Որոնել

вторник, 12 июня 2018 г.

Նշան Աբասյան. բանաստեղծություններ

Նշան Աբասյան (1985)















Agnus Dei
Տատս մեռնում էր…
Խաղողի թառամած ճութի պես՝
շուրթերն էր դողացնում
խնդրանքիս ի պատասխան…
Ամոթալի լռություն էր
այդ փոքրիկ սենյակում,
ամոթալի լռություն…
***

Խաղողի վազը
մենավոր տատիս է նման,
երբ շուրթերը շփոթված սեղմելով՝
կոպերի տակ թաքցնել էր ուզում
աչքերի փայլը,
և արևի դեմ կախ թարթիչներն էին փայլփլում՝
սրտառուչ խոնարհ ու տաք…

***

Քո մեռնելուց հետո
նույն ամռանը քեզ լուռ մենաստանում գտա, տա՛տ…
Ինձ պատմեցին`
յոթանասուն տարի կանաչ դաշտերում
մեն-մենակ սունկ ես հավաքել,
փակ աչքերով խոտեր ես շոշափել, տա՛տս,
փնտրել ես, միայնա՜կ-խոնարհս, փնտրել ես…


***

Ամռանը տանը կլինեմ:
Մայրս սուրճ կպատրաստի:
Երկուսով կնստենք պատշգամբում:

Արևը կզրնգա:
Ճնճղուկը կծլվլա կարճլիկ-կարճլիկ…
Խաղա՜ղ-խաղաղ կլինի…

– Ի՞նչ կա քաղաքում, – մորս ձայնը կշոյի լռությունը:
Հետո ծառից մի ծիրան ցած կթրմփա…
Ես ու մայրս երկա՜ր կնայենք կեսօրին ու սուրճ կխմենք…
– Առաջվա պես, մամ…


Ամռանը տանը կլինեմ:


***

…Եվ լռությունը քո
տաք ծածկոցի նման
գցել ես ուսերիս…
և կաթը քո սիրո,
և արևդ լռին
ըմպելու ես թողնում…
***
Դու իմն ես այնպես,
ինչպես դեղինն է արևինը,
ինչպես հայացքն է աչքերինը,
ինչպես մերկ տողն է
բառերինը չգրվող…
***

Աղաղակներս
երեկոյի մեջ
հանդա՜րտ խլանան,
Մեղքերիս վրա
դանդա՜ղ տարածվի
կապույտ գիշերը,
մանկության հեռու
հեքիաթի նման
փռվի ուսերիս,
Ու անհոգ ննջեմ
ճերմակ լռության
մաքուր թևերին…

***











Կանչեր ցնորական
Պարանոցիս ակոսներով շիկացած
թախծի առուներ են հոսում…
Ծածկում եմ դուռը, պառկում անկողնուն,
փակվում սրտիս մեջ…
Ճչալ չի կարելի: Իհա´րկե: Հիշում եմ:
***
Թիկնել եմ սենյակիս պատին,
հայացքս մեխել եմ ա՜յն տեղ…
Հայացքս չեմ մեխել. չկա:
Ձախ այտիս արցունքի կաթիլ կար. ո՞ւր կորավ.
սրբե՞լ եմ արդեն…
Տե´ր, այսպես բառերս ցրվել,
քարացել-կախվել են պատին…
***
Կանգնած է պատուհանի կողքին:
Թեք: Թեք է կանգնած`
կախ կաթիլի պես,
մերկ ձեռքին ցցված երակի նման…
Լուռ դուրս է նայում…
***
Թերևս ոռնայի՞ր
որպես մի խոցված երիտասարդ գայլ`
ձմեռվա բքին…
Չէ՜, լո՜ւռ ես կաղում…
Ու քո հետևից ձյուների վրա
լոկ արյան անձայն հետք է նկարվում,
որ ոչ ոք երբեք չի էլ տեսնելու
անտեր սարերում…
***
Մեծ երգ
Բանաստեղծություն
ձնծաղիկի,
գարնան,
եւ հորս մասին,
որ, դեռ ձնծաղիկը չծաղկած,
դեռ գարունը չեկած,
գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…
Բանաստեղծություն
Օբամայի,
Մեդվեդեւի
եւ հորս մասին,
որ համաշխարհային կարեւորագույն հարցերով չի զբաղվում,
այլ գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…
Բանաստեղծություն
բանաստեղծի,
ընթերցողի
եւ հորս մասին,
որ ո´չ բանաստեղծություն է գրում,
ո´չ ընթերցում է,
որովհետեւ գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…
Բամաստեղծություն հորս մասին.
նրա ուսերին ձնծաղիկ է ծաղկում,
գարուն է գալիս…

***

Գիշերային կծկումներ

1.
Խորին գիշերվա մեջ
ցողի նման ընկած
արցունքի անխոս մի կաթիլ է եղել,
բյուրեղացած մի ճիչ…

Օ՜, Տե´ր,
որքա՜ն վացուղ
ես այսպես չեմ գրել…
2.
Օ՜, որքան սև են ծառերը,
ծառերը մթին են
սոսափում…
3.
Սիրում եմ մատներս` մազերիս մեջ…
սիրում եմ լուռ պարը ցավի…
4.
- Կարմիր գիշեր էր.
եղունգներովս մեջքս քերծեցի՜ի՜ի՜,
պառկեցի այդպես...
- Ի՜նչ սիրուն տող է...





Комментариев нет:

Отправить комментарий