Որոնել

среда, 27 июня 2018 г.

Սևակ Առաքելյան. Երբ մահը բաժանեց մեզ


Սևակ Առաքելյան (1987 Մոսկվա)

















Այս փողոցում,
ուր էլ չի վառվում պատուհանիդ լույսը`
ծիրանենին թախիծով նայում է
իր հարսնազգեստին
և հիշում խոստովանությունը երկնքի.
ներիր, որ ուշացա...

***

Ծառերը ծաղկել են իմ քաղաքում,
կանայք տխուր են ու սիրահարված,
տղամարդիկ հոգնած են ու գերզբաղված,
սիրուհիները գայթակղում են արևելքը,
իմ երկնքում վթարվել է 
քեզ տուն բերող ինքնաթիռը`
այնտեղ, ուր կանայք տխուր չեն,
բայց սիրահարված...

***
Հողմը լալիս է ձմռան գիշերում, 
հարևան գյուղակից 
արձագանքվում է
մրսող շների դառը կաղկանձը. 
մենակությունը մի կտոր չոր հաց է, 
որ երազում են սոված շները 
բուք ու ցրտի մեջ քնած փողոցի, 
որ կուլ չի գնում, երբ տաք է տանը ու...

Դատարկություն...

***

Ես հիմա մոտենում եմ բառերին այնպես,
ինչպես երեխան անում է իր առաջին
անհաստատ քայլերը
ու զարմանում է,
ու փնտրում անվերջ աչքերը իր մոր.
ոչ մի բառ երբեք չի կարող պատմել`
ինչպես կուչ եկավ մանուկը իմ մեջ,
երբ դու հեռացար...

***

Հիմա արթնանում եմ
ձյունածածկ գիշերներով,
ու մտածում եմ, թե որքան
դատարկ է հողագունդը...

Նույնիսկ քո մասին գրած
բանաստեղծություններս
ինձ չմնացին` անզգույշ կորցրեցի,
մինչ այնտեղ էի ապրում...

Շուտով Ամանոր է,
ես կերազեմ մի օր
քեզ տեսնել իմ սրտին
շատ մոտ` մուգ կարմիր զգեստով...

Դու մի նախատիր արևի պես
անհաս երազները իմ`
Հիմա,երբ դատարկ է
Հողագունդը  ու դեղին եմ ես...

***

















Եվ այսպես ամեն օրվա մեջ
Մեռնում է նախորդն ու դու չես գալիս...
Ես կերակրում եմ ցրտից կուչ եկած
Ճնճղուկներին հացի փշրանքով
Ու պատուհանիս մի հույս է ծաղկում,
Որ այնտեղ` հեռվում, քո աշխարհների
Օրերում բոլոր հիմա գարուն է
Եվ կանաչել են հեքիաթ աչքերդ...
Ես մի երգ գիտեմ հայի աչքերի մասին,
Եվ ինձ թվում է, որ այն գրել են
Քեզնով կախարդված ու ես` անմիտս,
Հանկարծ սկսում եմ խանդից մոխրանալ,
Մինչ իրիկնամուտն անձրև է բերում`
Նորից քո բույրով, կրկին կարոտած,
Թեև ամեն օրվա մեջ մեռնում է նախորդն
Ու դու այդպես էլ ինձ մոտ չես գալիս...

***

Դու այդպես էլ երբեք չիմացար,
Որ տիեզերքից-տիեզերք թափառող
Սիրտս` անտուն մի հավք էր ոսկե թևերով,
Ու որոնածս` գարուն-աչքերդ էին,
Որոնց մեջ կյանքը զարմանահրաշ,

Բարի ավարտով հեքիաթ էր կանաչ`
Ձնծաղիկների քնքուշ երգերով,
Մեղեդիներով տաք զեփյուռների ...

Ես երազում եմ մի օր քեզ տեսնել
Ու չեմ վախենում սրտի կանգերից,
Ես միլիոն կյանքեր եմ սպասել
Քո լույսին , և հազարապատիկ
Քեզ դեռ կսպասեմ` թե հարկ համարես,
Ասում են` սերը մի պատրանք է լոկ,
Ուրեմն գերի եմ ես այդ անուրջին,
Ուրեմն հավերժ հարբած եմ քեզնով ...

***
Անձրևը կմաղի ողջ գիշեր:
Թախիծների ցեցը կուչ կգա մաշկիս:
Փողոցներում կլռեն 
Երգերը հեղափոխության մասին:
Բոլորը կքնեն հոգնած ու երջանիկ:
Ես կաղոթեմ Աստծո ականջին իմ կարոտը,
Որ դու անմասն չմնաս հողից,
Որ ես երկինքը տեսնեմ քեզանով...

***






















Հրեշտակները վերադառնում են Երկիր,
որ քեզնով հիվանդացած գիշերներիս
աստղեր շաղ տան.
մի ամբողջ ձմեռ ես չեմ մոտեցել 
պաղ պատուհանին
ու դուրս չեմ եկել իմ տխուր տանից.
քեզ ուղարկում եմ 
կարոտներիս մեջ անզգույշ փշրված
լուսնի մի բեկոր` 
որպես շատ համեստ 
ու հանպատրաստից
նվեր քեզ համար...

***
Ես չհասցրեցի քեզ նվիրել
ոչ մի ծաղիկ,
դու ինձ շռայլեցիր
Վան Գոգի գաղտնիքը.
հիմա դու արևածաղիկ ես
իմ երկնքում...

***

Աստծո ձեռքն ուսիս էր,
երբ քեզ տանում էին Երկինք:
Ես ինձ պահեցի տղամարդու պես
ու չարտասվեցի.
նա, ում որդուն խաչել էին վաղուց,
այդ օրը կորցրել էր նաև աղջկան...

***

 Ես կարոտել եմ 
քեզանով լցված
իմ ներսի կապույտը,
երբ քոնն էի...

Մի լույս կա,
որ խավարել է
խրամատի հեռվում,
երբ արդեն իմը չես...

Լուսնից ջնջվել է
քո ոտնահետքը,
և ես հիմա գիտեմ,
որ չեմ տեսել երկինքը...

Սուրճի բաժակում
սառել է սերը`
այս տարածությունը
խմել չի լինի...

***
Բոլորը գոռում են:
Ես քայլում եմ փողոցով,
Ուր մարդիկ վանկարկում են ապրածը
Եվ գնում նույն ուղղությամբ`
Տարբեր երազանքներով,
Մինչ... Դու երկնքում ես:
Ասա Աստծուն, որ ես հոգնել եմ
Լռություն չապրելուց,
Ասա Նրան, որ քեզանից հետո
Ամեն բան աղմուկ է...

***























Քեզանից հետո գիշեր է իջել կոպերիս.
Վերադարձով լույսի մի օր արի...

***

Ինչպես մի աստղ
գիշերով ընկիր
ուղիղ ափիս մեջ
ու բախտս պատմիր
ցոլքերով փայլուն,

թող ես կախարդված
արբեմ քո շողքով,
թող ես մինչև լույս
երջանիկ լինեմ
ուրիշ աշխարհում...

Թող քեզ ողջ գիշեր
երկինքը փնտրի
ամպերի ծոցում,
ես քեզ կպահեմ
թաքուն բոլորից,
չեմ մատնի երբեք,
ու երբ վերջանա
բախտավոր աստղի
պատմությունը մով`
ինձ բաժին հանիր
քո տաք ցոլքերից...

 ***

Ամեն անգամ, 
երբ ինքնաթիռ է երկնքով անցնում՝
պատկերացնում եմ
ալիքված վարսերիդ ջրվեժները
ամպերի ճերմակներին
ու սիրտս
անձրևում է.
ես երբեք չեմ կարող հաշտվել, 
որ հիմա
քո տունը
տանիք չունի,
ես նզովում եմ մահը,
որ մի օր գտավ քեզ
թուլության մեջ ապրելու...

***

Ինձ քեզանից մնաց
դատարկված Մոսկվան,
արցունքներն առավոտի,
որ լցվում են սիրտս
աղաջրի հոսքով,
փողոցներում թևածող մենությունը՝
վշտից կորցրած գլուխն իր,
հայացքս՝ չկտրվող հողից, 
հայացքդ՝ անծայրածիր երկինք,
ցավս՝ սերտաճած բջիջներիս
և... Լուսանկարն այս՝
հին հեքիաթով երջանկության... 





Комментариев нет:

Отправить комментарий