Որոնել

суббота, 30 июня 2018 г.

Էռնեստ Հեմինգուեյ. «Մարդու հավատամքը» գրքից

Էռնեստ Հեմինգուեյ (1899-1961)

 Էռնեստ Հեմինգուեյի դիմանկարը
Նկարիչ՝ Dos Santos Méndez, Pablo




















Մենակության մասին

Երբեմն ես օրեր շարունակ գրել եմ, որովհետև մենակ եմ եղել:

Համարձակ մարդիկ հարկադրված մենակությունը հաճախ են օգտագործում ի օգուտ իրենց, որպեսզի ավարտեն որևէ կարևոր գործ: Առանձնության մեջ է ծնվում ձգտումն առ կատարյալ: Միայնության մեջ հոգին զրուցում է ինքն իր հետ՝  էներգիան վերածելով իրականության: Այնպես որ, եթե մարդը ցանկանում է երջանիկ լինել, նրան պետք է ինքն իր հետ մենակ մնալու ժամանակ թողնել:

Իսկ մենակությունից կշահեն, թե կվասվեն, հիմնականում կախված է բնավորությունից, կրթությունից և մարդու անձնային որակներից: Եթե հարուստ ներաշխարհ և մաքուր սիրտ ունեցողը միայնությունից դառնում է էլ ավելի պարզ ու մաքուր, ապա մանրոգի ու կոպիտ սիրտ ունեցողը՝ էլ ավելի կոշտ ու կոպիտ: Մենակությունը կոփում և բարձրացնում է ուժեղ հոգիներին, իսկ թույլ հոգիներին այն խոշտանգում է:

Սակայն գրողը, եթե չի գրում, չպետք է փախչի աշխարհից:

Ինձ միշտ առաջին հերթին հետաքրքել են ոչ թե գաղափարները, այլ մարդիկ՝ տղամարդիկ ու կանայք: Կինոն, հեռուստատեսությունն ու թատրոնը ինձ համար ձանձրալի են: Ու, քանի որ օժտված ասացողները վատ գրողներն են, այդ իսկ պատճառով ես նախընտրում եմ զրուցել ինչ-որ մեկի հետ կամ էլ լսել որևէ մեկին:

Քանի դեռ դուք կարողանում եք շատ բան տալ, ձեր ընկերներն անպակաս կլինեն: Իսկ երբ դուք որևէ բանի անհրաժեշտություն ունենաք, ձեր ընկերների քանակը կնվազի: Իսկ նրանք, ովքեր կմնան, ձեր իսկական ընկերներն են:


 Էռնեստ Հեմինգուեյի դիմանկարը
Նկարիչ՝ Suzanna's Art





















***

Արատների մասին

Այս աշխարհը զրպարտող բոլոր նողկալի արատներից առավել կործանարարն ու առավել վտանգավորը, իհարկե, մոլեռանդությունն է: Ոչ մի ուրիշ թերություն չի կարող համեմատվել մոլեռանդության մութ ու չար ոգու հետ: Մոլեռանդությունը դրսևորվում է, երբ մարդը շարունակաբար և համառորեն հավատարիմ է մնում միևնույն կարծիքին: Նա, ով սովորաբար քննադատում է բոլորին, ըստ էության, ապակառուցողական է: Ստեղծականությունը խորթ է նրան, իրականության նկատմամբ նրա վերաբերմունքը գործնական է ու հաշվարկված: Նրա տերը սեփական վճիռն է, իսկ չափազանց բարձր ինքնագնահատականը՝ միակ ուսուցիչը: Սեփական տեսակետները նման խեղված գիտակցության կողմից նույնականացվում են՝  ընկալվելով որպես բացարձակ ճշմարտություն:

Փառասիրությունն է բոլոր չարիքների աղբյուրը: Այն առաջացնում է կեղծավորություն, դրդում է նախանձի, մղում է խաբեության:

Մարդկանց մեծամասնության մոտ բարությունը նվազում է հարստության աճման զուգընթաց:

Տվե ՛ք մարդուն անհրաժեշտը, և նա կցանկանա հարմարավետություն: Ապահովե ՛ք հարմարավետությամբ, և նա կձգտի շքեղության: Պարուրե ՛ք նրան շքեղությամբ, և նա նրբագեղ լինել կտենչա: Հնարավորությո՛ւն ընձեռեք նրան նրբագեղ լինել, և նրա սիրտը խենթ մի բան կուզենա: Տվե ՛ք նրան այն ամենը, ինչ ինքն է ուզում, և նա կսկսի դժգոհել, որ իրեն խաբել են և, որ ինքը ստացել է ոչ այն, ինչ ցանկացել է:

Կգա ժամանակ, երբ մարդու բնավորությունը կկանգնի իր իսկ ճակատագրի դեմ-դիմաց. այ դա պայթյուն կլինի…

 Էռնեստ Հեմինգուեյի դիմանկարը
Նկարիչ՝ Jonathan McAfee 





















Սիրո մասին


Սերը աշխարհի և մարդու միակ արարիչն է: Սերը համամարդկային բնազդ է: Այն իմաստուն է դարձնում նրանց, ովքեր սիրում են, սրում է միտքը և թարմացնում զգացմունքները, ոգեշնչում է: Սերն ապրում և հզորանում է, երբ տալիս են: Սիրո կոչումը բոլորին տալու, բաժին հանելու մեջ է: Սերը ենթադրում է փոխադարձություն: Ուրիշին հասկանալը արդեն իսկ մեծ երջանկություն է, իսկ հասկանացվելը սիրո պարգև է՝ հաճելի և բավարարող: Սերը տալիս է՝ փոխարենը չակնկալելով որևէ բան:
Սերը համբերատար է ու ազնիվ, եթե անգամ շրջապատում կա զայրույթ, խաբեություն ու անարգանք:
Սերը չի ճանաչում ո՛չ ժամանակ, ո՛չ տարածություն, ո՛չ արտաքին հանգամանքներ:
Սերը տալիս է ուրախություն, բերում է համաձայնություն՝  անկարգությունների ու բախումների փոխարեն: Սերը չի դատապարտում:
Սերը գոյության գերագույն նպատակն է, եղբայրության մարմնացումը, բարոյական բարձր չափանիշների էությունը, համագործակցության հիմնաքարը:
Սերն ամենուր և բոլոր հանգամանքներում փնտրում և գտնում է լավը:
Սիրո մի հայացքն անգամ բավական է  բացահայտելու համար ողջ տիրեզերքն ու մարդու էությունը:
Իսկ կրոնը սերն է գործողության մեջ:
***

Ներկայի և ապագայի մասին
Այսօրը պատմության խաղաղ գետնախորշ չէ, այլ անդիմադրելի ուժով առաջ շտապող մակընթացության ալիք:
Նշանավոր ժամանակները անցյալում չեն, նշանավորը մեր ժամանակներն են՝ ներկան, իսկ ամենանշանավորը ապագան է:
Փոխադրամիջոցների հզորացված հնարավորություններն ու փողի ավելցուկը տարեկան այստեղ-այնտեղ ճամփորդող զբոսաշրջային հոսքեր է առաջացնում: Յուրքանչյուրը գնում է ուր որ ուզում է և, ամենայն հավանականությամբ վերադառնում է ավելի արժանավոր ու լայնախոհ դարձած, հասկանալով, որ ինքն անխեզելիորեն կապ ունի ողջ մարդկություն հետ և, որ ինքը նրա մի մասնիկն է:
Թեև թույլ, բայց մարդկության սիրտը բաբախում է որպես մեկ ամբողջություն:
Էռնեստ Հեմինգուեյի դիմանկարը
Նկարիչ՝ Marta Zawadzka





















***


Լինում են երկու տիպի մարդիկ. նրանք, ում հետ հեշտ է, և նույնքան հեշտ՝ առանց նրանց, և նրանք, ում հետ դժվար է, բայց անհնար՝ առանց նրանց: Էռնեստ Հեմինգուեյ
Մարդու հավատամքը
Ինձնից բացի, ոչ մեկը չի կարող աշխարհին ասել՝  ով եմ ես իրականում: Ոչ մեկը չի կարող իրեն թաքցնել մարդկանցից, քանզի մարդու յուրաքանչյուր արարք, ստեղծագործական յուրաքանչյուր գործողություն խոսում է հեղինակի մասին: Ես իմ գրքերով մարդկանց պատմում եմ ամեն ինչ իմ մասին:
Աշխատանքի և ժամանակի մասին
Արևն առանց ամպի, ուրախությունն առանց վշտի՝ կյանք չէ: Այնպես, ինչպես ճակատագիրն ու հաջողություններն են փաթաթված իրար: Միմյանց հաջորդող կորուստն ու ձեռքբերումը հերթականությամբ տխրեցնում և ուրախացնում են մեզ: Նույնիսկ ինքը՝ մահը, կյանքը դարձնում է էլ ավելի ցանկալի: Կյանքի դժվարին պահերին՝ վշտի և զրկանքների մեջ, մարդիկ դառնում են հենց իրենք:
Պարզ դիտողականությունը պետք է համոզի, որ, եթե ձեզ վիճակված է հաջողել որևէ մեծ նախաձեռնության մեջ, ապա գործը առանց դժվարությունների անհնանար է գլուխ բերել: Եվ մարդը ճակատագրին պետք է շնորհակալ լինի դրա համար: Անհաջողությունները կոփում են դիմակայելու մեր կարողությունը: Բնավորությունը ծնվում է խորտակված հույսերից:
Միայն այն ժամանակ ենք ինքներս մեզ ճանաչում ու փորձության ենթարկում, երբ սեփական հնարավորությունները գերագնահատելու արդյունքում վնասում ենք ինքներս մեզ: Փորձը մեզ սովորեցնում է սեփական թույլ և ուժեղ կողմերը ճիշտ գնահատել:
Կատարած սխալների համար զղջումն ու դրանք այլևս չկրկնելու ձգտումը իրապես ապաշխարում է: Ճշմարիտ մեծահոգությունն ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ մարդը վեր է կանգնում իր նախկին «եսից»:
Կյանքում և աշխատանքի մեջ առավել կարևոր են ոչ այնքան ընդունակությունները, որքան բնավորությունը, ոչ այնքան խելքը, որքան սիրտը, ոչ թե հանճարը, այլ ինքնատիրապետումը, համբերությունն ու կարգապահությունը, սթափ դատողականությունը:
Իմաստնությունը հասուն մտքի՝ ճակատագրի վերջին պարգևն է:
Մարդը, ում գլխով շատ բաներ են անցել, ապավինում է ժամանակին՝ որպես իր օգնականի: Ժամանակի մասին ասում են՝ այն լուսավորում է անցյալը և մխիթարում, բայց այն նաև սովորեցնում է:
Ժամանակը սնունդ է, որը կերակրվում է փորձով, հող է, որից աճում է իմաստություն:
Այն պատանեկության տարիներին կարող է լինել և բարեկամ, և թշնամի:
Ժամանակը ծերության շեմին կարող է լինել մխիթարող կամ էլ դահիճ՝ կախված այն օգտակար կամ վնասակար օգտագործելուց, ինչպես նաև ապրելու կերպից՝ ինչպես պետք էր կյանքն ապրել և ինչպես պետք չէր կյանքն ապրել:
Կյանքը գրեթե անցած է լինում նախքան մեր գիտակցելը՝ ինչ է այն: Սակայն այն չի չափվում միայն տևողությամբ:
Կաղնին ապրում է հարյուրավոր տարիներ, ժամանակ, որի ընթացքում գալիս-անցնում են մահկանացուների բազմաթիվ սերունդներ: Բայց ո՞վ կհամաձայնվի բուսական գոյության մի ամբողջ դար փոխարինել մարդկային լիարժեք, իմաստալից, նպատակասլաց կյանքի հետ:

Մեր շուրջբոլորը այնքան գեղեցիկ ու խորապես հուզիչ բան կա, ու ես փոքր ինչ ամաչում եմ, որ այդ ամենը չեմ գնահատել: Այնուամենայնիվ, ետ նայելով, ինքս իմ մասին կարող եմ ասել չորսը բառ. «Ես ապրեցի երջանիկ կյանք»:
Էռնեստ Հեմինգուեյի դիմանկարը
Նկարիչ՝ Laura Morás




















Մահվան և վախի մասին


«Ծերունին և ծովը» գիրք է մարդկային կյանքի հերոսական ընթացքի մասին: Գրքի վրա աշխատելը ինձ համար դժվար էր: Ես ծերության սարսուռ էի զգում: Քչերն են մահանում ծերությունից: Գրեթե բոլորը մեռնում են հիասթափությունից, չափից ավելի մտավոր և ֆիզիկական աշխատանքից, ծանր ապրումներից, դժբախտ պատահարից: Մարդը գոյություն ունեցող կենդանի էակներից ամենաաշխատունակն է: Երկար ապրած կյանքը մարդուն հաճախ զրկում է լավատեսությունից: Կարճատև կյանքն ավելի լավ է:
Հազիվ թե գտնվի մի մարդ, ով իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ չի զգացել ավելի ուժեղ ցավ, քան, սովորաբար, զգում է մահվան մահճում հայտնվածը: Մի անգամ հայտնի բժիշկն  ինձ ասաց, որ մահվան տառապանքները թույլ ատամնացավի նմանվող ցավեր են:
Յուրաքանչյուրին վիճակված է լինել ռազմիկ, յուրաքանչյուրին վիճակված է մեռնել, միայն վախկոտներն են մեռնում իզուր: Ես միշտ հավատացել եմ՝ տղամարդու հիմնական պարտականությունը վախի հաղթահարումն է: Ոչինչ չի բարոյալքում մարդուն այնպես, ինչպես վախկոտությունն ու վտանգից վախենալը: Նման մարդիկ հեշտ ուղիները  դժվարացնում են, իսկ դժվարները՝ անանցանելի դարձնում:

Մարդիկ հաճախ ունենում են անկարևոր վախեր՝ վախ ամեն ինչ մինչև վերջ իմանալուց: Վախենում են բացահայտել փաստը, որն ինքնին այնքան սարսափելի չէ, որքան դրա հանդեպ տածած վախն է: Նրանք մշտապես ապրում են այն մտքի հետ, որ ուրվական են տեսել և տառապում են դրանից: Ավելի լավ է իմանալ վատը, քան ամեն օրը ապրել ամենավատն ունենալու վախը սրտում:
Էռնեստ Հեմինգուեյի դիմանկարը
Նկարիչ՝ John Travisano





















Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Комментариев нет:

Отправить комментарий