Որոնել

понедельник, 11 июня 2018 г.

Օդիսսեաս Էլիտիս.«Ուղենիշեր» գրքից. Նոբելյանակիր պոեզիա

Օդիսսեաս Էլիտիս (1911-1996 Իրակլիոն, Հունաստան)
«Ուղենիշեր» գրքից



Քնած
Նկարվում է ձայնը անկայուն քամու մեջ, և ծածուկ
ծառերի մեջ դու շնչում ես
Շիկահեր է ամեն մի էջը քնի քո և հենց շարժում ես մատները
քո մի կրակ է թափվում
Քո մեջ ինձ ուղղի՛ր արևի հետքերով: Եվ բարեգութ բուրում է
աշխարհը պատկերների
Եվ վաղվա օրը ցույց է տալիս մորեմերկ կուրծքն իր սպիացած
չփոխվող աստղից
Ուր գիշերում է հայացքն այնպես, ինչպես ուժասպառվում է մի
համոզմունք .
Օ՜, մի դիմադրիր էլ թարթիչներին,
Օ՜, մի շարժվիր էլ թփերում քնի.
Գիտես՝ ո՛ր աղերսանքդ է մատներիդ վրա ճրագ վառում, որ պահի պահպանի
դարպասներն արշալույսի.
Ո՛ր զովաշունչ հայտնությունն է շշնջում սպասումի մեջ
խոտածածկ հիշողություն
այնտեղ, ուր հույս է փայփայում աշխարհը: Այնտեղ, ուր մարդը չի ուզում
ոչինչ բացի մարդ լինելուց
միայնակ, ինքն իրենով առանց որևէ Կործանումի:
***
Բացակայության մթնոլորտ
1
Բոլոր ամպերը երկրին խոստովանվեցին
և նրանց տեղը թախիծն իմ գրավեց
և երբ մազերի մեջ իմ թախծեց
չապաշխարած ձեռքը
կապվեցի կարոտի հանգույցով:
2
Ժամը մոռացվեց երեկոյանալով՝
առանց հիշողության
ծառի հետ անձայն
դեպի ծովը
մոռացվեց երեկոյանալով
առանց թռիչքի
բարձրության հետ անշարժի
դեպի ծովը
երեկոյանալով
առանց սիրո
բերանի հետ անատամ
դեպի ծովը
Եվ ես՝ Խաղաղության մեջ, գայթակղվեցի:
3
Կեսօրը
և միապետական առանձնությունը նրա
և քամիների մտերմությունը նրա
և խիզախ հմայքը նրա
Ոչինչ չի գալիս, որ ոչինչ
չգնա
Բոլոր ճակատները մերկ
Եվ զգացմունքի համար մի բյուրեղապակի:









***
Յոթ գիշերային էպտոգրամներ
Ι
Երազներ և երազներ եկան
հասմիկների ծննդյանը
Գիշերներ և գիշերներ՝ ճերմակ
անքնություններին կարապների
Զեփյուռը ծնվում է տերևների մեջ
ինչպես անծայրածիր երկնքում
բյուրեղյա զգացմունքը:
II
Մեղմասիրտ աստղազարդ գիշերները լռությունը բերեցին
և լռության ետևում՝ մի մեղեդի կողմնակի՝
սիրերգային,
անցյալի հնչյուններ հմայիչ
Մնում է այժմ ստվերը, որ չքանում է
և խելագար հավատը նրա
և անբժշկելի մռայլությունը նրա – այնտեղ:
III
Նոճիները բոլոր կեսգիշեր են ցույց տալիս
Մատները բոլոր՝
լռություն
Երազի բաց պատուհանից դուրս
կամաց-կամաց սփռվում է
խոստովանությունը՝
ինչպես սահմաններն են ձգվում դեպի աստղեր:
IV
Մի ուս մորեմերկ
ինչպես ճշմարտություն.
Վճարում է իր ճշգրտությամբ
սահմանին այս երեկոյի,
որտեղ թափառում է մեն մենակ
իմ կարոտախտի
թախծուն կիսալուսնի տակ:
V
Անպաշտպան գիշերը գրավվեց հուշերով
սև
կարմիր
դեղին
Բաց թևերը նրա լցվեցին քնով
Սեթևեթ մազերը նրա՝ քամիներով
Աչքերը՝ լռությամբ:
VI
Անըմբռնելի գիշեր՝ դառը առանց վերջ
կոպեր անքուն
մինչ հեկեկոցը, այրվում է ցավը
և մինչ կշռվի, դառնում է քաոս,
դարան մահամերձ,
անօգուտ դեգերումների շարք՝
պարտվելով բախտի ոտքերի առաջ:
VII
Լուսնի պսակը գիշերվա ճակատին,
երբ տարածվում են ստվերները մակերեսին
գործողության
Եվ ցավը՝ չափված ամենաորս ականջով
ակամա հոսում է
գաղափարի մեջ այն, որ ծնվեց մելամաղձիկ
լռակյացությունից:
***
Օրիոն
Ա

Փոխհամաձայնության է եկել դառնության հետ
աշխարհը,
Կրակոցներ անիսկական արձակել են
շուրթերը:
Գիշերը՝
Աղմուկից ու հոգատարությունից մեղմացած,
Մեր ներսում վերափոխվում է,
Եվ նոր լռությունը նրա փայլ է տալիս
Բացահայտումին:
Գտնում ենք մեր գլխին ձեռքերն
Աստծո:












***
Հեղինե
Առաջին կաթիլի հետ անձրևի սպանվեց ամառը.
թրջվեցին բառերը, որ ծնվել էին աստղազարդից,
Բառերն այն բոլոր, որ ունեին հատուկ և միակ նշանակետը – Քե՛զ:
Ինչպես էլ բացենք թևերը մեր,
այժմ մեզ հաշվի չի առնում ժամանակը,
Ինչպես էլ թարթենք աչքերը մեր,
այժմ երկար տողերն են ամպերով նավարկում:
Հիմա, երբ փակվեցին թարթիչները քո բնանկարում մեր,
այնպիսինն ենք, ասես մեր միջով մառախուղ է անցել –
Մենակ, մեն մենակ՝ շրջապատված անշունչ նկարներով քո:
Ճակատով ապակուն՝ աչալուրջ դեպի նոր թախիծը.
Մահը չի, որ մեզ ցած կիջեցնի, զի կաս Դո՛ւ,
զի կա հեռու մի տեղ մի քամի, որ քեզ՝ տեղահանվածիդ ապրեցնի,
որ քեզ հագցնի կարճ այնպես, ինչպես քեզ հագցնում է երկար հույսը մեր.
զի կա հեռու մի տեղ
կանաչ-կանաչ մի դաշտ՝ քո ժպիտից մինչև արևը ձգվող,
գաղտնիքներ շշնջացող այն մասին, թե կհանդիպենք նորից:
Չէ՛, մահը չէ, որի հետ կռիվ կտանք,
այլ ինչ-որ կաթիլի դեմ աշնանային անձրևի.
Ու մի ամպամած զգացում
Ու բույրը խոնավացած հողի հոգիներում մեր,
որ որքան գնում, հեռանում է:
Եվ թե ձեռքը քո մեր ձեռքում չէ,
և թե արյունը մեր երազների երակներում չէ քո,
Լույսը՝ ջինջ երկնքում,
Եվ երաժշտությունն անտես՝ մեր մեջ, ուրեմն մելամաղձոտ
թափառում ենք, քանի դեռ մեզ աշխարհն է իր մեջ պահում.
Խոնավ քամին է ժամը աշնան. բաժանումը՝
դառը նեցուկը հիշողության ծնկների,
որ արթնանում է, երբ գիշերը գալիս է՝ մեզ բաժանի լույսից:
Քառակուսի պատուհանն այն կողմ, որ նայում է վշտին,
որ նայում է ոչինչին,
որովհետև երաժշտություն են դարձել անտես բոցը բուխարու ու
թակոցը պատի մեծ ժամացույցի.
քանզի դարձել է նաև
բանաստեղծության տողը մեկ այլ տողի հետ աղմուկ զուգահեռ,
իսկ անձրևի մեջ – արցունքներ խոսքեր,
խոսքեր՝ ոչ նախորդների նման, բայց սրա՛նք էլ հատուկ և միակ նշանակետով – Քե՛զ:
Թարգմանությունը՝ Շուշան Կարապետյանի

Комментариев нет:

Отправить комментарий