակն Անուշկա նախատատի հինգերորդ տղայի ավագ որդին էր և ամենասիրելի թոռը, իսկ ես՝ երկրորդ տղայի կրտսեր դստեր որդին և իր ծոռը։ Նախատատիս բազմաթիվ տղաներից ու աղջիկներից ծնվել էին հիշելուն ոչ մատչելի թվով թոռներ ու ծոռներ և սփռվել երկրով մեկ, և որոնք, երբ հանդիպելիս ներկայանում էին, Անուշկա մեծ տատը պահանջում էր առանց երկարացնելու ասել, թե իր զավակներից որի ճյուղն է։ Ահա այս Անուշկա նախատատս ամեն օր նույն ժամին՝ լաչակը գլխին, զույգ հյուսքերը մինչև ծնկածալը կախ, աչքերը՝ տակավին ջահել կրակների հետքերը պահած, եգիպտական փարավոնուհիների պես հպարտ և ուղղաձիգ, դուրս էր գալիս տնից և, անցնելով ամբողջ գյուղը, ներքին թաղից հասնելով մինչև վերին թաղի վերջին տունը, նույն անշտապ հանդիսավորությամբ վերադառնում էր ի շրջանս յուր։ Իբր քիչ էր նախատատի փառքը, այն ավելի բարձրացավ, երբ նրա բակում հայտնվեց ոսկեկանաչ, ոսկեկարմիր և ոսկու բոլոր վառ ցոլքերով զառեկված փետուրներով, թագի չափ մեծ կատարը՝ կայծկլտուն կարմիր, կտուցը՝ կնճիթի պես խոշոր, ջայլամից էլ մեծ մի աքլոր։ Հեռու լիներ, թե՝ մոտիկ, հենց որ մեծ տատը կանչում էր․
-Սուլթան, որտե՞ղ ես, արի,- նույն վայրկյանին հայտնվում էր իր մոտ;
Շատ արագ և կարճ ժամանակում Սուլթանը գյուղի հավերին արեց իրենով։ Բանը հասավ նրան, որ հավերն սկսեցին մերժել գյուղի աքլորների հետ իրենց նախկին բնական շփումները։ Զայրույթից գազազած աքլորները միաբանելով Մանազկերտյան ճակատամարտ տվեցին ինքնակոչին, ինչպես հայերն ու հույները՝ թուրքերին։ Հետևանքն այս անգամ էլ ողբալի էր․ Սուլթանը, որ համարձակորեն ընդունել էր մարտահրավերը, բախման հենց առաջին մի քանի րոպեներին իր ծանր կտուցի հզոր հարվածներով գետին էր տպալել մի քանի աքլորների, մնացածները մազապուրծ փախել էին գյուղից՝ փրկելով իրենց կյանքը։ Այժմ հարեմի միանձյա տերն Սուլթանն էր, և մեծ տատի օրինական պահանջով հավատերերն ամբողջ ձվի երրորդ մասը ուռենու ճյուղերից հյուսած կողովների մեջ բերում էին իրեն։ Մի անգամ նեղակն, նեղերես և նեղքամակ մի կին ասում է, որ Սուլթանն իրենց թաղում չի երևում, ինչու՞ պիտի ձվի երրորդ մասը տա իրեն։
-Ձեր լրբերն սպասու՞մ են, որ հերթը հասնի իրենց,- զայրանում է մեծ տատը,- իրենք են առավոտ շուտ թռած գալիս։ Բա էդ մեծ-մեծ ձվերն քո շնորհիվ ե՞ն ածում․․․
Հիշելով տատի անեծքը՝ դողահար կինը հաջորդ օրն առավոտյան մեկի փոխարեն երկու կողով ձու է բերում։ Այստեղ չի կարելի չհիշել, որ հավերը շատ էին նեղվում այդքան խոշոր ձվեր ածելուց, բայց դե հաճույքը ե՞րբ է եղել առանց հետևանքի ։ Մի օր գյուղի մտավորականները դպրոցի տնօրեն, գավառի մասշտաբով հայտնի մտավորական Հովհաննեսի գլխավորությամբ գալիս են մեծ տատի մոտ՝ ճշտելու, թե որտեղից է իրեն այդ զարմանահրաշ աքլորը։
-Աքլորի համաստեղությունից,- ասում է մեծ տատը
-Չկա այդպիսի համաստեղություն,- առարկում է պարոն Հովհաննեսը։
- Եթե չգիտես , նշանակում է, որ չկա, հա՞, գիտելիքներդ կարգի բեր և տեեզերքի մասին այլևս չասես «չկա» բառը։
Պարոն Հովհաննեսն սկզբում ուզում է ասել, որ ինչպես բոլոր մարդիկ, ինքն էլ կարող էր սխալվել, բայց մտածելով, որ այդ խոստովանությունը կարող է ծիծաղ առաջացնել գյուղում, փորձում է իր փոքրիկ պարտությունը ծածկել հաղթական քայլով և հեռանալ։
-Անուշկա տատի, խոսք չկա, անշուշտ, աքլորդ նման է Սուլթանի, բայց շատ ավելի նման է Կազանովային, երևի հենց այդպես էլ պիտի կոչեիր իրեն,-ասում է նա և քննախույզ նայում հարյուրամյա կնոջը՝ հիմա թող հոգին դուրս գա և փորձի հասկանալ իր ասածը։
Բոլորը լռում էին , և պարոն Հովհաննեսը հաղթական նայում էր բոլորին, բայց ամենից շատ՝ մեծ տատին։ Իմ նախատատին չէր կարող դուր գալ այդպիսի էժան հաղթանակը, և նա գիտակցաբար վատ քողարկված հեգնանքով ասում է․
-Ջակոմո Ջիրոլամո Կազանովան ողորմելի պարծենկոտի մեկն էր, որն, ուտելով մի քանի թեթևսոլիկ կանանց խելքը, դրանից սարքել էր մեծ պատմություն։ Նրա ամբողջ կյանքի արածը իմ Սուլթանն անում է մեկ շաբաթում։ Ես թույլ կտամ փոխել նրա փառահեղ անունը․․․
Գավառի նշանավոր մտավորականը, հանդես բերելով խոհեմություն, սուսուփուս հեռանում է։
Սուլթանի վսեմ արժանիքներից մեկն էլ լուսաբացի՝ նրա զարմանահրաշ պատարագն էր, որը դարձել էր գյուղի ցնծությունը։ Այդ արտասովոր հավաթռչունը ոչ թե պարզունակ ծուղրուղու էր կանչում սովորական աքլորների հանգույն, այլ հմուտ սրնգահարի պես օրհներգում էր Լուսաբացն ու Կյանքը՝ երկրից մինչև աստղերը։ Նրա ալախոս ավետիսը ոսկի և արծաթ էր մաղում Լորուտա գետի աղբյուրակն ջրերի վրա։ Լորիների անծայր անտառները, հովվատեսք լեռները, անհատակ կիրճերն ու վայրի գազանները վաղորդյան լույսի հետ անհամբեր սպասում էին Սուլթանի կախարդական օրհներգին։ Այդ ամենը հրաշք էր, բայց այդուհանդերձ Սուլթանն ուներ մի ոչ հաճելի սովորություն ․ մինչև 11 – 12 տարեկան տղաներ տեսնելիս՝ առանց հապաղելու հարձակվում էր խոյահարող ցուլի պես ։ Եվ բոլորն էլ լավ հասկանում էին, որ նրա հզոր կտուցի հարվածը կարող էր ունենալ անդառնալի հետևանք։ Այդ վտանգին բոլորից շատ ենթակա էի ես, քանի որ ամառվա ամիսներին մայրս, զբաղված լինելով հանրային տնտեսության բերքահավաքի աշխատանքներով, մեր գյուղից ինձ տեղափոխում էր Լորուտ՝ իր մայրիկի, այսինքն, իմ տատիկի տուն, որը գտնվում էր նախատատիս տան հարևանությամբ։ Ես մի քիչ տխուր տղա էի ․ հայրս զոհվել էր պատերազմում, և , չնայած փոքր տարիքիս, հստակ գիտակցում էի , որ այլևս հայր չեմ ունենելու։ Մայրս էլ ամբողջ ամառը մեկ երկու անգամ էր կարողանում գալ ինձ մոտ , և ամեն անգամ այդպիսի երջանիկ պահերին սիրտս կրծքիս տակ փոթորիկ էր սարքում, երբ տեսնում էի , թե ինչպես է դիմացի սարալանջից մայրս վազելով գալիս դեպի ինձ։ Ամբողջ ամառը ես կամ խաղում էի տան մոտակայքում, կամ զգուշությամբ գնում էի Ջոմիի ծաղկազարդ ձորը, ուր առաջին անգամ եղել էի մայրիկիս հետ։ Ձորում կային բրուտագործության հետքեր։ Մայրիկս ինձ պատմել էր այդ արհեստի մասին, և ես որոշել էի դառնալ բրուտ՝ պատրաստել կղմինդրներ, կժեր, ափսեներ։ Հերթական անգամ գնացել էի Ջոմիի ձոր, կապույտ եղերդակներ էի փնջում, երբ զգացի, որ բարձրից ինչ որ մեկը հետևում է ինձ։ Գլուխս բարձրացրի, և արյունս սառավ երակներիս մեջ՝ ձորապռնկին կանգնած Սուլթանը սպառնալից հայացքով նայում էր ինձ։ Ես պատրաստ չէի և ի վիճակի չէի դիմակայելու նրան։ Փախչելու տեղ չկար, սարսափից թուլացել էր մարմինս, ձեռքիս եղերդակները թափվեցին ցած։ Առայժմ մեզ անհայտ Աքլորի համաստեղությունը որոշել էր ստանալ իմ կյանքը, բայց մեզ հայտնի ամենամեծ աստղասփյուռը՝ Կաթնածիրը չէր տվել իր համաձայնությունը և հոգացել էր այդ մասին։
-Չվախես, գալիս եմ , արդեն կողքիդ եմ, չվախես, դիմացիր մի փոքր, գալի՜ս եմ ,- ականջիս հասավ Անաստաս մորեղբորս ձայնը։
Քեռուս ձայնը դեռ զնգում էր օդում, երբ մի մեծ քարաբեկոր ծանր զխկոցով ընկավ Սուլթանի մոտ, որը վայրկենապես անհայտացավ։ Ես վախից հիպնոսված դեռ կանգնած էի համակ խեղճության տեսքով, երբ մոր եղբայրս հայտնվեց կողքիս։
-Շատ վախեցի՞ր ,- հարցրեց նա։
Բայց ես փոքրի և մեծի միատեղված տխուր հայացքով լուռ նայում էի նրան։
-Ինչու՞ էիր եկել այստեղ։
-Մայրս է ինձ ցուց տվել այս ձորը, եկել էի հանդիպելու մայրիկիս։
Քեռիս աներևակայելի խիզախ և տաքարյուն մարդ էր, մենակ կարող էր գնալ մի ամբողջ գյուղի դեմ։ Գյուղամիջով քայլելիս մարդիկ հեռվից էին անցնում նրա կողքից հնարավոր անախորժությունից խուսափելու համար։ Իմ լռակյաց վարքից, իմ տխրածոր հայացքից, թե ․․․ 

Իմ անսպասելի պատասխանից քեռուս աչքերում երևացին արցունքի ժլատ կաթիլներ, քեռիս քիչ էր մնում գժվի։ Նա գրկեց ինձ համբուրեց ձեռքերս, աչքերս, գլուխս։
- Քրոջս անհայր տղա, քո հայրը պաշտում էր քեզ, բայց նա գնաց ընդմիշտ։ Ես որտե՞ղ և ինչպե՞ս պահեմ քեզ, որ փորձանքը տեղդ չիմանա։ Էդ աքլորի վիզը ես պիտի կտրեմ, եթե այդքան իմաստուն է, թող հասկանար, որ իրավունք չուներ քեզ վրա գալու,- ասաց նա։

***
«Փրի օր»․․․ Փիրը փրկել բառից է, տարին մեկ անգամ այդ օրն ամբողջ գյուղը գնում էր Լորուտի մերձակա բարձունքի վրա գտնվող մատուռում աղոթելու։ Առավոտ շուտ, երկու քեռիներս և ես դեռ անկողնում, Մարիամ տատիկս արագ հագնվեց- կապնվեց և դուրս եկավ տնից։ Կարծես թե քեռիներս էլ հենց դրան էին ապասում, իրենք էլ արագ ելան ոտքի և հագնվեցին, ես էլ հետևեցի նրանց օրինակին։ Անաստաս քեռիս խորհրդավոր նայեց կրտսեր եղբորը․
-Վալոդ,- ասաց նա,- գոմից տաշտն ու պարանը հանիր։
Կրտսեր քեռիս, օրինակելի հնազանդությամբ դուրս գալով տնից, քիչ անց վերադարձավ և ասաց, որ պատրաստ է։ Քեռի Անաստասը Կաղնեփայտի մեծ և ծանր տաշտը, որի մեջ կերակրում էին անասուններին, տեղադրեց ուղղահայաց դիրքով և, պարանը կապելով տաշտի ծայրից, մի քանի բուռ ցորեն թափեց տաշտի առաջ, ապա ձեռքի ցորենով լի ոչ մեծ տոպրակը տալով կրտսեր եղբորն, ասաց՝ գնա, կուտ տալով բեր։ Ոսկեհատիկ ցորենը բթացրել էր սուլթանի զգոնությունը, անընդհատ կտցելով՝ քեռուս ետևից կրնկակոխ գալիս էր։ Քեռիս մոտեցավ մոտեցավ տաշտակին և ցուցադրաբար երկու բուռ ցորեն թափեց այնտեղ։ Սուլթանը, հմայված ոսկեդեղին ցորենի շեղջով, հպարտ քայլերով մոտեցավ և հարմար դիրքով կանգնեց տաշտի առաջ։ Անաստաս քեռիս ձգեց պարանը, և ծանր տաշտը պղնձի կափարիչի նման սրընթաց իջավ աքլորի վրա։ Սուլթանն անակնկալի գալով մի պահ տապալվեց գետին, բայց արագ ուշքի գալով, վրայից գցեց տաշտը և փորձեց ոտքի կանգնել։ Բայց ուշ էր արդեն քեռիներս սեղմեցին գետնին և կապեցին ոտքերը։
-Վալոդ, դունչն էլ կապի,- ասաց քեռի Անաստասը,- թե չէ կարող է ձայնը գցել աշխարհով մեկ և հայտնել իր տեղը։
Մի քանի ժամ անց Մարիամ տատիկը Փրից վերադարձավ տուն։ Քեռիներս իրենց մայրիկին, որին ասում էին նանի, հայտնեցին, որ աքլորին կապել և գցել են նկուղը, սպասում են երեկոն իջնի, որ տանեն անտառ և Չոփուռի ձորում, ուր մշտապես վխտում են գայլերը, բաց թողնեն։
-Դուք հիմար եք,- բարկացավ Մարիամ տատիկը,- մոռացե՞լ եք, որ նա ոչ թե սովորական կին է, այլ ՝ կախարդ, կանիծի ձեզ, հենց հիմա բաց թողեք աքլորը։
-Նանի,-ասաց Անաստաս քեռիս,- ախար, էրեխին հալածում է, կարող է նույմիսկ սպանել։
-Բաց թողեք, էրեխի մասին իրեն կասենք և կպահանջենք, որ մտածի էդ մասին։
Քեռի Վոլոդյան դուրս եկավ տնից, որ արձակի աքլորին, բայց սփրթնած հետ վերադարձավ՝
ասելով․
-Անուշկա տատին գալիս է դեպի մեզ։
Սպասածից էլ շուտ, առանց դուռը թակելու, ներս մտավ նախատատը՝ լաչակը գլխին, գավազանը ձեռքին, ոտից գլուխ կանացի հպարտության խորհրդանիշ։
-Անաստաս,-ասաց նա,- Սուլթանին բերեք ինձ մոտ։
-Մեզ մոտ չի, տատի, որտեղի՞ց բերեմ։
-Ես չեմ հարցնում ձեզ մոտ է՞, թե՝ ոչ, ասում եմ աքլորը բերեք ինձ մոտ։
Մարիամ տատիկը նշանով հասկացրեց, որ բերեն։
-Ես տուն ո՞նց բերեմ, հեշտ է՞ բերելը, թող իջնի դրսում վերցնի։
Անուշկա նախատատը անբարյացակամ հերթով նայեց բոլորիս, դուրս եկավ տնից, աքլորը վերցրեց և գնաց։ Բայց Սուլթանը Լորուտում այլևս չերևաց։
-Աքլորդ ի՞նչ եղավ ,- հարցրել էր գավառի նշանավոր մտավորական և գյուղի դպրոցի դպրոցի երկարամյա տնօրեն, պարոն Հովհաննեսը։
-Գնաց։
-ու՞ր։
-Այնտեղ, որտեղից եկել էր։

***
Հուշի պես թևին տալով անցան տարիները։ Լորուտը մնաց լորենիների անտառում, իսկ Սահականց մեծ ցեղը գնաց -տարածվեց երկրով մեկ։ Իմ երկարակյաց բազում քեռիներից միայն երկուսը կարճ ապրեցին՝ մնալով իմ մեջ որպես ցավի և ափսոսանքի հիշողություն։ Անաստաս մորղբայրս շինարար էր, ձեռքերից ոսկի էր թափում, հիսունի մոտերքում շենքի տանիքը ծածկադրելիս գահավիժել էր ցած։ Վոլոդյա մորեղբայրս հովիվ էր, սարերի արծիվ, ինչքան կատաղած ձիեր կային բերում էին իր մոտ, որ ընտելացնի։ Սարում հովվատան կտուրից կատուն թռել էր ցած՝ դիվոտելով ձիուն։ Վոլոդյա քեռիս ընկել էր ցած՝ ոտքը խճճվելով ասպանդակում։ Ձին չհասկանալով ինչ է կատարվում՝ սլացել էր ձորն ի վար՝ ետևի ոտքով վախից սարսափահար խփելով ձիավորին։ Այդ վիճակում քեռիս ուժ էր գտել գրպանից հանելու դանակը, բացելու և կտրելու կաշվեփոկը։ Բայց կյանքին անհամատեղելի վնասվածքներից մահացել էր ուշքի չգալով։

***
Մի օր հեռախոսազանգը Լորուտից հաղորդեց, որ Անուշկա Նախատատը հինգ օրից տեղափոխվելու է լավագույն աշխարհ, ովքեր ուզում են վերջին անգամ տեսնել և հրաժեշտ տալ իրեն, թող հավաքվեն, իսկ ինքն իր օրհնությունն է հղում բոլորիդ։
-Բժի՞շկն է ասել,-հարցրեցի ես։
-Ոչ, ինքը։
- Կատակում ե՞ք։
-Կատակելու բան չկա, 125-ը վաղուց է թամամել, հո չի կարող քարե խաչ դառնալ։
-Նախատատին հաղորդեք,- ասացի ես,- որ երկու օրից բոլորս անխտիր կներկայանանք իրեն։
Հայտարարություն հրապարակեցի բոլոր առաջատար թերթերում՝ նշելով, որ մեր մեծ տոհմն իր կյանքը որպես բացառիկ պարգև ստացել է Մեծ Տատի երակից, և խնդրեցի, որ բոլորը ՝ /զավակներից ոչ ոք կենդանի չէր / թոռներ, ծոռներ, ծոռնորդիներ, հավաքվեն Լորուտում և մեծ տատին ճանապարհեն իր վերջին հանգրվանը։
Լորուտ․․․ինձ համար չկա և չի կարող լինել ավելի մեծ սրբություն, քան այս գյուղը, որովհետև այստեղ է ծնվել մայրս․․․Սիրտս ու հոգիս անձերբազատելի կապակցված մորս ոտնահետքերին՝ ես խոր թախիծների մեջ մոտեցա ռուստ քարից շինած երկհարկանի տանը, աստիճաններով բարձրացա երկրորդ հարկ, որտեղ գահավորակին նստած էր տիեզերքի տիրուհու պես հպարտ իմ նախատատը։ Խոնարհվեցի, համբուրեցի ձեռքը և ներկայացա․
-Վասիլ որդուդ կրտսեր դստեր․․․
-Պետք չի,- ասաց նա,- ես քեզ ճանաչում եմ, Հովակը միշտ եղել է իմ սիրելի թոռը, իսկ դու իմ սիրելի ծոռը։ Ես նույնիսկ գիտեմ, որ Երևանում բարձր պաշտոն ես զբաղեցնում, բայց դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Այ, իմանալով, որ դու ես կազմակերպել հրաժեշտի այս հանդիպումը, այդ մասին շատ թանկ հիշողություն եմ տանելու ինձ հետ ։
-Մեծ տատ, պարտավոր էինք ,-ասացի ես,-հոգ չէ, որ մոտ երկու գյուղ ժողովուրդ է հավաքվել, մենք դա արել ենք սիրով, եթե մեռնելդ չգա, ոչ մի դեպքում Աստծուն չխնդրես, որ մահդ ուղարկի , շարունակիր ապրել։
Դանդաղընթաց և տխրածոր մի ժպիտով ողողվեց Մեծ տատի սուրբ դեմքը․
-Ո՛չ, զավակս, իմ ասածից շեղում չի լինի , վաղը նույնպես կանցկացնեմ նստած, հաջորդ օրս կանցնի անկողնում, իսկ մյուս օրն արդեն չեմ լինի։
- Մեծ տատի,- ասացի ես,- ոչ մի դեպքում չէի կամենա վշտացնել քեզ, բայց և չեմ կարող չհարցնել ՝ Սուլթանի առթիվ անիծեցի՞ր թոռներիդ , նրանք երկուսն էլ հեռացան ոչ բնական մահով։
-Լեզուս լալկեր, չորանար բերանումս, զայրույթիս պահին չկարողացա զսպել ինձ, մինչև հիմա սիրտս մխում է, երեք անգամ խնդրեցի տիրոջը հանել անեծքը, բայց չլսեց։
-ինչպե՞ս իմացար որ չլսեց․․
-Ամեն անգամ, երբ խնդրում էի հանել անեծքը, թոռներիս մահը, ինչպես որ տեղի ունեցավ, նույնությամբ, հանում էր դեմս։
Եթե մեկ ուրիշը պատմեր, երբեք չէի հավատա, Նախատատն իր ասած ժամին մահացավ։ Նրա սերունդը վաղու՜ց, շատ վաղու՜ց էր հեռացել՝ տատին թողնելով միայնակ այս անսիրտ և անհոգի աշխարհում։
-125 տարի ապրելն էլ մի բան չի,-ասաց դպրոցի տնօրեն և գյուղաշխարհի ճանաչված մտավորական Հովհաննեսը։
-Պիտի ապրես, որ իմանանս, թե չէ օդում ինչ ասես կարելի է բզտրել ,- նույն վայրկյանին վրա բերեց Տատի թոռներից մեկը, որը մտքի ճանաչված լուսատուներից է Երևանում։
Մեծ տատի Ոգին արդեն հատել էր ահմանը և գնում էր նրանց մոտ, որոնց ամեն օր հիշում էր իր Մեծ լռության մեջ։ Իսկ ահա մարմինը, որ Աստծո մատներին կպած կավի մի բեկորն էր, պետք էր հանձնել երկրի հավերժությանը։
Լորուտի գերեզմանոցը գտնվում է գյուղի վերնամասում, հարթ մակերեսով, սեղանատիպ հսկա քարափի վրա։ Հաշվի առնելով հեռավորությունը՝ հանգուցյալների աճյունի տեղափոխությունը կատարվում էր ավտոմեքենայով։
-Ավտոմեքենա պետք չէ,-ասացի ես,- աճյունը կտեղափոխենք ձեռքերի վրա՝ միայն թոռներով ու ծոռներով, հազիվ ճանապարհը հերիքի բոլորին ։
Այդպես էլ կար՝ բոլորին հերթ հասնելու համար յուրաքանչյուր տասն մետրից հետո հներին փոխարինում էին նորերը։ Երբ արդեն Մեծ Տատի աճյունը դրել էինք գերեզմանի թարմ հողի վրա, մոտեցավ Նախատատի փիլիսոփա ծոռը․
-Այստեղ ամեն մի խոսք կարող է լինել ավելորդ, խոնարհվենք մեր տոհմի մեծ մայրիկի հիշատակի առաջ։
Մեր խոնարհ հարգանքը հավաստելուց հետո, երբ նայեցինք վեր, բոլորս զարմանքից քարացանք․ հանդիպակաց Թոնդիր լեռան գագաթի սուր ծայրին կանգնած էր ․․․ Սուլթանը, որն իր լայն ու մեծ թևերի դանդաղ թափահարումներով ողջյունում էր Երկիր մոլորակի բոլոր ժամանակների մեծ տատին և հայտարարում նրա անցումը մի աշխարհից՝ մյուսին։ Ոչ միայն Սուլթանը, Թոնդր լեռն էլ էր շողշողում տիեզերքի թևավոր պատվիրակի վառ շողարձակումներից։ Ես մտածում էի՝ կգա՞ մեզ մոտ, թե՝ ոչ։ Բայց քիչ անց առանց թևերը բացելու Սուլթանն անհայտացավ լեռան կատարից, հավանաբար տեղափոխվելով ժամանակի այլ չափումների մեջ։
-Չէի հավատա, որ Սուլթանը նորից կերևա մեր կողմերում,- կարծես թե ինքն՝ իրեն ասաց գավառի նշանավոր մտավորականը։
- Նա ով գեթ մեկ անգամ եղել է լորենիների անտառում և գիշերով նայել Լորուտի աստղոտ երկնքին՝ ընդմիշտ պատկանում է Լորուտին,- գավառի հայտնի մտավորականին սպառիչ պատասխան տվեց Մեծ Տատի փիլիսոփա ծոռը։ 

Комментариев нет:

Отправить комментарий