Որոնել

вторник, 12 июня 2018 г.

Ֆորուղ Ֆարոխզադ. բանաստեղծություններ

Ֆորուղ Ֆարոխզադ (1935-1967 Դարրուս, Թեհրան)























Լուսամուտ 

Մի լուսամուտ տեսնելու համար,
Մի լուսամուտ լսելու համար,
Մի լուսամուտ օղակի պես ջրհորի,
Որի տուտը հողին սրտին է հասնում,
Եվ բացվում է դեպի այս կրկնվող քնքշության
Կապտավուն տարածությունը:
Մի լուսամուտ, որ մենության փոքրիկ ձեռքերը
ափեափ լցնում է
Ողորմած աստղերի,
Գիշերային բուրմունքի նվիրումներով,
Եվ այնտեղից կարելի է
Արևին հյուրընկալել խորդենու օտարությանը:
Մի լուսամուտ բավական է ինձ:

Ես գալիս եմ տիկնիկների աշխարհից,
Նկարազարդ մի գրքի այգու
Թղթյա ծառերի ստվերների տակից:
Չոր եղանակների ամուլ փորձություններից:
Ընկերության և սիրո հողոտ փողոցների անմեղությունից:
Այբուբենի խամրած տառերի աճման տարիներից:
Թոքախտավոր դպրոցի սեղանների ետևից,
Այն պահից, երբ երեխաները կարողացան
Գրատախտակին «քար» բառը գրել,
Եվ սարյակները հնամյա ծառից թռան վախվորած:
Ես գալիս եմ մսակեր բույսերի արմատների միջից,
Եվ իմ հիշողությունը դեռ զեղուն է
Այն թիթեռնիկի սարսափահար ձայնից,
Որին խաչել էին մի տետրակի մեջ:

Երբ իմ վստահությունը կախված էր

Արդարության թույլ հավատքից,
Եվ ամբողջ քաղաքում պատառոտում էին
Իմ սրտի ճրագները,
Երբ իմ մանկական սիրո աչքերը
Կապում էին օրենքի գորշ թաշկինակով,
Եվ տագնապահար երազներիս քունքերից
Դուրս էին ժայթքում արյան շատրվաններ,
Երբ իմ կյանքը 
Պատի ժամացույցի տըկ-տըկոցից բացի
Ուրիշ ոչինչ չէր,
Ոչինչ,
Հասկացա, որ պետք է... Պետք է
Խենթորեն սիրենք,
Որ պետք է... Պետք է
Խենթորեն սիրենք:

Մի լուսամուտ բավական է ինձ...

Մի լուսամուտ. գիտակցության պահի, հայացքի և լռության:
Այժմ ընկույզի տունկը
Այնքան է բարձրացել, որ կարող է
Պատի գոյությունը մեկնաբանել
Իր ջահել տերևների համար:
Հայելուց հարցրու
Անունը փրկչի:
Արդյոք երկիրը, որը ցնցվում է քո ոտքերի տակ,
Ավելի միայնակ չէ, քան՝ դու:
Մարգարեները ավերածության առաքելությունը
Իրենց հետ մեր դարը բերեցին:
Արդյոք այս կրկնվող պայթյունները
Եվ թունավոր ամպերը,
Այն սուրբ պատգամների արձագանքը չե՞ն:
Ո՜վ ընկեր,
Ո՜վ եղբայր,
Ո՜վ արյունակից:
Երբ լուսին հասնես,
Ծաղկանց սպանդի տարեթիվը գրանցիր:

Երազները շարունակ

Իրենց միամտության բարձունքից
Նետվում են ներքև ու մահանում են:
Ես հոտոտում եմ
Հնացած իմացությունների գերեզմանին աճած
Քառատերև առվույտը:
Արդյոք այն կինը, որը թաղվեց պարկեշտության
Ու սպասումի պատանքի մեջ,
Իմ ջահելությունը չէր:
Արդյոք ես նորից կբարձրանամ
Իմ հետաքրքրությունների սանդուղքից`
Տանիքին քայլող լավ Աստծուն ողջունելու համար:

Զգում եմ, որ ժամանակն անցել է,

Զգում եմ, որ «Պահի» իմ բաժինը
Պատմության էջերից պիտի ստանամ:
Զգում եմ, որ սեղանը կեղծ տարածություն է` իմ վարսերի
Եվ այս տխուր օտարականի ձեռքերի միջև:
Մի խոսք ասա ինձ,
Արդյոք նա, որ կենդանի մարմնի
Քնքշությունը նվիրում է քեզ,
Կենդանի լինելու զգացման ըմբռնումից,
Ուրիշ ի՞նչ կարող է պահանջել քեզնից:
Մի խոսք ասա ինձ...
Ես լուսամուտի հովանու տակ եմ:
Ես հաղորդակցվել եմ արևի հետ:

***




















Մի այլ ծնունդ


Իմ ողջ էությունը խավարի պատգամն է,
Որ քեզ իր մեջ կրկնելով անվերջ՝
Հավերժ ծլարձակումների ու ծաղկումների
Արշալույսին կառաջնորդի:
Ես այս պատգամում
Քեզ կանչելով` հառաչել եմ, հառաչել:
Ես այս պատգամում
Քեզ պատվաստել եմ ծառին, ջրին ու կրակին:

Կյանքը գուցե
Մի փողոց է երկար, որով ամեն օր
Մի կին է անցնում զամբյուղով:
Կյանքը գուցե
Մի պարան է, որից մի մարդ իրեն կախում է ճյուղից:

Կյանքը գուցե
Այն մանուկն է` դպրոցից վերադարձող:
Կյանքը գուցե
Ծխախոտի վառելն է
Երկու գրգանքների միջև ընկած
Խոնջանքի պահին:
Կամ մտամոլոր անցորդի անցումը,
Երբ գլխարկը հանում է գլխից և անիմաստ մի ժպիտով
Մեկ այլ անցորդի ասում՝ բարի լույս:
Կյանքը գուցե այն պահն է պարփակ,
Երբ իմ հայացքը ավերում է իրեն
Քո աչքերի մեջ
Եվ սրանում կա մի զգացում,
Որ ես կձուլեմ լուսնի ըմբռնման
Ու խավարի ընկալման հետ:

Այն սենյակում,
Որ մի մենության տարողությունն ունի,
Իմ սիրտը,
Որ մի սիրո տարողությամբ է,
Նայում է իր երջանկության պարզ պատճառներին,
Ծաղկամանի գեղեցիկ ծաղիկների անկմանը,
Այն տունկին, որ դու ես ցանել մեր տան պարտեզում,
Եվ ունկնդրում
Դեղձանիկների ձայնին,
Որոնք երգում են մի լուսամուտի տարողությամբ:

Ախ...
Այս է իմ բաժինը,
Այս է իմ բաժինը,
Իմ բաժինը
Մի երկինք է, որ խլում է ինձնից
Կախվող վարագույրն անգամ,
Իմ բաժինը լքված մի սանդուղքից վայր իջնելն է
Եվ միացումս` փտած ու օտար ինչ-որ բանի հետ:
Իմ բաժինը
Հուշերի այգում տրտմորեն դեգերելն է,
Եվ նվաղումս մի ձայնի տրտմության մեջ,
Որ ասում է ինձ. 
«Սիրում եմ ձեռքերդ»:
Ձեռքերս կցանեմ պարտեզում,
Կկանաչեմ, գիտեմ, գիտեմ,
Եվ ծիծեռնակները մատներիս թանաքոտ փոսիկներում
Կձվադրեն,
Երկու երկվորյակ  կեռասներից
Ականջօղ կկախեմ զույգ ականջներիս,
Ու եղունգներիս քրիզանթեմի թերթեր կամրացնեմ:
Մի փողոց կա, որտեղ
Ինձ սիրահարված տղաները,
Դեռ նույն խռիվ մազերով,
Բարակ վզերով ու նիհար ոտքերով,
Մտածում են այն աղջկա անմեղ ժպիտների մասին,
Որին մի գիշեր քամին տարավ իր հետ:

Մի փողոց կա, որին
Սիրտս գողացել է մանկությանս թաղամասից:

Մի ծավալի ճամփորդությունը ժամանակի գծում,
Եվ ինչ-որ ծավալով բեղմնավորել
Ժամանակի չոր գիծը.
Մի ծավալ` տեղյակ մի պատկերի,
Որ վերադառնում է հայելու հյուրընկալությունից:

Եվ այսպես է,
Մեկը մեռնում է,
Մյուսը՝ ապրում:

Ոչ մի որսորդ փոսի մեջ թափվող չնչին առվակից
Մարգարիտ որսալ չի կարող, երբեք:
Ես ճանաչում եմ
Օվկիանում ապրող
Փոքրիկ, տխուր մի ջրահարսի,
Որի սիրտը փայտե սրինգում,
Նվագում է հանդարտ ու կամաց.
Փոքրիկ, տխուր մի ջրահարս,
Որ գիշերը մի համբույրից մեռնում
Եվ աղջամուղջին մի այլ համբույրից ծնվում է նորից:

***

Ես մեռնում էի

Ես մեռնում էի քո սիրուց,
Թեև դու իմ կյանքն էիր...

Դու ինձ հետ գալիս էիր,
Դու իմ մեջ երգում էիր,
Երբ աննպատակ
Թափառում էիր փողոցներով,
Դու ինձ հետ գալիս էիր,
Դու իմ մեջ երգում էիր:
Դու թեղիների միջից
Սիրահարված ճնճղուկներին
Հրավիրում էիր
Լուսամուտի այգաբացին,
Երբ գիշերը կրկնվում էր,
Երբ գիշերը չէր ավարտվում,
Դու թեղիների միջից
Սիրահարված ճնճղուկներին
Հրավիրում էիր
Լուսամուտի այգաբացին:

Դու քո ճրագներով
Գալիս էիր մեր փողոցը:
Դու քո ճրագներով գալիս էիր,
Երբ երեխաները գնում էին,
Եվ ակացիայի ողկույզները ննջում էին,
Եվ հայելու մեջ
Ես մնում էի միայնակ,
Դու քո ճրագներով գալիս էիր:

Դու նվիրում էիր քո ձեռքերը,
Դու նվիրում էիր քո աչքերը,
Դու նվիրում էիր գգվանքներդ,
Երբ քաղցած էի,
Դու նվիրում էիր կյանքդ:
Դու նման էիր
Լույսի բարությանը:

Դու քաղում էիր կակաչները,
Եվ նրանցով
Ծածկում էիր իմ վարսերը,
Երբ մերկությունից դողում էին իմ վարսերը,
Դու քաղում էիր կակաչները:

Դու այտերդ հպում էիր
Ստինքներիս տագնապներին,
Երբ այլեւս
Ոչինչ չունեի ասելու,
Դու այտերդ հպում էիր
Ստինքներիս տագնապներին:
Դու ունկնդրում էիր
Իմ արյանը, որը գնում էր հառաչելով,

Եվ իմ սիրուն, որը մեռնում էր հեկեկալով:
Դու լսում էիր,
Սակայն, ավաղ,
Չէիր տեսնում ինձ:

























Թարգմանությունը՝ Էդուարդ Հախվերդյանի

Комментариев нет:

Отправить комментарий