Որոնել

среда, 13 июня 2018 г.

Սաթեն Վարդանյան. Անմարսելի և աններելի

Սաթեն Վարդանյան (1992 Երևան)

























Անմարսելի և աններելի 

4.

Ոտքերիս տակ կծկված օձամաշկ կանանց հեռացրու ինձնից,
և ձայն տուր մարխե աչքերս երազող ամենավերջինին,
ով թունաշաղախ շուրթերի արծաթով համբուրել է իր սեփական սիրտը`
դաջելով բորբոսները մաղձի դեղնագորշ լեզվին.
և պատմիր նրան, որ աշխարհի անկողպեք յոթ դռները սկիզբ են,
և ընտելացրու նրան արնահոս թռչուններին ինքնանվիրումի,
որովհետև նա, ով չի կարողանում սիրել` դև է մի քիչ …
Հացագույն ամպաբարձերից իջնող խնկածուխը սերդ է, Տեր,
և տաճար է լռությունը` ընկած մամռաբույր ժայռախորշերում,
որտեղ աղոթող յոթ որդիների մայրը մորեմերկ`
պահում է առեղծվածը կղզիների`սրունքներին քնած երակների մեջ,
հիշողության զարդասեղը մխրճած` մետաքսներում մազափնջերի,
և բամբուկներից բարձրացող խշխշոցներով կանչում է միշտ ՏՈՒՆ,
որովհետև ամեն ինչ ի վերջո ՎԵՐԱԴԱՐՁ է …

Հեռացրու, խնդրում եմ, սառցամաշկ կանանց ոտքերիս տակից,
և կանչիր ամենավերջինին, ով երազում է ճախրել մեկ օրով,
ես կշշնջամ, որ դու հագնում ես ծառազարդ յոթ սիրտ`
ճեմելով լուսնի եզրերին քարոտ, ուր փոթորկվում է երջանկությունը.
և խոստանում եմ օգնել, որ սիրի ներսումդ ապրող բյուր փյունիկներին,
և իր այդ մեկ օրն ապրի կյանքով կատարյալ կնոջ, ով յոթ որդի ունի,
որովհետև նա, ով կարողանում է ի ծնե սիրել` անմահ է մի քիչ … 



Комментариев нет:

Отправить комментарий