Որոնել

понедельник, 25 июня 2018 г.

Գառուս Աբդոլմալեքյան. Արդի իրանական պոեզիա

Գառուս Աբդոլմալեքյան



Ո՞ր կամուրջը
քաղաքի աղջիկները
գյուղի մասին են մտածում 
գյուղի աղջիկները
մեռնում են քաղաքի երազանքում
փոքր մարդիկ
մեծերի բարեկեցության մասին են մտածում
մեծ մարդիկ
մեռնում են փոքրերի անհոգության երազում
ո՞ր կամուրջը
աշխարհի ո՞ր մասում է կոտրվել
որ ոչ ոք իր տուն չի հասնում
***

Մեռել եմ

Մեռել եմ,
ու սրա մասին
գիտենք միայն ես և
դու,
ով մենակ իր համար է թեյ լցնում:

Չափից դուրս հոգնած եմ նստելու համար.
փողոց եմ ելնում,
ընկերներիս բարևում,
ասես ոչինչ չի պատահել:
Անգամ բանալին կողպեքի մեջ պտտեցնեմ,
նույնն է` սիրտս չի բացվի:

Գիտեմ.
մեռել եմ,
ու սրա մասին
գիտենք միայն ես և
դու,
ով այլևս բարձրաձայն չի կարդում թեթերը,
չի կարդում ու
այս լռությունը խենթացնում է ինձ այնքան,
որ ցանկանում եմ մրջյուն դառնալ`
սրինգի կոկորդում տնավորված,
որ քամին նոտաներ բերի տունս,
կամ գորշ մայթից պոկելով
ճերմակ շապիկիդ նստեցնի:
Ու գիտեմ`
նորից կնետես ինձ
հենց այս տողերի արանքը,
հենց այս օրերի մեջ...

Այս օրերին
երազներումս ինձ վախեցնող
մի պատկեր կա`
առաստաղից կախված պարան,
պարանից կախված մարդ`
թիկունքն ինձ արած,
ու սրա մասին գիտեմ միայն
ես,
ով վախենում է պտտել նրան...


***



Աղյուսները
սուտը այն պատն է
որ ամեն առավոտ շարում ես աղյուսով
իմ անզգույշ շինարար
դուռը մոռացել ես
***
Լռություն
իմ բղավոցը
ավելի բարձր չէ քան քո լռությունը
մենք
մեծ ճամփեքով ենք անցնում
որ հասնենք փոքր ճամփեքին
ու փոքր ճամփեքից
մինչև մի հողոտ մայթ
թող ինձ մի խրճիթ տանի
որի պատուհանից
ապշած նայեմ ընթացքին
իմ բղավոցը
ավելի բարձր չէ քան քո լռությունը
քո լռությունը
այն գիշերվա հուշը
որ երկրի բոլոր բանաստեղծներին
բանտարկեցին սենյակում
լուսաբացին
դուռը բացվեց
ու միայն մի փոքրիկ գտան
թղթերի կույտում
մահը
դռան շեմից ետ դարձավ, ասաց.
- ես նրան
անգամներ մահապատժի եմ ենթարկել
անգամներ կախաղան եմ բարձրացրել
նրա կրծքին մի կետ չեք գտնի
ուր դաշույնս դաջված չլինի
ես մահն եմ
նա կյանքը
ու իմ բղավոցը
ավելի բարձր չի լինելու քան իր լռությունը


Թարգմանությունը՝ Էդիկ Պօղոսեանի

Комментариев нет:

Отправить комментарий